From Wikipedia, the free encyclopedia
Դրուիդ ( անգլ.՝ Druid)` կելտերի, ովքեր մեր թվարկության 1-ին դարում բնակեցնում էին Գալիան, Իռլանդիան և Բրիտանիան, առավել կրթված և բարձր դասի ներկայացուցիչ։ Թեև ավելի հայտնի են դրուիդ-կրոնական առաջնորդները, դրուիդների դասի ներկայացուցիչներ էին նաև բժիշկները, պոետները և այլ մասնագիտության տեր մարդիկ։ Դրուիդների մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նրանք իրենց մասին որևէ գրավոր տեղեկություն չեն թողել. միակ տեղեկությունները թողել են հույն և հռոմեացի գրողները, որոշ նկարագրություններ էլ թողել են իռլանդացի միջնադարյան գրողները։ Հնագիտական պեղումների արդյունքում հոգևոր ծիսակատարությունների բազմաթիվ նկարներ, նմուշներ են հայտնաբերվել, որոնք կապված են դրուիդների գործունեության հետ։ Հունա-հռոմեական մի շարք աղբյուրներ նշում են, որ դրուիդները կենդանիներ և անգամ մարդկանց էին զոհաբերում, հավատում էին վերամարմնավորմանը (անգլ.՝ reincarnation) և գալլական հասարակության մեջ բարձր դիրք էին գրավում։ Գրեթե ոչինչ հայտի չէ նրանց կրոնական ծեսերից, բացի կաղնու և մղամուրճի արարողությունը (անգլ.՝ ritual of oak and mistletoe), որը նկարագրել է Պլինիոս Ավագը (անգլ.՝ Pliny the Elder):
Առաջին գրավոր արձանագրությունը թվագրվում է մ.թ.ա. 200 թ., սակայն դրուիդների նկարագրությունն առաջին անգամ տվել է Հուլիոս Կեսարն իր «Գալլիական պատերազմ» (լատին․՝ Commentarii de Bello Gallico) աշխատության մեջ, որը թվագրվում է մ.թ.ա. 50 թ.։ Հետագայում մի շարք հեղինակներ, ինչպիսիք են Ցիցերոնը (լատին․՝ Cicero), Տակիտուսը (լատին․՝ Tacitus) և Պլինիոս Ավագը (անգլ.՝ Pliny the Elder), նույնպես նկարագրել են դրուիդներին։ Այն բանից հետո, երբ հռոմեացիները գրավեցին Գալլիան, հռոմեացի կայսրեր Տիբերիուսը (լատին․՝ Tiberius) և Կլաուդիուսը (լատին․՝ Claudius) կասեցրին դրուիդների գործունեությունը մ.թ. 1-ին դարում, և դրա մասին գրավոր տեղեկություններն ավարտվել են մինչև 2-րդ դարը։ 750-ական թթ. «դրուիդ» բառին հանդիպում ենք Բլաֆմաքի պոեմներում։ Հետագայում դրուիդների հանդիպում ենք նաև արդեն քրիստոնեություն ընդունած իռլանդացիների միջնադարում գրված հեքիաթներից մի քանիսում, որտեղ նրանք պատկերվել են որպես կախարդներ, ովքեր դիմադրում էին քրիստոնեության տարածմանը։ 18-19-րդ դարերում՝ Կելտական վերածննդի շրջանում, հատուկ խմբեր են ձևավորվում, որոնք հիմք են դնում Նոր-դրուիդիզմին։
Ժամանակակից անգլերեն druid բառը ծագում է լատիներեն druides (արտասանվում է [druˈides]) բառից, որն էլ իր հերթին կելտական ծագում ունի։
Ըստ պատմաբան Ռոնալդ Հաթթոնի` «...մենք իրականում ոչ մի ստույգ բան չենք կարող իմանալ անտիկ դրուիդների մասին, չնայած նրանք իսկապես գոյություն են ունեցել։ Ինչ-որ տեղ նրանք լեգենդար անձիք են եղել։ Այնուամենայնիվ, անտիկ և միջնադարյան գրողների տեղեկությունները, գումարած հնագիտական գտածոները կարող են օգնել մեզ պատկերացում կազմել նրանց, ինչպես նաև նրանց կրոնական ծեսերի մասին»։
Թե հունա-հռոմեական և թե իռլանդական աղբյուրները նշում են, որ դրուիդները մեծ դերակատարություն են ունեցել հեթանոս կելտերի հասարակության մեջ։ Ըստ Հուլիոս Կեսարի` դրուիդները երկու ամենաազդեցիկ դասակարգերից մեկն են կազմել և պատասխանատու են եղել կազմակերպել կրոնական արարողություններ և զոհաբերություններ։ Նա նաև նշում է, որ դրուիդները ազատված էին զինվորական ծառայությունից և հարկերից, ինչպես նաև կարող էին մեկուսացնել ցեղի անդամներից յուրաքանչյուրին հասարակությունից։
Հույն և հռոմեացի գրողները դրուիդների կրոնական ծեսերի մասին խոսելիս շեշտում են նրանց` մարդկային զոհաբերություններ կատարելը, մի արարողություն, որ նրանք խիստ բարբարոսական են համարում։ Կեսարը նշում էր, որ հիմնականում զոհաբերում էին հանցագործներին, բայց անմեղները նույնպես կարող էին «օգտագործվել», և որ նրանք ողջակիզվում էին փայտյա մեծ կաղապարների մեջ։ Դիոդորոս Սիկուլոսը պնդում է, որ կելտերի աստվածների համար ընդունելի են համարվում միայն այն զոհաբերությունները, որ անում են դրուիդները, քանի որ նրանք միջնորդ են աստվածների և մարդկանց միջև։ Նա դիտողություն է արել դրուիդների ծիսակարգում մարգարեությունների դերի մասին։
Ըստ հնագիտական պեղումների արդյունքների՝ պարզվել է, որ մարդկային զոհաբերություններ կատարել են Երկաթե դարի կելտերը։ Գալիայի տարածքում (այժմյան Ֆրանսիայի հյուսիս-արևելքում) հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ։ Հնագետ Ժան Լուի Բրունոն, որը զբաղվում է պեղումներով այդ տարածքում, համարում է, որ այդ տեղերում զոհաբերություններ են կատարվել ռազմի աստծուն, որպես ծիսակատարության մաս։ Մեկ այլ հնագետ՝ Մարտին Բրաունը, հակադրվում է այս կարծիքին և համոզմունք հայտնում, որ դրանք սրբատեղիներ են, որտեղ թաղված են ոչ թե զոհաբերված, այլ կռվում հերոսաբար ընկած ռազմիկներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.