ավանդական երաժշտական մշակույթ, նվագարանային կատարողական արվեստ, ծիսական երաժշտություն From Wikipedia, the free encyclopedia
Սահարի, ավանդական հայկական հարսանեկան երաժշտություն,հարսանեկան առավոտյան նվագ, որը հնչում է ծեսի որոշակի արարողությունների ընթացքում՝ հարսանեկան կանչ, «մսամորթ», հարսանիքի լուսաբացին՝ որպես եզրափակիչ նվագ և այլն[1]։ Սահարու փոխակերպումները պահպանվել են նաև մեր օրերում։ Այն կատարվել և մինչ օրս էլ կատարվում է հիմնականում ավանդական զուռնայով, դուդուկով և քամանչայով։ Սահարի կատարելու համար պահանջում է կատարողական հատուկ վարպետություն, որի շնորհիվ 19-20-րդ դարերում հաճախ կատարվել է նաև վարպետություն ցուցադրող մրցույթների ընթացքում[2]։
«Սահարի» |
---|
Սահարի անվանումը հայերենին անցած արաբա-իրանական փոխառություն է և նշանակում է արևածագ, արշալույս[3]։ Անվանումը հանդիպում է դեռևս 16-րդ դարի բանաստեղծ Գրիգորիս Աղթամարցու ստեղծագործություններում «Ս՜ըրղի սըհար»՝ «արշալույսի թռչուն» իմաստով[4]։
Իբրև հարսանեկան կանչ-հրավեր, սահարին հնչել է Վայոց ձորում, Տավուշում, Զանգեզուրում, Ալաշկերտում, Սպիտակում, Արցախում և այլուր։ Բացի այս, նույն նպատակով այն կատարվում է ավանդական տարբեր տոների և ծեսերի ժամանակ՝ մարդկանց ի մի համախմբելու համար։ Օրինակ՝ Խորհրդային իշխանության տարիներին՝ գյուղական ղեկավարության պատվերով ընտրություններն ավելի կազմակերպված անցկացնելու ակնկալությամբ, դեռևս լույսը չբացված, զուռնաչիները Սահարի նվազելով շրջել են փողոցներով՝ ժողովրդին գյուղական հրապարակ հրավիրելու և տոնական տրամադրությամբ միասնական ընտրություններ անցկացնելու միտումով[1]։
Սահարին դիտարկվում է ծիսական-պաշտամունքային համատեքստում[5] Սահարին առավելագույնս հայտնի է որպես հարսանեկան ծեսի պարտադիր տարր և յուրահատուկ խորհրդանշան Դրա վկայությունն են բանահյուսական օրինակները՝ «Սըհարին երեսիցըդ ժուռ գա», «Սհարին քթածակովըւո տյուս կյա» անեծքներն ու «Տեր Ասւոուծ, րեխանցը Սիհարուն աժան անես» կամ «Ս՜ին քյու Սիհարին էլ լսեմ ու աչքս փակեմ» օրհնանք-մաղթանքները (Տավուշ, Ուտիք)։
Հայաստանի տարբեր շրջաններում Սահարին հնչում է հարսանեկան ծեսի զանազան արարողությունների ընթացքում։
Առաջին ակոսի ծիսակատարության մի այլ՝ բուն ժողովրդական տարբերակ, որը կենցաղավարում է առ այսօր։ ժողովուրդը լուսաբացին հավաքվել է գյուղի դաշտերի, արտերի ու այգիների մոտ և աշխատանքն սկսելուց առաջ զուռնաչին նվագել է սահարի, ապա սկսվել է տոնախմբությունը, երգել, պարել են, օրհնել ու բարեմաղթել միմյանց, որից հետո միայն ծաղիկներով զարդարված լծկաններին ու՛ հողագործներին մեծ հանդիսությամբ ուղեկցել են դաշտը վարելու։ Այս ծեսում Սահարին ուղղակիորեն կապվում է ծնունդի՝ հողի, պտղաբերության, սկզբի ու արևի պաշտամունքի հետ և ունի խորը, նախաքրիստոնեական արմատներ[1]։
Երբ ծննդկանը նախկինում անհաջող ծնունդներ է ունեցել։ Այդ պարագայում, անկախ օրվա ժամից, ծննդկանի դռան առջև կանգնած զուռնաչին դեմքը դարձրել է արևելք և նվագել Սահարի։ Ըստ ժողովրդական պատկերացումների, այս ճանապարհով ծննդկանը ոչ միայն արժանացել է արևի հովանավորությանը, այլև նմանողական մոգության շնորհիվ, երեխան ծնվել է, հաղթահարելով չար ուժերին այնպես, ինչպես արևն է ծնվում ամպերին հաղթելով՝ խորհրդանշելով կյանքի շարունակականությունն ու հավերժությունը։ Այստեղ մարդու կյանքի բոլոր կարևոր փուլերն ու իրադարձությունները ծիսական-պաշտամունքային որոշակի մթնոլորտով հագեցնելու ավանդույթի անընդհատությունն ու կանոնավորումն է[1]։
Հնուց ի վեր, երաժիշտների մրցույթն այն ասպարեզն է եղել, որտեղ երաժիշտը պիտի փայլեր թե՜ իր արհեստավարժությամբ, թե՜ հանկարծաբանելու արվեստով, թե՜ պարտադիր համարվող երկացանկի քաջատեղյակությամբ։ Սահարին այս բարդ մրցույթի պարտադիր համարներից է եղել։ Սահարին զուռնաչիների (մասամբ նաև դուդուկահարների ու քամանչահարների) մրցույթի երկացանկի առաջնային մեղեդիներից է եղել և կատարվել է ի հավաստումն վառ անահատականության և նվագարանին վարպետորեն տիրապեւոելու։ Ըստ որում, զուռնաչու կատարելության գագաթը համարվել է այն երկու մատով հնչեցնելը։ Զուռնաչու վարպետության գրավականն է եղել նաև միաժամանակ երկու զուռնա նվագելը, որոնցից մեկով հնչեցրել է բուն մեղեդին, իսկ մյուսով՝ նվագակցել է[1]։
Սահարին ներառված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.