հայ դիրիժոր, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Սեպուհ Լևոնի Աբգարյան (հունիսի 12, 1930, Կիպրոս - օգոստոսի 5, 2014, Նիկոսիա, Կիպրոս), հայազգի կոմպոզիտոր, երգիչ, դիրիժոր, ռադիոհաղորդավար, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար։
Սեպուհ Աբգարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 12, 1930 Կիպրոս |
Երկիր | Կիպրոս |
Մահացել է | օգոստոսի 5, 2014 (84 տարեկան) Նիկոսիա, Կիպրոս |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ռադիոհաղորդավար |
Ծնվել է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում։ Հայրը՝ Լևոն Աբգարյանը, ծնունդով սասունցի է եղել և եղել է Անդրանիկ զորավարի զինվորներից։ Նա Հալեպից զենք է փոխադրել և պատերազմի ժամանակ ակտիվ գործունեություն է ծավալել[1]։ Մայրը՝ Երմոնե Աբգարյանը, երգել է Բարսեղ Կանաչյանի «Գուսան» երգչախմբում և աշակերտել է գրականագետ Հակոբ Օշականին[1]։
Ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ Սեպուհը սովորել է Սուրբ Նշան դպրոցում և աշակերտել է Էդուարդ Տարոնյանին և Բարսեղ Կանաչյանին։ Նա միշտ երախտագիտությամբ է հիշել իր ուսուցիչներին, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա ձևավորման և կայացման վրա։ 13 տարեկանում նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հալեպ, որտեղ 1954 թվականին ավարտել է Մելգոնյան հայկական վարժարանը։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում[2]։ Փարիզում աշակերտել է Ժորժ Դանդլոյին և Շառլ Քյոքլեին[1]։ Փարիզում ուսումը ավարտելուց հետո վերադարձել է Կիպրոս և աշխատել է տեղի վարժարանում։ Փարիզի կոնսերվատորիայում սովորելուց զատ վարպետաց դասեր է առել Նադիա Բուլանժեի «Ամառային տաղավար»–ում, որոնցից եղել է մեծանուն երաժիշտ Բենջամեն Բրիտտենը[3]։
Երկու այլ հայերի հետ Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնել է հայկական ռադիոհաղորդում, որտեղ աշխատել է շուրջ 46 տարի։ Միաժամանակ աշխատել է Մելգոնյան վարժարանում՝ որպես երգչախմբի ղեկավար և դասավանդել է արվեստի պատմություն[4][1]։
Հեղինակ է մի շարք երգերի, կամերային, սիմֆոնիկ երաժշտությունների, օրատորիաների, որոնք կատարվել են աշխարհի մի շարք երկրներում՝ Տոկիո, Փարիզ, Կիպրոս, Լիբանան, ԱՄՆ։ Սեպուհ Աբգարյանի ամենամեծ ձեռքբերումը եղել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ղեկավարումը, որը իր համերգներով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում։ Նա վերոհիշյալ համույթը ղեկավարել է հիմնադրման օրից մինչև կյանքի վերջ[5]։
Մահացել է Նիկոսիայում[6][7]։
Օգտագործել է Սասմա Մհեր ծածկանունը[8]։
Սեպուհ Աբգարյանը մի Մեծություն է մեր իրականության մեջ, ափսոս քիչ բացահայտված։ Դավիթ Սարիբեկյան |
Բացի լավ արվեստագետ լինելուց՝ նա շատ հոգատար մարդ էր։ Կարող էր հայրաբար վերաբերվել բոլորին։ Նա հրաշալի հումոր ուներ, շատ-շատ լավ գիտեր հայոց պատմությունը։ Հեղինե Քալաշյան, երգչախմբի նախկին անդամ |
Չեմ վախենա ասել՝ հայ ազգային երգի շատ-շատ կորած ու անտեսված նմուշներ, մաեստրոյի ու «Գոհարի» շնորհիվ վերամշակվեցին ու ներկայացվեցին հանրությանը։ Սոնա Զարաֆյան, երգչախմբի անդամ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.