Remove ads
ռուս դերասան From Wikipedia, the free encyclopedia
Օլեգ Վալերիանովիչ Բասիլաշվիլի (ռուս.՝ Олег Валерианович Басилашвили, սեպտեմբերի 26, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դերասան, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984)[1][2][3], ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիր (1979)։ 1990-1993 թվականներին եղել է Ռուսաստանի ժողովրդական պատգամավոր։ 1959 թվականից՝ Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի դերասան։
Օլեգ Բասիլաշվիլի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, լեզվաբան և ռուսագետ |
Աշխատավայր | Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն |
Ամուսին(ներ) | Տատյանա Դորոնինա |
Պարգևներ և մրցանակներ | |
Օլեգ Բասիլաշվիլին ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 26-ին Մոսկվայում։ Բասիլաշվիլի վրացական ազգանունը վերականգնել է հայրը, իսկ մինչ այդ նրանց բոլոր նախնիները ռուսական ձևով կոչվել են Բասիլով։ Երկու ազգանուններն էլ թարգմանվում են նույն ձևով՝ «Բասիլի (Վասիլի) հետնորդ»։ Բասիլաշվիլիի նախնիները Վրաստան են տեղափոխվել Տաո-Կլարջեթի պատմական երկրամասից (ժամանակակից Թուրքիայի տարածքում)՝ Բասիանիից, մոտ 400 տարի առաջ։ Ապրել են Գորիի շրջանի Կորբի գյուղում[4]։
Հայրը՝ Վալերիան Նոշրևանովիչ Բասիլաշվիլին, եղել է Մոսկվայի կապի պոլիտեխնիկումի տնօրեն, մահացել է 1975 թվականին 75 տարեկան հասակում։ Մայրը՝ Իրինա Սերգեևնա Իլինսկայան (1908-1980), եղել է բանասեր, մանկավարժ, ուսուցիչների համար ռուսերենի դասագրքի, «Պուշկինի բանաստեղծությունների բառապաշարը» (ռուս.՝ «Лексика стихотворений Пушкина»), «Ռուսերենի հարստության մասին» (ռուս.՝ «О богатстве русского языка») և այլ գրքերի հեղինակ։ Հորական պապը՝ Նոշրևան Կոյխոսրևիչ Բաչիլոն (1867-1943), եղել է Թիֆլիսի նահանգի Գորիի շրջանի ոստիկանության թաղային հսկիչ։ Նախապապը՝ Կայխոսրոն (1840 – ?), եղել է Գորիի շրջանի Կարբի գյուղի հողատեր։ Մորական պապը՝ Սերգեյ Միխայլովիչ Իլինսկին (1872-1934), եղել է ճարտարապետ, ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը, նրա նախագծով 1914-1917 թվականներին կառուցվել է Սուրբ Ադրիան և Նատալյա նահատակների եկեղեցին Լոսինոոստրովսկայա կայարանի մոտ։ Պատերազմի տարիներին ապրել է Թբիլիսիում (տարհանման մեջ)։ Եղել է կոմերիտական[5]։
1956 թվականին ավարտել է Մոսկվայի ՄԳԱԹ-ի թատրոն-ստուդիան (Պավել Մասսալսկու կուրս) և աշխատանքի բաշխմամբ ուղարկվել Ստալինգրադի Մաքսիմ Գորկու անվան մարզային դրամատիկական թատրոն, որտեղից հեռացել է նույնիսկ առանց աշխատել սկսելու։ Լենինգրադում, ուր դերասանը կնոջ՝ Տատյանա Դորոնինայի հետ մեկնել է Ստալինգրադից հետո, հրավիրվել է Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան պետական թատրոն (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի տուն» պետական թատրոն), որտեղ խաղացել է մինչև 1959 թվականը[6]։
1959 թվականին կնոջ հետ միասին հրավիրվել է Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոն (ներկայում՝ Գեորգի Տովստոնոգովի անվան), որտեղ, իր իսկ խոստովանությամբ, բոլորովին անհաջող նորամուտ է ունեցել Մաքսիմ Գորկու «Բարբարոսներ» (ռուս.՝ «Варвары») պիեսում կատարատ Ստեպան Լուկիչի դերով և երկար ժամանակ չի կարողացել գտնել իր տեղը[7]։ Այնուամենայնիվ, 1960-ական թվականների առաջին կեսից դարձել է թատրոնի առաջատար դերասաններից մեկը։
Դերասանին լայն ճանաչում են բերել Էլդար Ռյազանովի («Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Խեղճ հուսարի մասին բարի խոսք ասեք․․․»), Գեորգի Դանելիայի («Աշնանային մարաթոն») ֆիլմերում կատարած դերերը։
1975 թվականին հոր և թատրոնի առաջատար դերասաններից մեկի՝ Եֆիմ Կոպելյանի մահվան պատճառով ստիպված է եղել հրաժարվել Իպոլիտի դերից Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (ռուս.՝ «Ирония судьбы, или С лёгким паром!») ֆիլմում[8]։
1990 թվականին ընտրվել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր[9], հանդես է եկել Լենինգրադը Սանկտ Պետերբուրգ վերանվանելու օգտին[10]։ Միխայիլ Գորբաչովի հաջողությունների թվին է դասել քաղաքացիների ներգրավումն ընտրական գործընթացում, սակայն նշել է դեմագոգիայի մեծ չափերը և քաղաքական ու տնտեսական վերափոխումների անցկացման փոքր արագությունը։
Դրական է գնահատել Բորիս Ելցինի կառավարումը։ Այդ ժամանակաշրջանի գլխավոր ձեռքբերումներն է համարել մասնավոր սեփականության ճանաչումը, Գայդարի բարեփոխումները, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, խոսքի ազատությունը, իսկ նրա գլխավոր սխալները համարել է չեչենական հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը և ավելորդ վստահությունը պահպանողականների ու կոմունիստների միջև փոխզիջում գտնելու ցանկության մեջ[11]։
1993 և 1995 թվականներին առաջադրվել է Պետական դումայի պատգամավորի թեկնածու «Դեմոկրատական բարեփոխումների ռուսական շարժում» (ռուս.՝ «Российское движение демократических реформ»)[12] և «Ռուսաստանի դեմոկրատական ընտրություն – միասնական դեմոկրատներ» (ռուս.՝ «Демократический выбор России — объединённые демократы») ընտրական բլոկների կողմից[13][14] համապատասխանաբար։
2000 թվականին եղել է Ռուսաստանի մշակույթի գործիչների թվում, որոնք քննադատել են Ալեքսանդր Ալեքսանդրովի երաժշտությամբ խորհրդային հիմնին վերադառնալը[15][16]։
2001 թվականին ստորագրել է НТВ հեռուստաալիքի պաշտպանության նամակը[17][18]։ Հանդես է եկել Միխայիլ Միրիլաշվիլիին[19][20],, Իգոր Սուտյագինին[21][22], Միխայիլ Խոդորկովսկիին[23], Պլատոն Լեբեդևին[24][25], Սվետլանա Բախմինային[26], Մաքսիմ Ռեզնիկին[27][28], Օլեգ Նավալնիին[29][30], Կիրիլ Սերեբրեննիկովին[31], «Война»[32] և «Pussy Riot»[33][34] խմբերի մասնակիցներին ազատ արձակելու օգտին։
2008 թվականին «անբարոյական» և «անիմաստ» է անվանել գեյ-կինոյի «Կողք կողքի» (ռուս․՝ Бок о бок) փառատոնի անցկացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեմ է ԼԳԲՏ-ի հետապնդմանը, իսկ սեռական կողմնորոշում յուրաքանչյուրի անձնական գործն է[35][36]։
Եղել է «Աջ ուժերի միություն» (ռուս․՝ «Союз правых сил) կուսակցության անդամ»[37][38], նրա ցրումից հետո սատարել է Միխայիլ Պրոխորովի «Քաղաքացիական հարթակ» (ռուս․՝ Гражданская платформа)[39][40] և «Яблоко» կուսակցություններին[41][42], 2004 թվականի նախագահական ընտրություններում Իրինա Խակամադայի[43], իսկ 2012[44] և 2018[45] թվականներին՝ Գրիգորի Յավլինսկու թեկնածությունը։
2011 թվականին մշակույթի այլ գործիչների և իրավապաշտպանների հետ ստորագրել է բաց նամակ՝ պահանջելով չեղյալ համարել «Նոր կուսակցությունների գրանցման հակասահմանադրական արգելքը» և թույլ տալ ընտրություններին մասնակցել երկրի բոլոր քաղաքական ուժերին[46][47]։
Բացասական է արտահայտվել, այսպես կոչված, «Դիմա Յակովլևի օրենքի» մասին, որն արգելում է ԱՄՆ քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրումը[48][49]։
Աջակցել է ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան ստեղծելու գաղափարին[50]։ Դեմ է արտահայտվել Իոսիֆ Ստալինի[51][52] և Գրիգորի Ռոմանովի հուշարձանների տեղադրմանը[53][54], «Օխտա Կենտրոն» երկնաքերի կառուցմանը[55], Մալինովկա այգու կանաչ գոտու տեղում տաճարի կառուցմանը[56], Սանկտ Պետերբուրգի 31-րդ կլինիկական հիվանդանոցի փակմանը[57]։
2008 թվականին մեկնաբանելով Հարավային Օսիայի հակամարտությունը՝ ռուսական զորքերի մուտքը այդ տարածք անվանել է «օկուպացիա», քանի որ դե յուրե տարածաշրջանը Վրաստանի մաս է կազմում[58], կոչ է արել մշակույթի գործիչներին ստեղծված իրավիճակում ջանալ մարդկանց մեջ մարդասիրություն և հարգանք դաստիարակել այլ ժողովուրդների նկատմամբ[59]։ Նման կարծիք է հայտնել 2014 թվականին Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ և նշել, որ իրեն անհասկանալի են այն նպատակները, որոնց ձգտում են հասնել Լուգանսկի և Դոնեցկի ապստամբները, ինչպես նաև կասկած է հայտնել տեղի ունեցող իրադարձությունները ԶԼՄ-ների կողմից լուսաբանելու օբյեկտիվության վերաբերյալ[60]։ Ստորագրել է Ռուսաստանի մշակույթի գործիչների դիմումը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի նկատմամբ վարած քաղաքականության[61]։
Հայտարարել է, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու արդյունքում «եղբոր և ընկերոջ փոխարեն, ով մեր կողքին է, արդեն չար թշնամի ենք ձեռք բերել դարի համար»[60]։ Ավելի ուշ կոչ է արել ռուսական հասարակությանը դադարեցնել մշակութային գործիչների գաղափարական հետապնդումները, որոնք ռուսական իշխանությունների տեսակետից տարբերվող կարծիք ունեն Ուկրաինայի իրավիճակի մասին[62][63]։
Ներառվել է Ուկրաինայի մշակույթի նախարարության կողմից արտիստների այսպես կոչված «սպիտակ ցուցակում», որոնք «պաշտպանում են երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»[64][65], չնայած ինքն էլ կասկած է հայտնել նման ցուցակներ կազմելու անհրաժեշտության վերաբերյալ[66]։
2020 թվականին աջակցություն է հայտնել Յանկա Կուպալայի անվան թատրոնի դերասաններին, որոնք ազատվել են աշխատանքից՝ ի նշան համերաշխության թատրոնի տնօրեն Պավել Լատուշկոյի հետ բողոքի ակցիաների ժամանակ[67]։ «Անհնար է առանց սարսափի նայել խաղաղ ժողովրդի նկատմամբ իշխանությունների ծաղրուծանակին։ Յուրաքանչյուր նորմալ մարդու սիրտը արյունով է լցվում՝ նայելով այն մարդկանց տառապանքներին, որոնք համարձակվել են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից՝ արտահայտել իրենց կարծիքը»,— Բասիլաշվիլիի խոսքը մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.