Երկաթի հանքաքար, երկաթ պարունակող բնական միներալային հումք, որից մետաղի ստացումը տնտեսապես շահավետ Է։ Երկաթի հանքաքարի հիմնական միներալներն են՝ մագնետիտը (FeFe2Օ4, 72,4% Fe), տիտանամագնետիտը (մինչև 7,5% TiՕ2 պարունակող մագնետիտ), հեմատիտը (Fe2Օ3, 70,0% Fe), հիդրոհեմատիտը (Fe2Օ3 nH20, մոտ 50% Fe), գյոթիտը (Fe2Օ3·H2Օ (մոտ 63% Fe), սիդերիտը (FeCՕ3, 48,2% Fe) և երկաթ պարունակող քլորիտները (27-38% Fe)։ Ըստ գերակշռող հանքային միներալի, առանձնացվում են երկաթի հանքաքարի հետևյալ արդյունաբերական տիպերը՝
- Գորշ երկաթաքարեր կամ երկաթի հիդրօքսիդային հանքանյութեր
- Կարմիր երկաթաքարեր կամ հեմատիտայիև հանքանյութեր
- Մագնիսային երկաթաքարեր կամ մագնետիտ-տիտանամագնետիտային հանքանյութեր
- Սիդերիտային կամ կարբոնատային հանքանյութեր
- Սիլիկատային հանքանյութեր
- Երկաթաբեր քվարցիտներ
Հայտնի են նաև երկաթի համալիր հանքանյութեր, որոնք պարունակում են նիկելի, քրոմի, վանադիումի, կոբալտի, մանգանի, պղնձի և այլ մետաղների զգալի խառնուրդներ։ Երկաթի հանքաքարերը սովորաբար պարունակում են նաև վնասակար խառնուրդներ՝ ծծումբ, ֆոսֆոր, արսեն։
Ըստ առաջացման պայմանների երկաթի հանքաքարի հանքավայրերը լինում են՝
- Մագմատիկ, օրինակ, Կուսայի, Կաչկանարի, Այրոն-Մաունթինի (ԱՄՆ), Բուշվելդի (Հարավային Աֆրիկա)
- Կոնտակտ-մետասոմատիկական, հիմնականում սկառնային՝ Կուստանայի, Լեռնային Շորիայի, Դաշքեսանի , Այրոն-Սպրինգսի (ԱՄՆ)
- Հիդրոթերմալ՝ Չատախիի, Աբայիլի
- Նստվածքային՝ Կերչի, Այատի, Տուլայի, Լիպեցկի (ՌԴ), Լոթարինգիայի (Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ)
- Հողմնահարման կեղևի՝ Մալկայի, Ալապանսկի
- Մետամորֆային՝ Կուրսկի մագնիսային անոմալիայի, Կրիվոյ ռոգի (ՌԴ), Վերին լճի (ԱՄՆ), Հնդկաստանի, Բրազիլիայի և ուրիշ վայրերի երկաթաբեր քվարցիտների խոշորագույն հանքավայրերը։
Հայաստանում երկաթի հանքաքարի զգալի կուտակումներ կան Սվարանցի (մագմատիկ), Կողբի, Հրազդանի (սկառնային), Բովերի-Ղաշի, Աբովյանի (հիդրոթերմալ) և Հաղարծինի (նստվածքային) հանքավայրերում։ Ըստ առաջացման և երկաթի գերակշռության՝ Հայաստանի տարածքում առանձնացվում են մագմայական տիտանամագնետիտային (Սվարանցի), սկառնային մագնետիտային (Հրազդանի, Բազումի, Աղավնաձորի), փոխակերպային, ջրաջերմային հեմատիտային (Կողբի, Այրիջրի), ջրաջերմային-միներալատեղակալված մագնետիտ-ապատիտային (Կապուտանի), փոխակերպային մագնետիտ-քվարցիտային (Մեղրածորի), նստվածքային մագնետիտ-ավազաքարային (Հաղարծնի և Լալվարի) արդյունաբերական և ծագումնաբանական տիպերը։ Արդյունաբերական նշանակություն ունեն մագմայական, ջրաջերմային միներալատեղակալված և սկառնային տիպի հանքավայրերը։
Երկաթի հանքաքարի համաշխարհային պաշարների 90%-ը կենտրոնացած է մետամորֆային,մագմատիկ և նստվածքային հանքավայրերում։
Գրականություն
- Մաղաքյան Ի․ Գ-, Մետաղային հանքավայրեր, Երևան, 1958
- Геология Армянской ССР, т․ 6․ Металлические полезные ископаемые, Eреван, 1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 596)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.