From Wikipedia, the free encyclopedia
Ճահուկ (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Cəhri - Ջահրի), նախկին հայկական գյուղ, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոնից 23 կմ հյուսիս, Ճահուկ գետի ափին, նախալեռնային տարածքում։ Բնակչությունը զբաղված է հացահատիկի ու բանջարեղենի աճեցմամբ և անասնաբուծությամբ։ Գյուղում կա երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, հինգ գրադարան, երեք մզկիթ, երեխաների երաժշտական դպրոց, մշակույթի տուն և հիվանդանոց։ Բնակչությունը 8,454 մարդ է։ Ճահուկ գյուղից հյուսիս-արևելք է գտնվում միջնադարի Իշըքլար բնակավայրը[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Ճահուկ | ||
Cəhri | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Բաբեկի շրջան | |
Համայնք | Բաբեկի շրջան և Նախիջևանի գավառ | |
Մակերես | 9,58 կմ² | |
ԲԾՄ | 1074 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 8․283 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ներկայիս Ջահրի գյուղը գտնվում է Նախիջևան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, Նախիջևան գետից 4 կմ արևմուտք։
Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում 700-ից 1000 տուն ունեցող Ճահուկը եղել է Շահապոնք (Շահապունիք) իշխանական տան ժառանգական տիրույթներից մեկը, Մեծ Հայքի Սյունիք նահանգի 14-րդ գավառի կենտրոնական ավանը։ X դարում ավանը վարչականորեն գտնվում էր Սյունյաց գահերեց իշխան Սմբատի իշխանության ներքո։ XII դարում Ճահուկ ավանը գավառի հետ միասին որոշ ժամանակ գտնվել են Համտունյաց տոհմի Ջուրջ և Խոսրովիկ ազատների իշխանության տակ, որոնք թաղվել են Ճահուկում[2]։
Այնուհետև Ճահուկը Երնջակաբերդի և Նախիջևան քաղաքի Քալասրահ վայրի հետ անցնում են Օրբելյան իշխան Ելիկումի տիրապետության տակ[3]։ Օրբելյաններից հետո Ճահուկն անցնում է Պռոշյան իշխաններին։ XVI-XVII դարերում գյուղը գտնվել է Նախիջևանի խանության կազմում, իսկ XIX դարի երկրորդ կեսինց՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ[4]։
Ճահուկը հայտնի է եղել որպես առաջադեմ ու զարգացած գավառակենտրոն՝ իր բավական լավ հիմքերի վրա դրված առևտրով ու արհեստներով։ Գյուղում զարգացած են եղել մասնավորապես ներկարարությունը և կավագործությունը։ Ուշ միջնադարում Ճահուկի օրիորդաց և ծխական դպրոցները եղել են շրջանի հայտնի ուսումնական օջախներից։
Ծխական դպրոցը բացվել է 1867 թվականին և ընդմիջումներով գործել է մինչև 1905 թվականը։ Եղել է միադաս և ունեցել է տարեկան 50-ից 60 աշակերտ։ Դպրոցն ունեցել է նաև արհեստագործական և գյուղատնտեսական դասարաններ[5]։
Գյուղում եղել է 2 եկեղեցի։ Սուրբ Շողակաթ վանքը կառուցվել է 1325-1330 թվականներին։ Գտնվել է գյուղի կենտրոնական թաղամասում։ Այն հիմնահատակ ավերվել է 1982 թվականին։
Սուրբ Հովհաննես եկեղեցին 1980-ականների տվյալներով կանգնուն է և գտնվում է գյուղի կենտրոնական թաղամասում։ Հորինվածքը եկեղեցին քառամույթ գմբեթակիր բիզիլիկա է, որը կազմված է ավագ խորանից, դահլիճից և ավանդատներից։ Մուտքը հարավային ճակատում է։ Ներսի պատերին կան XVIII-XIX դարերի թվագրվող որմնանկարներ։ Եկեղեցին վերանորոգվել է XV դարի կեսերին, XVII և XIX դարերում։ Ներկայումս անհայտ է եկեղեցու վիճակը[4]։
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XIII դարում և գտնվել է գյուղամիջում։ 1990-ական թվականների դրությամբ ավերված է[6]։
Գյուղի երեք մզկիթներն էլ կառուցվել են 19-20-րդ դարերում և գտնվում են գյուղամիջում[7]։
Գյուղի տարածքից 6-7 կմ հյուսիս-արևմուտք գտնվել է Ճահուկի բերդը, որն այժմ ավերված է[8]։ Այն կառուցվել է մ.թ.ա. 11-9-րդ դարերում, իսկ վերակառուցվել է մ.թ.ա. 9-8-րդ դարերում և հետագա շրջաններում։ Միջնաբերդը գտնվել է լեռնագագաթին։ Պարիսպները եղել են քարաշեն, որոնք այժմ ավերված են[8]։
Գյուղի հարավարևելյան մասում պահպանվել է 10-19-րդ դարերում գործած գերեզմանատուն։ Մինչև 1940-ական թվականները գերեզմանատունը ունեցել է ավելի քան 500-600 տապանաքար, 1980-ականներին՝ միայն 150-155։ Տապանաքարերը հարթ և քառանկյունի են։ Արձանագիր տապանաքարերի թիվը կազմում է 36։ 1980-ականներին տապանաքարերի մի մասը տեղահան են արվել կամ թաղված են հողի շերտով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.