From Wikipedia, the free encyclopedia
Պայթուցիկ նյութ (պայթուցիկ) — քիմիական խտացված այնպիսի նյութ կամ այնպիսի նյութերի խառնուրդ, որը որոշակի պայմաններում արտաքին ազդեցությամբ ընդունակ է քիմիական արագ ինքնածավալվող վերափոխման (պայթյունի)՝ մեծաքանակ ջերմության և գազանման նյութերի արտադրությամբ հանդերձ[1][2][3][4][5][6]
Քիմիական կազմից և արտաքին պայմաններից կախված՝ պայթուցիկ նյութերը կարող են քիմիական փոխազդեցության արդյունքների վերափոխվել դանդաղ այրման, արագ այրման և դետոնացիայի (պայթյունի) ռեժիմում։ Այդ պատճառով էլ պայթուցիկ նյութերի շարքին են ավանդաբար դասում նաև այն խառնուրդներն ու միացությունները, որոնք ոչ թե բռնկվում-պայթում են, այլ այրվում են որոշակի արագությամբ (նետելու համար նախատեսված վառոդատեսակները, պիրոտեխնիկան)[3][6]։ Պայթուցիկ նյութերը դասվում են էներգետիկ խտացված համակարգերի թվին[7]։ Որպես կանոն՝ պայթյունային վերափոխումը խիստ կարճատև է, ընթանում է 2500-ից 4500 K ջերմաստիճաններում և ուղեկցվում է ջերմության ու բարձր ջերմություն ունեցող գազերի հսկայական քանակի արտադրությամբ[6][8]։ Պայթյունային ռեակցիայի իրականացման համար պարտադիր չէ, որ շրջակա օդում անպայմանորեն առկա լինի թթվածին, քանի որ թթվածինը քիմիական միացության տեսքով արդեն իսկ պարունակվում է պայթուցիկի բաղադրատարրերում[6]։
Արժե նշել, որ պայթյունի ժամանակ ազատվող էներգիայի գումարային քանակությունը համեմատաբար մեծ չէ և սովորաբար հինգ-վեց անգամ պակաս է համապատասխանող քանակությամբ նավթամթերքների զանգվածի ջերմունակությունից[1][6]։ Սակայն, չնայած էներգետիկ համեստ փոխհատուցմանը, բարձր ջերմության հետևանքով ռեակցիային հաղորդվող հսկայական արագությունը ապահովում է ահռելի հզորություն (ըստ Առենիուսի օրենքի և հավասարման)[6]։
Պայթուցիկ նյութերն այրվում են ակնթարթորեն, վայրկյանի չնչին մասում վերածվում մինչև հազար աստիճան ջերմաստիճան ունեցող շիկացած գազի և, վայրկենաբար ընդարձակվելով բոլոր ուղղություններով, ահռելի ուժով կործանում են ճանապարհին հանդիպող ամեն ինչ։ Այդ շարժընթացը կոչվում է պայթյուն։
Պայթուցիկ նյութերն օգտագործվում են ռումբերում, արկերում, հրթիռներում և զենքի բազմաթիվ այլ տեսակներում։ Բայց հաճախ պայթուցիկ նյութերն օգտագործվում են նաև խաղաղ նպատակներով, օրինակ՝ հրավառություններ կազմակերպելու, բազմահարկ շենքը քանդելու, ժայռը պայթեցնելու, հանքահոր կառուցելու համար։
Բոլոր պայթուցիկ նյութերում կան այրվող բաղադրամաս և այրման համար թթվածին առաջացնող միացություն։ Պայթուցիկ նյութեր են վառոդը, դինամիտը, տոլը, ամոնալը և այլն։ Հրապարկուճներում, արկերում և որոշ հրթիռներում օգտագործվող վառոդն ու այլ պայթուցիկ նյութեր ցածրակտիվ պայթուցիկներ են, որոնք բռնկում են կրակից կամ էլեկտրական կայծից։ Հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերը սովորաբար պատրաստում են վառոդի հիմքով խառնուրդներից, այդ իսկ պատճառով այրվող հրատեխնիկական պատրաստվածքներից սփռվում են կրակներ կամ վեր են սլանում հրթիռներ։
Ուժեղ պայթուցիկները, օրինակ՝ դինամիտը, հելիգնիտը, շատ արագ են պայթում և օգտագործվում են ռումբերում ու ժայռեր փշրող պայթյունածրարներում, որոնք գործում են ճայթիչի (դետոնատոր) առաջացրած փոքրիկ պայթյունից։ Երբեմն դինամիտի պես պայթում է նաև օդում ցրված շաքարի կամ ալյուրի փոշին. մի կայծն իսկ բավական է, որպեսզի շաքարի կամ ալյուրի պահեստը հօդս ցնդի։ Հանքահորերում վտանգավոր են և կարող են պայթյուն առաջացնել ածխափոշին ու հանքագազը՝ մեթանը։
Վառոդն առաջինը ստացել են չինացիները դեռևս 9-րդ դարում և օգտագործել հրավառությունների համար։ Թնդանոթով կրակելու համար Եվրոպայում վառոդ սկսեցին գործածել 14-րդ դարից։ Դինամիտը 1866 թվականին հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելը, որով հետագայում ստեղծեց նաև այլ տեսակի պայթուցիկ նյութեր (այդ թվում՝ հելիգնիտն ու բալիստիտը) և Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում կազմակերպեց վառոդի արտադրության ձեռնարկություններ։ 1896 թվականին Ալֆրեդ Նոբելի մահից հետո, նրա կտակի համաձայն, պայթուցիկ նյութերի արտադրությունից ստացված ողջ հասույթը հատկացվեց նրա պատվին սահմանված ամենամյա միջազգային Նոբելյան մրցանակի հիմնադրամին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.