Աշխատանքի իրավունք
From Wikipedia, the free encyclopedia
Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների[1], գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, ամրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։
Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն[2]։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.
- Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
- Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
- Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք[3]։
Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով[4]։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները[5]։