Բանան
From Wikipedia, the free encyclopedia
Բանան (Musa), ադամաթուզ, մշակաբույսերի ցեղին պատկանող ուտելի պտուղների տեսակ։ Սովորաբար այդ անվան տակ հասկանում են Musa acuminata-ն և Musa × paradisiaca-ն, ինչպես նաև Musa fehi-ն, Musa troglodytarum-ը և այլն։ Ինչպես նաև բանան են անվանում Ensete ventricosum-ի պտուղները (ճիշտն ասած՝ բանանների ընտանիքի այլ ցեղատեսակի պատկանող)[3][4]։ Բուսաբանության տեսանկյունից բանանը հանդիսանում է բազմասերմ և հաստակեղև պտուղ[5]։ Մշակովի ձևերում հաճախ բացակայում են սերմերը, որոնք պետք չեն վեգետատիվ բազմացման ժամանակ։ Ունենում են մինչև 15 սմ երկարություն՝ 3-4 սմ տրամագծով։ Պտղաբույլերը կարող են կազմված լինել 300 պտղից և ունենալ մինչև 50-60 կգ կշիռ[6]։
Տեսակ | միրգ |
---|---|
Ենթատեսակ | Հատապտղային բույսեր[1], tropical and subtropical fruit?[2], միրգ[1] և tropical fruit? |
Bananas Վիքիպահեստում |
Բանանը ամենահին մշակաբույսերից է, իսկ արևադարձային երկրների համար ամենակարևոր սննդային բույսը և արտահանման գլխավոր բաղադրիչն է։ Հասած բանանները ողջ աշխարհում լայնորեն կիրառվում են սննդի մեջ, դրանք օգտագործում են մեծաքանակ ճաշատեսակներ պատրաստելիս։ Բացի թարմ վիճակում կիրառումը՝ որոշ ժողովուրդների խոհանոցներում բանանը տապակվում կամ եփվում է թե՛ կեղևահանված վիճակում, թե՛ կեղևով[3][6]։ Բանանը նաև չորացնում են, պահածոյացնում, օգտագործում բանանի ալյուր, մարմելադ, օշարակ, գինի պատրաստելիս։ Բանանը կիրառվում է նաև որպես խոշոր եղջերավորների կեր։ Բանանի բույրը պայմանավորում են կատվախոտ-ամիլային և քացախ-ամիլային եթերները[6]։ Աճեցվում են տաք և խոնավ կլիմա ունեցող արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Գոյություն ունեն ուտելի բանանի բազմաթիվ տեսակներ[3]։
Չափսը, գույնը և ձևը կարող են զգալիորեն տարբերվել՝ կախված տեսակից կամ ցեղից, բայց ամենից հաճախ դրանք ունենում են երկարավուն գլանաձև կամ եռանիստ ձև՝ ձգված կամ կլորացած։ Պտղի երկարությունը տատանվում է 3-40 սմ-ի սահմաններում, հաստությունը՝ 2-8 սմ։ Կեղևի գույնը կարող է լինել դեղին, կանաչ, կարմիր կամ էլ նույնիսկ արծաթագույն։ Միջուկը՝ սպիտակ, կաթնագույն, դեղին կամ նարնջագույն։ Ոչ հասուն վիճակում այն կոշտ է ու կպչուն, բայց ըստ հասունացման աստիճանի՝ դառնում է փափուկ և հյութալի[7]։
Բազմաթիվ երկրներում բանանը հանդիսանում է սննդի հիմնական աղբյուրներից մեկը, օրինակ՝ միայն Էկվադորում 1 շնչի կողմից այս մթերքի տարեկան օգտագործումը կազմում է 73,8 կգ (համեմատության համար՝ Ռուսաստանում այս ցուցանիշը կազմում է 7,29 կգ)։ Բանանի սպառման զգալի մասը կազմում են Բուրունդիում (189,4 կգ), Սամոայում (85,0 կգ), Կոմորյան կղզիներում (77,8 կգ) և Ֆիլիպիններում (40,6 կգ)[8]։