From Wikipedia, the free encyclopedia
Ուխտանես (935 - մոտ 1000[1]), 10-րդ դարի հայ պատմիչ, եկեղեցական գործիչ, Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։
Ենթադրվում է, որ ծնվել է Սեբաստիայում, որովհետև պահպանված միակ հին ձեռագրի ընդհանուր վերնագրից հետո գրված բացատրագրում գրված է. «Զպատմութիւն յերիս հատուածս, զոր ասացեալ է տեառն Ուխտանիսի ՍԵ Ե եպիսկոպոսի ի խնդրոյ հօրն Անանիայի Նարեկայ վանաց առաջնորդի և նախաշար վարդապետի»: ՍԵ նշանակում էր Սեբաստիա, քանի որ եպիսկոպոս բառից առաջ ուրիշ բան չէր կարող լինել, իսկ Ե-ն` եպիսկոպոս բառի առաջին տառը: Այլ փաստարկներ ևս կան: Հռոմեացի Լիկիանեսը Սեբաստիայում սպանում 40 երեխայի, իսկ Ուխտանեսը ինքն է տոն սահմանում այդ դեպքի օրը, իսկ տոն սահմանելը միայն գավառի կամ քաղաքի առաջնորդը` եպիսկոպոսը, իրավունք ուներ: Այս մասին հաղորդում է Վարդան Արևելցին: Սակայն ամենապատկառելի հաղորդումը հենց իր Ուխտանեսի հաղորդումն է այդ մասին: Ուխտանեսին Սեբաստայի եպիսկոպոս է կոչում նաև 13-րդ դարի պատմիչ Մխիթար Այրիվանեցին, հիշեցնելով Ուխտանեսի գրքի երրորդ մասը, որը վերաբերում էր Փարսմանի հետ կապված դեպքերին, որը «...պատմէ սուրբն Ուխտանէս եպիսկոպոսն Սեբաստիոյ»: 13-րդ դարի մեկ այլ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը ևս նրան Սեբաստիայի եպիսկոպոս է նշում: Սակայն 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին նրան համարում էր Ուռհայեցի: Ուխտանեսը սիրում էր ճանապարհորդել և եղել է նաև Ուռհայում, որի արձագանքն էլ հավանաբար կրել է Գանձակեցին: Իսկ Սեբաստիայից լինելը հաստատվում է նաև Սեբաստիայի աշխարհագրության վերաբերյալ Ուխտանեսի լավատեղյակությամբ: Ժամանակակից հայ գրականության մեջ Մ. Չամչյանը հարում է Կիրակոս Գանձակեցու տված հաղորդումներին:
Գրել է երեք մասից բաղկացած «Հայոց պատմություն» երկասիրությունը, որից պահպանվել են միայն առաջին և երկրորդ հատվածները։ Գրքի առաջին մասում շարադրում է Հայաստանի վաղնջական պատմությունը՝ սկզբից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանը՝ հիմնվելով հիմնականում Մովսես Խորենացու աշխատության վրա։ Երկրորդ մասը նվիրված է 7-րդ դարի սկզբին տեղի ունեցած Վրաց և Հայոց եկեղեցիների բաժանման պատմությանը։ Նյութը շարադրելիս հեղինակը մեջբերում է ժամանակաշրջանի Հայոց և Վրաց կաթողիկոսների, Սմբատ Մարզպանի և Վրաց կաթողիկոս Կյուրիոնի ողջ թղթակցությունը։ Աշխատության երկրորդ հատվածի 26 գլուխները թղթակցություններ են, 44-ը՝ հեղինակի պատմական մեկնաբանություններ։
Ուխտանես եպիսկոպոսի գրքի աշխարհաբար թարգմանությունը կատարել է հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը, նրա թարգմանությունը հրատարակվել է հետմահու՝ 2006 թ.։
Ուխտանեսի գրքի հրատարակիչ Աբել Մխիթարյանը նշում է, որ պատմիչը կարևոր տեղեկություններ է տալիս վրացիների` մեզանից բաժանվելու, Մովսես Բ և Աբրահամ Ա կաթողիկոսների մասին, որոնք գործել են 6-րդ դարում: Ղևոնդ Ալիշանը բարձր է գնահատում Ուխտանեսի լեզուն ու ոճը` համարելով շատ գեղեցիկ և կոկիկ: Նշում է, որ գրվածքը Խորենացուց քաղվածք է, բայց կան նաև նորություններ` Շապուհից բերված Դավթի թագի մասին, Հրաչեյի և Տրդատի մենամարտը, Տրդատի դաշինքը Կոստանդիանոսի հետ, հայոց երեսուն աթոռընկալ եպիսկոպոսների մասին, Ամասիայի վկայության, Շուշանիկի` Ուփրեթ բերդում տառապանքի:
Ուխտանեսի «Հայոց պատմություն» գիրքը ամենամանրամասն ուսումնասիրությունը կատարել է Ներսես Ակինյանը: Նշում է, որ գրքի առաջին հատվածը բանասիրական արժեք ունի` զրույցների քննության առումով: Նաև նշում է Շապուհ Բագրատունու գրքից մի ամբողջ գլխի արտագրությունը Ուխտանեսի կողմից: Ըստ Ակինյանի Ուխտանեսը ամենայն մանրամասնւթյամբ գրել է Հայոց և Վրաց եկեղեցիների անջատման մասին, օգտվել է Մովսես Կաղանկատացու «Աղուանից պատմութիւն», Սեբեոսի «Հերակլի պատմութիւն», Կիրակոս քահանայի` վրացերենից թարգմանած երկու նամակները, Մովսեսի` Կյուրոնին գրած և Կյուրոնի` Մովսեսին գրած թղթերը, որոնք ոչ մի տեղ չկան: Ուխտանեսը հարգանք էր տածում իր ուսուցչի` Անանիա Նարեկացու հանդեպ: Նա հետևում է Խորենացուն` ձգտելով ամեն ինչ ստուգել և հետո գրի առնել:
Աբրահամ Զամինյանը գրում է, որ Ուխտանեսը վախճանվել է 986 թ. առաջ, որովհետև այդ ժամանակ Սեբաստիայի առաջնորդն էր Սիմոն եպիսկոպոսը: Ուխտանեսի մասին նշում է, որ համեմատ իր ժամանակի գրողների` նրա լեզուն ավելի սահուն էր:
Ուխտանեսը անտեսված է մնացել, և այդ անտեսվածությունը ունի իր պատճառները: Նրա գրքի առաջին մասը քաղագրություն է: Դա մի նամակ է, որը պատմիչը հղել է իր մեկենասին: Ուխտանեսին պատմություն գրելու պահանջով դիմել էր Անանիա Նարեկացին: Ուխտանեսի գիրքը ֆրանսերեն թարգմանող Մարի Բրոսեն, հավանաբար, բաց թողեց` գլուխ չհանելով: Բայց հենց այս գրքի շարադրանքը ցույց է տալիս, որ նա դպրոցական կրթությունից ավելի բարձր կրրթություն ունի, քանի որ Անանիա Նարեկացին էր նրան հանձնարարել Հայոց պատմություն գրել:
Ուխտանեսի առաջին գիրքը պատմություն գրելու մասին նամակ-հանձնառություն է, որն ուղղված է Անանիա Նարեկացուն: Փորձում է այստեղ Աստվածաշնչի տարբեր խոսքերով հիմնավորի իր գործը: Առաջին գիրքը նաև առաջաբան է , որտեղ պատմիչը տեղեկացնում է, թե ինչի մասին է գրելու: Առաջաբանից հետո Ուխտանեսը հաջորդ 26 մասերում քաղվածաբար կամ բառացի արտագրելով` շարադրում է Խորենացու աշխատությունից հատվածներ: Առաջին հատվածը պահպանվել է ամբողջությմաբ: Երկրորդ հատվածից քիչ բան է կորսված, այն հիմնված է «Գիրք թղթոցի» վրա: Այն վերաբերում է Հայոց և Վրաց եկեղեցիների բաժանվելուն, այսինքն Կյուրոնի` քաղկեդոնականությոն ընդունելու և Հայոց եկեղեցու գերիշխանությունը մերժելուն: Ինչ վերբերում է երրորդ հատվածին, ապա այն հաստատապես եղել է: Ուխտանեի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում մտավորական շարժումը կենդանի էր և կային մարդիկ, որոնք պահանջ էին դնում գրելու ժողովրդի պատմությունը: Ուխտանեսի գիրքը նաև գնահատվել է այն առումով, որ օգտագործել է պաշտոնական թղթեր, նամակներ, մանր գրություններ:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.