Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տիեզերագիտություն (կոսմոս և... լոգիա), տիեզերագիտություն, տիեզերաբանություն, աստղագիտության բաժին, որն զբաղվում է Տիեզերքի, որպես ամբողջության, տեսություններով։ Տիեզերագիտությունը սերտորեն կապված է ֆիզիկայի և փիլիսոփայության հետ։ Տիեզերագիտության սկզբունքային թերությունն է, թերևս, Տիեզերքի մեծ մասի վերաբերյալ դիտումների բացակայությունը։ Այդ պատճառով տիեզերագիտության եզրակացությունները բնույթով հաճախ ենթադրական են։ Դրանց ճշմարտության աստիճանը կախված է տեսության հիմքում դրված սկզբնական ենթադրությունների ճշգրտությունից։ Տիեզերագիտության այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են Տիեզերքի անվերջ կամ վերջավոր, ամբողջական կամ առանձին աշխարհներից կազմված լինելը, նույնիսկ այսօր, գլխավորապես քննարկվում են զուտ տեսական առումով։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Տիեզերագիտության առաջին գիտական քայլերը կապված են տիեզերական ձգողության օրենքի հայտնագործման հետ, որը հիմք ծառայեց նյուտոնյան Տիեզերագիտության համար։ Այդ օրենքը, Գալիլեյի աստղադիտակով կատարված դիտումները, հետագայում նաև սպեկտրալ անալիզը ցույց տվեցին, որ Տիեզերքում գոյություն ունի ֆիզիկական օրենքների և քիմիական բաղադրության միասնություն։ Հետագա աստղագիտական դիտումների շնորհիվ խիստ ընդլայնվեցին Տիեզերքի, ուսումնասիրության համար մատչելի մասի, սահմանները։ Տիեզերագիտության զարգացման նոր փուլ սկսվեց հարաբերականության տեսության ստեղծումով, որը հանգեցրեց, այսպես կոչված, ռելյատիվիստական իեզերագիտության առաջացմանը, որի էությունն ընդհանուր ձգողության տեսության հավասարումներից ամբողջ Տիեզերքի համար լուծումներ (մոդելներ) ստանալն է։ Սակայն այդ հավասարումների լուծումը միարժեք է միայն Տիեզերքի մեզ անմատչելի մասում նյութի խտության և վիճակի վերաբերյալ կոնկրետ (ցավոք, բավական պարզունակ) ենթադրությունների դեպքում։ 1922—1924 թվականներին, Ա. Ա. Ֆրիդմանը ենթադրելով Տիեզերքի տարածական համասեռությունը, գտավ, որ ձգողության հավասարումներն ունեն պարզ, սակայն ոչ ստատիկ լուծումներ, որոնք կարող են դիտվել որպես Տիեզերքի «լայնացման» վկայություն։
Ժամանակակից ռելյատիվիստական տիեզերագիտությունում մշակված են համասեռ և իզոտրոպ Տիեզերքի մոդելներ, որոնք ելնում են այն պատկերացումից, որ Տիեզերքի հատկություններն ամենուր և բոլոր ուղղություններով նույնն են։ Մինչդեռ այդ պարզունակ պատկերացումը ստույգ չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, գալակտիկաների և դրանց կույտերի բաշխումը Մետագալակտիկայում անհավասարաչափ է։ Ուստի, այդ մոդելների հատկությունները հաճախ չեն համապատասխանում Մետագալակտիկայի հատկություններին։ Տիեզերքի հիշյալ մոդելների համեմատությունը դիտումների հետ հիմնվում է կարմիր շեղման օրենքի վրա (տես Կարմիր շեղում), որը նկարագրում է գալակտիկաների փոխադարձ հեռացման երևույթը։ Ժ. Լեմետրը, ելնելով կարմիր շեղման երևույթից, այդ մոդելները մշակել է սկզբնական պայթյունի, իսկ Գ. Գամովը լրացրել է Տիեզերքի «պայթման» սկզբնական փուլում ֆիզիկական պայմանների և քիմ. տարրերի սինթեզի տեսակետից։ Տիեզերքի համասեռ և իզոտրոպ մոդելներում էվոլյուցիան որոշվում է նյութի միջին խտությամբ։ Եթե այն մեծ է կրիտիկականից (10–32 կգ/մ3), ապա տարածության կորությունը դրական է, ուստի Տիեզերքը փակ է (վերջավոր), հակառակ դեպքում՝ Տիեզերքը բաց է (անվերջ)։ Տիեզերքի «պայթման» ռելյատիվիստական մոդելների օգտին լուրջ փաստարկ է համարվում այդ մոդելներով կանխատեսված մնացորդային կամ ռելիկտային էլեկտրամագնիսական ճառագայթման հայտնագործումը (1965 թ)։ Սակայն, ձգողության հավասարումների լուծումները և դրանց վրա հիմնվող համասեռ իզոտրոպ Տիեզերքի ռելյատիվիստական մոդելներն ի վիճակի չեն անհրաժեշտ ճշգրտությամբ արտացոլել իրականությունը, քանի որ դրանք ստացվել են դիտումներին հաճախ հակասող, կամայական և պարզունակ ենթադրությունների դեպքում։ Ժամանակակից աստղաֆիզիկան, թափանցելով Տիեզերքի ավելի ու ավելի հեռավոր խորքերը, գտնում է այնտեղ նյութի բաշխման և վիճակի «էմպիրիկ» օրինաչափություններ, որոնք կարող են հենարան համարվել «մեծածավալ Տիեզերքի» մասին որոշ գաղափար կազմելու համար։ Սակայն, Տիեզերքի կոսմոլոգիական պատկերումը նրա դիտվող մասի սահմանափակ լինելու պատճառով միշտ էլ կլինի մոտավոր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիեզերագիտություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 610)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.