Բաժնետիրական ընկերություն
From Wikipedia, the free encyclopedia
Բաժնետիրական ընկերություն (ԲԸ), առևտրային կազմակերպություն հանդիսացող տնտեսական ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի։ Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում։ Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ ՍՊԸ-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու միտքը, իսկ երկրորդում՝ կապիտալները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել բաց (ԲԲԸ) կամ փակ (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում։