Անցումային տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Անցումային տնտեսություն, մի տնտեսական համակարգից անցում մյուսին, անցումային շրջանը, կախված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, կարող է ինչպես կարճատև (տասնամյակներ), այնպես էլ երկարատև (հարյուրավոր տարիներ) լինել։ Հետխորհրդային երկրներում տեղի է ունենում անցում վարչահրամայական տնտեսական համակարգից շուկայականի, անցումային տնտեսություն է եղել նաև ավանդական տնտեսական համակարգից շուկայականին անցման ժամանակ։ Անցումային տնտեսությանը բնորոշ են սեփականության ձևի և տնտեսական գործունեության համակարգման հատկանիշներ։ Անցումային տնտեսությանը հատուկ են բազմակացութաձևություն, սոցիալ-տնտեսական հարաբերությունների սրացում, տնտեսության անկում, գործազրկության աճ, փողի արժեզրկում և այլն։ Հին համակարգի լիարժեք կերպափոխությունը հիմնականում կախված է անցում կատարող երկրի սոցիալ-տնտեսական զարգացածության մակարդակից, ներքին ուժերի դիմադրության աստիճանից, ավանդույթներից, սովորույթներից, ինչպես նաև արտաքին գործոնների ազդեցությունից։ Անցումային շրջանն ավարտված կարելի է համարել, երբ նոր տնտեսական համակարգն ապացուցում է իր տնտեսական և սոցիալական կենսունակությունը, իսկ երկրի բնակչությունը համոզվում է դրանում։