From Wikipedia, the free encyclopedia
Օխլոկրատիա (հին հունարեն՝ ὄχλος – ամբոխ և κράτος – իշխանություն, լատ. ochlocratia), ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։ Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար։
Տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Պոլիբիոսի կողմից իր «Ընդհանուր պատմություն» աշխատության մեջ։ Որպես պետական կառուցվածքի այլասերված տեսակներ Պոլիբիոսը առանձնացնում է բռնապետությունը (որպես դեպի վատ կողմը փոխակերված միապետություն), օլիգարխիան (որպես դեպի վատ կողմը փոխակերված արիստոկրատիա) և օխլոկրատիան (որպես ժողովրդավարական միտումների աբսուրդի հասցված պետական կառուցվածքի ձև)։ Արիստոտելը Աթենքը Պերիկլեսի օրոք բնորոշում է որպես օխլոկրատիա, քանզի այդ ժամանակ իշխում էր ամբոխը և նշանավոր ծագում ունեցող մարդիկ պարբերաբար դուրս էին մղվում կառավարման գործերին մասնակցելուց, իսկ պաշտոնի նշանակելիս որոշիչ դերը պատկանում էր վիճակահանությանը։ Նման համակարգի անխուսափելի հետևանք էր դառնում դեսպոտիզմը դաշնակիցների դեմ և անկարգությունները կառավարման մեջ։ Միևնույն ժամանակ, այլ գրողներ Աթենքում տեսնում են մաքուր դեմոկրատիայի օրինակ (այդ բառի առավել ուշ իմաստով)։
Օխլոկրատիայի հատկանիշներ կարելի է գտնել նաև Հռոմեական կայսրությունում, որտեղ բանակը գահ էր բարձրացնում և գահընկեց էր անում ըստ հայեցողության, չնայած որ այդ ժամանակ պետական կառավարումը միապետական էր։ Շատերը որպես օխլոկրատիա մատնացույց են անում 1871-ի Փարիզի կոմունան, սակայն այնտեղ գերիշխող համաժողովրդական քվեարկության ճիշտ համակարգը այդ տեսակետը չհիմնավորված են դարձնում, չնայած որ առանձին փաստեր՝ ինչպիսիք են գեներալներ Կլոդ Լեկոնտի և Կլեման Տոմայի գնդկահարությունները, ամբոխի կամարտահայտության գործողություններ էին։ Մեծ հիմնավորվածությամբ օխլոկրատիա կարելի է անվանել Հեղափոխության որոշ պահերին Ֆրանսիայի պետական կառուցվածքը և 1848-ի հեղափոխությունից հետո առաջին մի քանի օրը, երբ ամբոխը ընտրում էր բոլոր կարևոր ընտրովի դեմքերին։ Ընդհանրապես, օխլոկրատիան բառի առավել ճշգրիտ իմաստով քիչ թե շատ ճիշտ կազմակերպված կարող է գոյություն ունենալ միայն շատ կարճ ժամանակահատվածում, ընդ որում առավել հաճախ միջանկյալ ձև է հանդիսանում փոթորկոտ ժամականերում հին կարգերի տապալման և նորի հաստատման միջև։
Ժամանակակից աշխարհում օխլոկրատիան գրեթե չի դիտարկվում որպես քաղաքական կամքի իրականացման ձև։ Սակայն այն էականորեն լրացնում է այն քաղաքական ռեժիմները, որոնք գտնվում են անցումնային կամ ճգնաժամային իրավիճակներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.