From Wikipedia, the free encyclopedia
Չար ոգին (Ցավագարը), Շիվանզադեի՝ գավառական քաղաքի կյանքը պատկերող ստեղծագործություններից է, որը գրվել է 1894 թվականին։
Չար ոգին | |
---|---|
Տեսակ | վիպակ |
Հեղինակ | Ալեքսանդր Շիրվանզադե |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1894 |
Հեռանալով ծննդավայրից՝ Շիրվանզադեն այլևս չվերադարձավ այնտեղ։ Բայց հիշողության մեջ միշտ վառ մնաց հայրենի եզերքի ուրախ ու տխուր պատկերները։ Նոր քաղաքում նրա միտքը միշտ զբաղված էր իր քաղաքի մարդկանց հոգսերով։ Թողնելով հայրենի քաղաքը՝ արհեստավորներն ու գյուղացիները Շամախուց և Անդրկովկասից տեղափոխվում էին Բաքու, աշխատում նավթաարդյունաբերական հանքերում, խոնավ գետնախորշերում։ Տևական ժամանակ Շիրվանզադեին զբաղեցնում էր այդ մարդկանց ճակատագիրը, գաղթի պատճառները։ Նա դեռևս չէր տեսնում նոր քաղաքի առաջադիմական կողմերը, և միայն տարիներ հետո իր հոդվածներում Շիրվանզադեն փորձում է բացատրել գաղթի պատճառները։ Նա նշում է, որ գաղթի պատճառները կապված են գավառական քաղաքի տնտեսական ու բարոյական հեղաբեկումների հետ, որ առաջ եկան 19-րդ դարի երկրորդ կեսին։ Այս խնդիրներին Շիրվանզադեն անդրադարձավ «Նամուս», «Չար ոգի», «Ֆաթման և Ասադը», «Գործակատաի հիշատակարանից», «Վարդան Ահրումյան» ստեղծագործություններում՝ ամբողջագնելով գավառական կյանքը իր հակասություններով[1]։
Այն քաղաքը, որտեղ կատավել են այս դեպքերը մի աննշան քաղաք է, տները հին են, ավերակ դարձած, միակ գեղեցիկ բանը այդտեղ բնությունն է։ Ամառվա մի օր փողոցում խաղում էր երեխաների մի խումբ, որոնց ծիծաղը ու աղաղակը լցրել էին փողոցը կենդանությամբ։ Դրանց մեջ կար մի յոթ տարեկան աղջիկ, որին ընկերները կանչում էին «սիրուն Սոնա»։ Հանկարծ աղջիկն ընկնում է և սկսում է գալարվել գետնի վրա, աչքերը կիսափակ է լինում և բերանից փրփուր է թափվում։ Ընկերները վախենում են մոտենալ Սոնային, այդ ժամանակ փողոցում հայտնվում է գիժ-Դանելը, որից երեխաները սարսափում էին։ Նա գնում է ընկածի մոտ, տեսնելով Սոնային այդպիսի վիճակում՝ գիժ-Դանելը հասկանում է, որ աղջիկը ընկնավոր է։ Գիժ-Դանելը նրան տանում է տուն, ավելի ուշ գալիս է Սոնայի մայրը՝ հացթուխ Շուշանը, որը հեռացնում է երեխաներին՝ թաքցնելու համար աղջկա հիվանդությունը։ Դրանից հետո Սոնան այլևս դուրս չէր գալիս տնից, հացթուխը վախենում էր, որ նրա հիվանդության մասին բոլորը կիմանան և աղջկան ոչ մեկը կնության չի առնի։ Սոնան ամբողջ օրը զբաղված էր տնային գործերով, գուլպա էր գործում, ճաշ պատրաստում։ Սոնայի մայրը աստվածավախ կին էր, նա միշտ մասնակցում էր պատարագին, աղոթում աղջկա առողջության համար, իսկ հայրը՝ պայտար Ոսկանը, կնոջ հակապատկերն էր, նա ամեն օր տուն էր գալիս հարբած, երբեմն վիճում կնոջ հետ ու ծեծում նրան։ Վաղուց էր, ինչ նա չէր աշխատում, օրվա ապրուստը վաստակում էր կինը։ Օր օրի մեծանում էր Սոնան, իսկ հիվանդությունը հաճախ զգացնել էր տալիս։ Սոնայի ընկերուհիները արդեն ամուսնացել էին, նրանցից ոմանք նույնիսկ մայր էին դարձել, Սոնան ցանականում էր մասնակցել նրանց հարսանիքին, տեսներ նրանց դեմքը։ Նա հիմա գիտակցում էր իր հիվանդության ծանրությունը, սակայն հույս ուներ, որ աստված մեծ է, որ ինքը կբուժվի։ Մի օր էլ մայր ու աղջիկ որոշում են գնալ գյուղի ծայրի եկեղեցին ուխտի։ Ճանապարհին նրանց մոտենում է Մուրադը՝ գիժ-Դանելի եղբոր որդին։ Սոնային տեսնելով՝ Մուրադը սիրահարվում է, և մի քանի օր հետո Սոնայենց տուն է գնում չոլախ Սահարնազը, որը զբաղվում էր ամուսնական միջնորդությամբ։ Նա հայտնում է իր գալու նպատակը, առնում Շուշանի համաձայնությունը և հեռանում։ Որոշ ժամանակ անց Սոնան նշանվում է ունևոր Մուրադի հետ։ Սոնան իրեն մեղավոր էր զգում իր հիվանդությունը ծածկելու համար։ Չորս ամիս հետո Սոնան և Մուրադը ամուսնանում են, Սոնան սկսում է սիրել ամուսնուն, զգալ երջանիկ ամուսնության քաղցրությունը, սակայն նա վախենում էր հիվանդության կրկնվելուց, և ամեն անգամ, երբ որոշում է պատմել ճշմարտությունը, լեզուն կապ է ընկնում։ Մի օր, երբ ընտանիքի համար թեյ է պատրաստում, զգում է, որ մարմինը կծկվում է, նա ընկնում է գերնին և սկսում է գալարվել ու խռխռալ։ Ընտանիքի անդամները հասկանում են, որ Սոնան ընկնավոր է, և համոզում են որդուն բաժանվել նրանից։ Սակայն Մուրադը նախընտրում է մնալ կնոջ մոտ, քանի որ սիրում ու խղճում էր նրան։ Մուրադի մայրը՝ պառավ Զառնիշանը, իր տուն է հրավիրում մի կախարդ պարսկուհու, որպեսզի ազատի որդուն դևերից։ Ամիսներ շարունակ պառավը գնում-գալիս է, սակայն ոչինչ չի հաջողվում, և մի օր գալիս է կախարդը և, քուրսի տակ դնելով, Սոնային այնքան է պահում մինչև շունչը փչում է[2]։
«Չար ոգին» ստեղծագործությամբ Շիրվանզադեն շարունակում է «Նամուս» վեպում առաջադրած գաղափարը՝ գավառական հետամնացության մերժումը։ Եթե «Նամուս» վեպում գավառական հետամնացությունը մերժելու համար Շիվանզադեն միջոց դարձրեց գավառական քաղաքի կողմից ընդունված բարոյական օրենքների խախտումը, ապա «Չար ոգին» ստեղծագործության մեջ նա այս խնդրին անդրադառնում է հիվանդության՝ ընկնավորության, միջոցով, որը մասնակի երևույթ էր քաղաքում։ Նա կերտում է բարոյական բարձր նկարագիր ունեցող մարդկանց կերպաներ՝ Մուրադ, գիժ-Դանել, և նրանց միջոցով հաստատում առաքինի մարդու իր իդեալը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.