From Wikipedia, the free encyclopedia
Տրամաբանական սխալներ, սխալներ, որոնք առաջանում են մտածողության պրակտիկայում որպես տրամաբանական օրենքների ու կանոնների խախտման դրսևորումներ, հակադրվում են փաստական սխալներին, ինչպես որ տրամաբանական ճշմարտությունն է հակադրվում փաստական ճշմարտությանը։ Լինում են չկանխամտածված (պարալոգիզմներ) և կանխամտածված (սոփեստաբանություն, սոփեստություն)։
Տրամաբանական սխալները լինում են ապացուցման կամ հերքման մեջ՝ կապված դրանց հիմքերի (փաստարկների), թեզիսի և փաստարկման հետ, ինչպես նաև մտահանգման, սահմանման, տրամա բանական բաժանման մեջ և այլն։ Ապացուցման հիմքերի հետ կապված տրամաբանական սխալներ են՝ ինքնին կեղծ փաստարկի օգտագործումը (կոչվում է «հիմնական մոլորություն», լատին․՝ error fundamentalis), չապացուցված փաստարկի օգտագործումը։ Վերջինիս մասնավոր դեպքն է հիմքի կանխարկումը (petitio principii), երբ որպես հիմք օգտագործվում է մի դատողություն, որի ճշմարտությունը ենթադրում է թեզիսի ճշմարտությունը։
Նույն սխալի դրսևորում է շրջապտույտը («արատավոր շրշանը» (լատին․՝ circulus vitiosus), նույնաբանությունը) ապացուցման մեշ, երբ թեզիսն ապացուցվում է մի դատողության միջոցով, որն ինքը ապացուցվում է թեզիսի միջոցով։ Շրշապտույտի առավել կոպիտ ձևն է թեզիսի ապացուցումն իր իսկ միջոցով («նույնը նույնի միշոցով», idem per idem), սովորաբար որոշ արտաքին, լեզվական արտահայտության տարբերակմամբ։
Թեզիսի հետ կապված հիմնական սխալն է թեզիսի գաղտնափոխումը (լատին․՝ ignoratio elenchi), երբ ապացուցման ընթացքում տվյալ թեզիսը փոխարինվում է այլ թեզիսով, որի ապացուցումը ներկայացվում է որպես տվյալ թեզիսի ապացուցում։ Այս սխալի դրսևորումներից են թեզիսի մասնակի ապացուցումը ամբողջական ապացուցման փոխարեն, «չափից ավելի ապացուցումը» (երբ փաստորեն ապացուցվում է մի միտք, որի միայն մի դեպքն է տվյալ թեզիսը), թեզիսի ապացուցումը, երբ այն վերցվում է բացարձակ, և ոչ հարաբերական առումով, «փաստարկումը առ մարդը» (ad hominem), երբ տվյալ թեզիսի ապացուցման (հերքման) փոխարեն ցույց են տրվում այդ թեզիսը պաշտպանողի արժանիքները (արատները) և այլն։
Փաստարկման սխալներից են «չի բխում» (լատին․՝ non sequitur) կոչվող սխալը, երբ թեզիսն առերևույթ բխեցվում է մի դատողությունից, թեկուզև ինքնին ճշմարիտ, որից այն ըստ էության չի բխում, «փաստարկում առ հանրությունը» (լատին․՝ ad populum) կոչվող սխալը, երբ թեզիսի ապացուցման փոխարեն ապացուցողը ներգործում է մարդկանց զգացմունքների վրա այդ թեզիսի ճշմարտության մեշ նրանց համոզելու նպատակով, և այլն։ Մտահանգումների կանոնների խախտումները տրամաբանական սխալներ են ինչպես ապացուցման առումով, այնպես էլ ինքնին։ Դրանցից առավել նշանակալից են՝ տերմինների «չորսացումը» սիլլոգիզմի մեջ, երբ սիլլոգիզմի կազմում, ըստ կանոնի եղած երեք տերմիններից բացի, երևան է գալիս ևս մի չորրորդ տերմին, սովորաբար, եղած տերմիններից մեկի հետ նույնանուն կամ նման լեզվական արտահայտության հողի վրա, «հապճեպ ընդհանրացումը» պարզ թվարկման ինդուկցիայի մեջ, երբ ընդհանուրի մասին սխալ եզրակացություն է արվում դիտարկվող մասնավոր դեպքերի սակավաթիվության կամ պատահականության հետևանքով, «դրանից հետո՝ ուրեմն դրա հետևանքով» (լատին․՝ post hoc ergo propter hoc) կոչվող սխալը, երբ երևույթի պատճառ է դիտվում նրան նախորդող, բայց իրականում նրա հետ պատճառական կապ չունեցող որևէ երևույթ, և այլն։ Ապացուցման առումով սրանք հանդես են գալիս որպես «չի բխում» տիպի սխալ։
Սահմանման մեշ կատարվող տրամաբանական սխալներից են շրջապտույտը («արատավոր շրջանը», նույնաբանությունը), երբ մի հասկացություն սահմանվում է մի այլ հասկացության միջոցով, որն իր հերթին սահմանվում է տվյալ հասկացության միջոցով, մասնավոր դեպքում՝ հասկացության սահմանումն իր իսկ միջոցով, թեև առերևույթ տարբերակմամբ (նույնպես կոչվում է «նույնը նույնի միջոցով»), լայն և նեղ սահմանումները, բաժանման մեջ՝ նույն օղակում բաժանման փոխումը (որի հետևանքով բաժանման անդամներն իրար չեն բացառում), թերի բաժանումը և այլն։ Տրամաբանական սխալներ են մտածողության հիմնական տրամաբանական օրենքների պահանջների խախտումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.