Պեյրոնիի հիվանդություն

մարդու հիվանդություն From Wikipedia, the free encyclopedia

Պեյրոնիի հիվանդություն

Պեյրոնիի հիվանդություն, հանդիսանում է շարակցական հյուսվածքի հիվանդություն, որի դեպքում առնանդամի փափուկ հյուսվածքներում առաջանում են ֆիբրոզ վահանիկներ։ Սպիական հյուսվածքը մասնավորապես զարգանում է սպիտակուցային թաղանթում՝ խորշիկավոր մարմինը շրջապատող հյուսվածքի հաստ շերտում, ինչը բերում է ցավի, անբնական ծռվածության, էրեկտիլ դիսֆունկցիայի, ակոսների և առնանդամի կարճացման[1][5]։

Արագ փաստեր Պեյրոնիի հիվանդություն, Տեսակ ...
Պեյրոնիի հիվանդություն
Thumb
Տղամարդու առնանդամի անբնական ծռվածություն կապված Պեյրոնիի հիվանդության հետ
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառԱնհայտ[1]
Հիվանդության ախտանշաններԷրեկտիլ դիսֆունկցիա[2][3]
Բժշկական մասնագիտությունՈւրոլոգիա
Անվանվել էFrançois Gigot de la Peyronie?
ՀոմանիշներՊեյրոնի հիվանդություն, induratio penis plastica[4], սպիտակուցային թաղանթի քրոնիկ բորբոքում
ՀաճախությունՏղամարդկանց ~10%[1]
 Peyronie's disease Վիքիպահեստում
Փակել

Այն ախտահարում է տղամարդկանց մոտավորապես 10%-ին[1]։ Հիվանդության հանդիպման հաճախականությունը աճում է տարիքի հետ[1]։

Նշաններ և ախտանիշներ

Thumb
Առնանդամի դեֆորմացիայի օրինակ կողքից

Առնանդամի որոշակի աստիճանի ծռվածությունը համարվում է նորմալ, շատ տղաներ ծնվում են այս բարորակ վիճակով, որը շատ հաճախ բնորոշվում է որպես առնանդամի բնածին ծռվածություն[6]։ Այս հիվանդությունը կարող է առաջացնել ցավեր, պնդացած, մեծ, լարի նման ախտահարումներ («վահանիկ» անունով հայտնի սպիական հյուսվածքներ), կամ էրեկցված առնանդամի անբնական ծռվածություն՝ սպիտակուցային թաղանթի քրոնիկական բորբոքման հետևանքով[7]։

Չնայած նրան, որ Պեյրոնիի հիվանդության տարածված կոնցեպտը այն է, որ այն միշտ ներառում է առնանդամի ծռվածություն, լինում են դեպքեր, երբ սպիական հյուսվածքը բերում է արտափքումների կամ ակոսների առաջացման, այլ ոչ թե ծռվածության։ Հիվանդության հետևանքով կարող են լինել նաև ցավոտ և/կամ դժվարացած սեռական հարաբերություններ, չնայած նրան, որ պարզ չէ, թե որոշ տղամարդիկ հայտնում են սեռական հարաբերությունից բավարարվածության կամ անբավարարվածության մասին՝ չնայած հիվանդությանը[փա՞ստ]։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել ցանկացած տարիքի և ազգության տղամարդկանց։ Այս հիվանդությունը հիմնականում կապված է առնանդամի հետ, բայց Պեյրոնիի հիվանդությամբ տղամարդկանց նկատելի մասի մոտ առաջանում են շարակցական հյուսվածքի մրցակցային խանգարումներ ձեռքերում և ավելի քիչ ոտքերում։ Պեյրոնիի հիվանդությամբ տղամարդկանց մոտ 30%-ի մոտ զարգանում են այլ էլաստիկ հյուսվածքների ֆիբրոզ, օրինակ՝ ձեռքերին կամ ոտքերին, օրինակ՝ ձեռքերի Դյուպյուիտրենի կոնտրակտուրա։ Գենետիկապես կապակցված տղամարդկանց մոտ ախտահարման ավելի հաճախ լինելու պատճառով առաջարկվում է հիվանդության գենետիկական կոմպոնենտ[8]։

Հոգեսոցիալական

Պեյրոնիի հիվանդությունը նաև կարող է ունենալ հոգեբանական հետևանքներ։ Մինչդեռ տղամարդկանց մեծ մասը կարող են շարունակել զբաղվել սեռական հարաբերություններով, նրանց մոտ կարող է դրսևորվել որոշ աստիճանի էրեկտիլ դիսֆունկցիայի։ Հազվադեպ չեն նաև դեպրեսիաները կամ սեռական զուգընկերոջից բաժանումները, այս հիվանդների մոտ[9]։

Պատճառներ

Պեյրոնիի հիվանդության պատճառը անհայտ է։ Չնայած, նա ամենայն հավանականությամբ կապված է առնանդամի ներսում վահանիկի առաջացումով՝ միջին աստիճանի կրկնվող սեռական վնասվածքների և սեռական ակտի կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով[10]։

Ռիսկի գործոններն են՝ շաքարային դիաբետ, Դյուպյուիտրենի կոնտրակտուրա, ափային ֆիբրոմատոզ, առնանդամի վնասվածք, ծխել, ալկոհոլամոլություն, գենետիկական նախատրամադրվածություն և Կովկասյան ազգություն[11][12][13]։

Ախտորոշում

Thumb
Այս գերձայնային հետազոտությունը ցույց է տալիս Պեյրոնիի հիվանդությունով առնանդամի լայնական կտրվածքը տարբեր տեղերում։ Վերևի նկարում պատկերված է առնանդամի նորմալ անատոմիան, մինչդեռ ներքևի նկարում երևում է սպիտակուցային թաղանթի վրա գտնվող սպիական հյուսվածքը։ Սպիական հյուսվածքը տեղայնացված է և պատախանատու է Պեյրոնիի հիվանդության առանձնահատուկ դեֆորմացիաների համար (ծռվածություն, նեղացում)։

Ուրոլոգը պետք է կարողանա ախտորոշի հիվանդությունը և առաջարկի բուժում։ Պեյրոնիի հիվանդության վերջնական հաստատման համար, ինչպես նաև առնանդամի բնածին ծռվածությունը և այլ խանգարումները ժխտելու համար, կարելի է օգտագործել գերձայնային հետազոտություն[14]։

Ուլտրասոնոգրաֆիա

Պեյրոնիի հիվանդությամբ տառապող մարդու առնանդամի ուլտրասոնոգրաֆիայի պատկերի վրա երևում են սպիտակուցային թաղանթում գտնվող տեղային հիպերէխոգեն հաստացումներ։ Կապակցված կալցիֆիկացիայի հետևանքով, Պեյրոնիի համախտանիշով պացիենտի առնանդամի սոնոգրաֆիայի վրա երևում է ակուստիկ ստվեր, ինչպես ցուցադրված է ներքևի նկարներում։ Ավելի հազվադեպ հանդիպող նշաններն, որոնք վերաբերվում են հիվանդության վաղ շրջաններին (երբ ֆիբրոզը դեռ մեղմ աստիճանի է դրսևորված), հանդիսանում են հիպոէխոգեն ախտահարումներ՝ շուրջխորշիկային հյուսվածքի տեղային հաստացումներով, սպիտակուցային թաղանթի էխոգեն տեղային հաստացումն՝ առանց հետին ակուստիկ ստվերի, հետադրձվող իզոէխոգեն ախտահարումը՝ ճառագայթների հետին մարումով և սպիտակուցային թաղանթի շարունակականության տեղային կորուստ։ Դոպլեր հետազոտությամբ վահանիկների շուրջ մեծացած արյունահոսքը կարող է մատնանշել բորբոքման առկայությունը, իսկ արյունահոսքի բացակայությունը խոսում է հիվանդության կայունության մասին։ Գերձայնային հետազոտությունը արդյունավետ է ախտահարումներ ճշգրտման և դրանց կապը նյարդանոթային խրձի հետ պարզելու համար։ Պեյրոնի հիվանդությամբ անձինք կարող են ներկայանալ էրեկտիլ դիսֆունկցիայով, որը հաճախ կապված է երակային կանգով՝ վահանիկի շրջանում արտահոսքի անբավարարության պատճառով։ Չնայած նրան, որ վահանիկները ավելի հաճախ հանդիպում են առնանդամի մեջքային մակերեսին, նրանք կարող են գտնվել նաև փորային, կողմնային հատվածներում և միջնապատում[15]։

Բուժում

Դեղամիջոցներ և հավելումներ

Փորձարկվել են բազմաթիվ բերանացի ընդունման դեղամիջոցներ, բայց դրանց արդյունավետության մասին ինֆորմացիաները խառն են[16]։ Որոշները համարում են, որ ոչ վիրահատական բուժման մեթոդները «հակասական» են[17]։

Վիտամին E պարունակող հավելումների օգտագործումը տասնամյակներվ ենթարկվել է հետազոտության, և որոշ հին հետազոտություններում կան արդյունավետության մասին հաղորդումներ, սակայն այդ ցուցանիշները չեն կրկնվել ավելի լայնածավալ և համեմատաբար վերջերս իրականացված հետազոտություններում[18]։

Հիվանդության սկզբնական շրջաններում հետազոտվել է ինտերֆերոն-ալֆա-2b-ի արդյունավետությունը, բայց համաձայն մինչև 2007 թվականը իրականացված հետազոտություններ դրա էֆեկտիվությունը հարցի տակ է[19]։

Կլոստրիդիում հիստոլիտիկումի կոլագենազը (աուքսիլիում) կարող է օգնել քայքայել առնանդամում հավելյալ կոլագենային հյուսվածքը, որը հենց Պեյրոնիի հիվանդության պատճառն է[20][21]։ Այն հաստատվել է FDA-ի կողմից որպես Պեյրոնիի հիվանդության բուժման մեթոդ 2013 թվականին[22]։

Ֆիզիկական թերապիա և սարքեր

Կան չափավոր փաստեր, որ առնանդամի ձգումնային թերապիան լավ տանելի, մինիմալ ինվազիվ բուժման մեթոդ է, բայց կան անորոշություններ կապված օրական ձգումների տևողության և ամեն ձգման տևողության հետ, ինչպես նաև բուժման կուրսը բավականին դժվար է[23]։

Վիրահատություն

Վիրահատությունները, ինչպիսին է օրինակ «Նեսբիտի վիրահատությունը» (որը անվանվել է Ռիդ Մ․ Նեսբիտի (1898-1979) պատվին, Միչիգանի Համալսարանի ամերիկացի ուրոլոգ)[10], հանդիսանում են վերջին ընտրության միջոց և պետք է իրականացվեն բացառապես բարձր փորձառություն ունեցող վիրաբույժների կողմից, ովքեր տիրապետում են վերակառուցողական վիրահատական հմտություններին։ Բարդացած դեպքերում կարելի է օգտագործել առնանդամի պրոթեզավորում[24]։

Համաճարակաբանություն

Այն ախտահարում է տղամարդկանց մոտավորապես 10%-ին[1]։ Հիվանդության հանդիպման հաճախականությունը աճում է տարիքին զուգահեռ[1]։ Հիվանդության արտահայտման միջին տարիքը 55-60 տարեկանն է[10]։

Պատմություն

Այս հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1561 թվականին Անդրեա Վեզալիուսի և Գաբրիել Ֆալոպիոյի համագործակցության արդյունքում, և առանձին Գաբրիել Ֆալոպիոյի կողմից[25][26]։ Հիվանդությունը անվանվել է Ֆրանսուա Գիգոտ դե լա Պեյրոնիի պատվին, ով նկարագրել է այն 1743 թվականին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.