From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Թովմասի վանք, կիսավեր հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառի Գավաշի (Ոստան) գավառակի հայկական Գանձակ (Կանզակ, այժմ՝ Ալթընսաչ) և Մանազկերտ գյուղի մոտ, Վանա լիճի հարավային ափին։
Սուրբ Թովմաս վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Թուրքիա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ճարտարապետ | Մանուել Ճարտարապետ |
Հիմնադրված | 11-րդ դար |
Վանքը գտնվում է Վանա լճի հարևանությամբ, ափից 80 մետր հեռու, 2․000 մետր բարձրություն ունեցող բլրի գագաթին։ Վանքը Վան քաղաքից հեռու է 75 կմ, իսկ Գևաշից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքային ճանապարհով, և նավով։
Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ՝ վանքը կառուցվել է 10-11-րդ դարերում Մանուել ճարտարապետի կողմից[1]։ Վանքը կառուցվել է Եդեսիայից տեղափոխված Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման համար։ Սուրբ Թովմասը քրիստոնեություն է քարոզել Հնդկաստանում, որտեղ քրիստոնեական համայնքը դեռ գոյատևում է Կերալայում։ Վանքը հիշատակվում է 15-րդ դարի ձեռագրերում[2][3]։
Ներսի հատվածները վերականգնվել են 1581 թվականին, իսկ արտաքին աղյուսը նորոգվել է 1801 թվականին[4]։ 1671 թվականին կառուցվել են վանքի շուրջ կանգնած պարիսպները։
Այն լքվել է նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ։ Վերջին վանականները հեռացել էին 1895 թվականի Համիդյան ջարդերի ժամանակ, երբ վանքը հարձակման ենթարկվեց քրդերի կողմից[5]։ Վանքից 100 մետր արևմուտք հայկական գերեզմանատունն է, որտեղ դեռևս պահպանվել են մեծ թվով նախշազարդ տապանաքարեր։
Վանքը շինված է սրբատաշ քարերով։ Արտաքուստ չափազանց պարզ է։ Ունի ութանկյուն գմբեթ։ Վանքի կոզակը բոլորակաձև է՝ ռոմանական կամարով և զարդարված ոսկեզօծ գեղեցիկ խաչկալով։ Կոզակի երկու կողմերում կան մեկական ավանդատներ, որոնցից մեկի մեջ էլ ամփոփված է Սուրբ Թովմաս առաքյալի մասունքները։ Նմանատիպ երկու ավանդատներ կան նաև արևմտյան պատի կից՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին։
Վանքի երկարությունը 11 մետր է, լայնությունը՝ 7մ, բարձրությունը՝ 7,5մ։ Գավիթը շինված է սրբատաշ քարերով։ Չորս ամբողջական և ութ կիսասյուների վրա պայտաձև կամարները պահում են թաղակապ տանիքը[6]։
Ըստ պատմաբան Արա Սարաֆյանի՝ վանքը չունի պաշտպանության պաշտոնական կարգավիճակ և գտնվում է փլուզման վտանգի տակ։ Վերջերս կատարած այցից հետո նա հայտնել է, որ «փլուզվել են սյունասրահի տանիքի մասերը, ինչպես նաև պատերի կտորներ և հենասյուներ։ Ավելի շատ խաչքարեր են վնասվել նաև վանքի գերեզմանատանը»[7]։ Շենքը խոցելի է եղել գանձ որոնողների համար, ովքեր հավատում են թաղված հայկական գանձերի մասին պատմություններին[8]։ Սուրբ Թովմաս հայկական վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրախ է, իսկ մյուս կողմից՝ անասունների համար արոտավայր և ախոռ։
Պատմական այս կառույցը կիսավեր լինելու պատճառով անտեսված է նաև զբոսաշրջիկների կողմից[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.