From Wikipedia, the free encyclopedia
Շահեն Զինավորի Մեղրյան («Շահումյանի արծիվ»[1], հունվարի 2, 1952, Գյուլիստան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ – ապրիլի 17, 1993, Գյուլիստան, Շահումյանի շրջան, Արցախի Հանրապետություն), հայ հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ «Արցախի հերոս» (2014 թվականի հոկտեմբերի 24)։
Շահեն Մեղրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1952 |
Ծննդավայր | Գյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 17, 1993 (41 տարեկան) |
Մահվան վայր | Գյուլիստան, Արցախ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ |
Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969 թվականին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1975 թվականին ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան։ Սկզբում աշխատել է որպես տնտեսագետ, ապա շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար։ 1981-1988 թվականներին եղել է պահածոների գործարանի տնօրեն, 1988-1991 թվականներին` Ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-1992 թվականներին՝ շրջանի շրջկոմի նախագահ և առաջին քարտուղար։)
Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988 թվականին։ Շահեն Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել ինքնապաշտպանական զինված ջոկատներ։ 1990 թվականին անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։ 1990 թվականի հունվարի 9-ին հուղարկավորության գնացող շրջանի ղեկավարությանը Մարտունաշենի ճանապարհին թշնամին պատանդ է վերցրել։ Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի է ունեցել Մանաշիդ գյուղում, 1990 թվականի հունվարի 12-13-ին, երբ ադրբեջանցի զինյալները փորձել են գյուղի բնակիչներին տեղահանել. շրջանի կամավորականների նորաստեղծ խմբերը հետ են շպրտել նրանց գյուղի սահմաններից։ Թշնամին մեծ կորուստներ է ունեցել այդ մարտում։
1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ Նույն տարվա հունիսին ադրբեջանցիները, ռուս վարձկանների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ Շահենը իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին երեք գյուղերը[2]։ Այդ օպերացիան առաջիններից էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքներն ազատագրել։
1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ ճնշվեցին Թոդան ադրբեջանական գյուղի կրակակետերը։ Մինչև շրջանի անկումը, հետ են մղվել թշնամու շրջանի ամբողջ ճակատով ձեռնարկած զինված հարձակումները։
1992 թվականի հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել 25 կամավորներից բաղկացած խումբ, որի գլուխ անցած նա ներթափանցեց թշնամու թիկունքը։ Այդպես սկսվեց պարտիզանական շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Նրանց անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։
Այսպես կոչված Գյուրանբոյի գումարտակի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, որտեղ ադրբեջանցի զինվորականները խուճապահար փախչում էին հայ ազատամարտիկների ճնշման տակ, նկարահանել է օպերատոր Նևզորովը և ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով։ Այդ գործողությունում մեծ էր Շահենի ու նրա մարտիկների ներդրումը։ 1993 թվականի մարտի 11-ին ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։1993 թվականի ապրիլին վերահսկողություն սահմանվեց Գյուլիստանի և շրջակա մի շարք կարևոր բարձունքների նկատմամբ։ Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը։
1993 թվականի ապրիլի 17-ին Գյուլիստանի երկնքում խոցվեց այն ուղղաթիռը, որով Շահենը և նրա մարտական ընկերներն էին ցանկանում ուղևորվել Երևան։ Շ. Մեղրյանի զոհվելը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին դասելու փորձերն անհիմն են[փա՞ստ]։ Առկա են բազմաթիվ վարկածներ, այդ թվում ադրբեջանցիների կողմից ուղղաթիռը խոցելու մասին։
1993 թվականի հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ։ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին շնորհվել է ԼՂՀ բարձրագույն՝ Արցախի հերոս կոչումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.