Արևելյան ուղղափառ եկեղեցիներ
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան ուղղափառ եկեղեցիներ (նաև՝ Արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցիներ), քրիստոնյա Արևելքում կազմավորված հնագույն կրոնական հաստատություններ, որոնք, մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցում առանձին դավանական ընտանիք։ Արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցիներն իրենց դավանանքով հետևորդներն են Ալեքսանդրիայի քրիստոսաբանության և աստվածաբանության, որոնք հաղթանակել և ուղղափառ են ճանաչվել առաջին երեք տիեզերական ժողովներում (Նիկեա, 325, Կոստանդնուպոլիս, 381 և Եփեսոս, 431)։ Նրանք հավատարիմ են միաֆիզիտիզմին (չշփոթել մոնոֆիզիտիզմի կամ միաբնակության հետ)՝ հավատալով, որ Քրիստոսի մարդկային և աստվածային էությունը միավորված է։ Պատմականորեն, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների վաղ առաջնորդները կարծում էին, որ քաղկեդոնական սահմանումը ենթադրում է Երրորդության հնարավոր մերժում կամ նեստորականության զիջում։ Այսպիսով, մերժվում են միաբնակությունը, նեստորական և քաղկեդոնական երկաբնակությունը։ Արևելյան ուղղափառ եկեղեցիները հավատարիմ են Նիկեական քրիստոնեական ավանդույթին։ Որպես ինքնավար եկեղեցիներ, նրանց եպիսկոպոսները հավասար են եպիսկոպոսական ձեռնադրության ուժով։ Եկեղեցիները բանաձևել են քրիստոնեական կրոնի և հավատի հիմնական սկզբունքները, այն է՝ Որդու Աստվածությունը, Սուրբ Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները։ Հետագայի նորամուծությունները նրանք համարում են ալեքսանդրյան աստվածաբանական ավանդությանը հակասող։
Արևելյան ուղղափառ եկեղեցիներ | |
---|---|
Տեսակ | արևելյան ուղղափառություն |
Անդամներ | արևելյան ուղղափառ քրիստոնյաներ |
Կազմված է | Ղպտի ուղղափառ եկեղեցի, Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցի, Հակոբիկյան եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցի և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցի |
Հատկանիշներ | լիարժեք հաղորդություն |
Արևելյան հնագույն եկեղեցիներն են՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ասորական ուղղափառ եկեղեցին, Ղպտի ուղղափառ եկեղեցին, Եթովպական ուղղափառ եկեղեցին, Էրիթրեական ուղղափառ եկեղեցին և Մալանկարա ուղղափառ ասորական եկեղեցին ։ Բոլորը, բացի վերջինից, կազմում են Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Մշտական Համաժողովը։ Եկեղեցիներում կիրառվում են երեք ծեսեր՝ հայկական, ասորական ալեքսանդրիական։ Ունեն մոտ 50 միլիոն հետևորդ ամբողջ աշխարհում։ Պատմական հայրենիքից դուրս եկեղեցիները տարածվել է ձևավորվել է սփյուռքի, կրոնափոխության և միսիոներական գործունեության միջոցով։