Արյան շրջանառություն
From Wikipedia, the free encyclopedia
Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։
Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ-անատոմ Վ․ Հարվեյը (1628)։ Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր ողնաշարավորները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ Խռիկային շնչառություն ունեցողների (բոլորաբերաններ, ձկների մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը երկխոռոչանի է (նախասիրտ և փորոք), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, մարդ) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ (երկկենցաղներ, որոշ սողուններ) կամ քառախորշ (թռչուններ, կաթնասուններ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի հյուսվածքներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։
Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։
Սիրտն արյան շրջանառության կենտրոնական օրգան է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ։ Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը։