իսրայելցի բանաստեղծ և արձակագիր From Wikipedia, the free encyclopedia
Աբբա Կովներ (ծննդյան անունը՝ Աբել Կովներ, իդիշից ընդունված տառադարձմամբ՝ Աբա Կովներ, մարտի 14, 1918[1], Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ[2][3][4] - սեպտեմբերի 25, 1987[1][5], Ein HaHoresh, Hefer Valley Regional Council, Կենտրոնական մարզ, Իսրայել[6][7]), իսրայելցի բանաստեղծ և արձակագիր, Վիլնյուսի գետտոյի ընդհատակային, պարտիզան, Իսրայելի պետական մրցանակի դափնեկիր 1970 թվականին։ Ստեղծագործել է եբրայերենով և իդիշով։
Աբբա Կովներ | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1918[1] |
Ծննդավայր | Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ[2][3][4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1987[1][5] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Ein HaHoresh, Hefer Valley Regional Council, Կենտրոնական մարզ, Իսրայել[6][7] |
Գերեզման | Ein HaHoresh |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և զինվոր |
Լեզու | իդիշ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Անդամակցություն | Միացյալ պարտիզանական կազմակերպություն |
Պարգևներ | |
Ամուսին | Վիտկա Կեմպներ |
Abba Kovner Վիքիպահեստում |
Աբբա Կովների ազգականն է իսրայելցի քաղաքական գործիչ, կոմունիստ Մեիր Վիլները։
Աբբա Կովները ծնվել է 1918 թվականի մարտի 14-ին Լեհաստանի Օշմյանի քաղաքում[8], կաշվի առևտրով զբաղվող Իսրայել Կովների (1876, Օշմյանի – 1934, Վիլնա) և Ռուխել (Ռոզա) Տաուբմանի (1885, Սոկոլուվ Պոդլյասկի – ?)[Ն. 1]: Ունեցել է երկու եղբայր՝ Գդալյան (1911, Վիլնա)[Ն. 2] և Միխլը (1923, Օշմյանի)։ 1927 թվականի սեպտեմբերի 9-ին Աբբա Կովներն իր կրտսեր եղբոր ու մոր հետ Օշմյանիից տեղափոխվել է Վիլնա (ուր դրանից առաջ հաստատվել էին հայրն ու ավագ եղբայրը)։ Մինչ 1935 թվականը սովորել է «Տարբուտ» մասնավոր գիմնազիայում, որտեղ դասավանդումը եբրայերենով էր (ավարտել է վեցերորդ դասարանը)։ Այնտեղ էլ ընդունվել է նախ սիոնիստական Խա շոմեր խա ցաիր կազմակերպություն։ Ընտանիքն ապրել է փող. Popławska 7, բն. 1 հասցեում, իսկ հայրն ունեցել է խանութ Juljusza Klaczki 13 փողոցում։
1939 թվականի հոկտեմբերին Աբբա Կովները՝ որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Ստեֆան Բատորիի համալսարանի արվեստի ֆակուլտետի առաջին կուրս, իսկ նույն թվականի դեկտեմբերի 15-ից զուգահեռաբար սկսել է հաճախել «Տարբուտ» եբրայերեն ուսուցչական դասընթացների, որ ավարտել է 1940 թվականի ապրիլի 18-ին։
1942 թվականի հունվարին Վիլնյուսի գետտոյում ստեղծվել է «Պարտիզանական միացյալ կազմակերպությանը» (իդիշ՝ פֿאַראײניקטע פּאַרטיזאַנער אָרגאַניזאַציִע), որ գլխավորում էին Իցիկ Վիտենբերգը, Իոսիֆ Գլազմանը և Աբբա Կովները։ Կազմակերպության նպատակներ են հայտարարվել գետտոյի զանգվածային ինքնապաշտպանության կազմակերպումը, սաբոտաժը, պարտիզաններին ու Կարմիր բանակին միանալը[9]։
Այն բանից հետո, երբ 1943 թվականի հուլիսի 15-ին Իցիկ Վիտենբերգն ստիպված է եղել հանձնվել գերմանացիներին, քանի որ նրանց սպառնացել էին չհանձնվելու դեպքում ոչնչացնել ողջ գետտոն, Աբբա Կովները դարձել է ընդհատակի ղեկավար[10]։
1943 թվականի սեպտեմբերին՝ գետտոյի լիկվիդացիայի ժամանակ, Աբբա Կովները մի քանի մարտիկների հետ հեռացել է անտառ, որտեղ իր ղեկավարությամբ ստեղծել է հրեական պարտիզանական ջոկատ, որի կազմում ընդգրկվել են մարտիկներ Վիլնյուսի գետտոյից ու «Նեկամ» («Վրեժ») խմբից։ Ջոկատում Կովները ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Վիտկա Կեմպների հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Աբբա Կովները կազմակերպել է վրիժառուների «Նոկմիմ» («Վրիժառուներ») խումբը, որ նպատակ ուներ ոչնչացնել նացիստներին Եվրոպայում՝ վրեժ լուծելով Հոլոքոստի համար[11][12][13]։ Կովներն աշխատել է «Բրիխա» կազմակերպությունում, որն զբաղվել է հրեաների ուղարկմամբ Պաղեստին։
Աբբա Կովները նախապատրաստել է «պլան Ա»-ն Համբուրգում, Մյունխունում, Ֆրանկֆուրտում ու Նյուրնբերգում ջրմուղները թունավորելու վերաբերյալ. նա նպատակ ուներ սպանել 6 միլիոն գերմանացի[14]։ Կովները մեկնել է Պաղեստին՝ թույն գտնելու։ Բրիտանական նավով Եվրոպա վերադառնալիս նա իր օգնականի հետ ձերբակալվել է բրիտանական իշխանությունների կողմից՝ դրանից առաջ հասցնելով թույնը ջուրը նետել։ Մի քանի ամիս Կովները բանտարկված է մնացել Կահիրեում, և պլան Ա-ն չեղարկվել է[12][13]։ Կալանքից ազատվելուց հետո Կովները վերադարձել է Պաղեստին և ընդունվել Էյն խա Խորեշ կիբուց։
«Պլան Ա»-ի ձախողումից հետո Կովները փորձել է իրականացնել «պլան Բ»-ն (դաշնակիցների ճամբարներում եղող էսէսականների լիկվիդացիա)։ 1946 թվականի ապրիլին Նակամի անդամները կարողացել են թափանցել այն հացի փուռը, որը հաց էր մատակարարում Նյուրնբերգից ոչ հեռու գտնվող «Stalag 13» ճամբարի 12 հազար գերմանացի ռազմագերիների համար։ Նրանք հացերի մեծ մասին մկնդեղ են քսել, սակայն ստիպված են եղել հեռանալ գործը չավարտած։ Ավելի քան 2200 գերմանացի կալանավորներ հիվանդացել են, իսկ 207-ը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել[13][15]։
Իսրայելի անկախության պատերազմի ժամանակ Աբբա Կովները կռվել է Գիվատի բրիգադի կազմում, խմբագրել է բրիգադի ռազմական թերթը։ Իր գրած այդ թերթերում նա եգիպտացիներին անվանել է «օձեր» և «շներ»[16]։
1961 թվականին Աբբա Կովները՝ որպես վկա, հանդես է եկել դատարանում նացիստական հանցագործ Ադոլֆ Այքմանի դատի ընթացքում։ Նա ասել է, որ Այքմանի՝ հրեաների ոչնչացման գործում ունեցած դերի մասին ինքն առաջին անգամ իմացել է 1941 թվականին վերմախտի ֆելդֆեբել Անտոն Շմիդից, որ հետագայում մահապատժի է ենթարկվել հրեաներին օգնելու համար։
Ա. Կովների պոեզիան նվիրված է Հոլոքոստին ու հրեա ժողովրդի՝ Էրեց-Իսրայելի անկախության համար մղած պայքարին։ Նրա արձակ ստեղծագործությունների «Վկայությունների գիրք» ժողովածուն պատմում է պարտիզանների կյանքի մասին Լիտվայի տարածքում։ Աբբա Կովները եղել է Իսրայելի գրողների միության նախագահ, ինչպես նաև Մորդեխայ Անելևիչի հիշատակին նվիրված թանգարանի և Սփյուռքի թանգարանի հիմնադիրներից մեկը։
1983 թվականին Աբբա Կովները Սինայ Լայխտերի ու Աարոն Վինկովեցկու հետ ձեռնամուխ է եղել իդիշով հրեական ժողովրդական երգերի հավաքմանն ու բազմահատորյա ժողովածուի հրատարակմանը Երուսաղեմի հրեական համալսարանի հովանու ներքո (հրատարակվել է յոթ հատոր)։
Աբբա Կովները մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 25-ին Իսրայելում։
Ամերիկացի երաժիշտ Դանիել Կանը (անգլ.՝ Daniel Kahn) գրել է «NAKAM» երգը, որ նվիրված է Աբբա Կովների պլաններին՝ սպանել վեց միլիոն գերմանացի և Գերմանիայի մի քանի քաղաքներում ջրմուղները թունավորելու նրա փորձերին[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.