Remove ads
քրդական տոհմ From Wikipedia, the free encyclopedia
Շադդադյաններ, Շադդադեանք, քրդական ծագում ունեցող ամիրայական տոհմ միջնադարյան Հայաստանում (951-1199)։ Համարվում էր Հարավային Կովկասի առավել ուժեղ քրդական իշխանական տոհմը[1]։ Նրանք աճել էին գրեթե ամբողջ Արևելյան Հայաստանը։ Քաղաքական ասպարեզից հեռացրել են հայազգի Զաքարյան իշխանները։
Շադդադյաններ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | Բագրատունյաց Հայաստան |
Տիրույթներ | Գանձակի Դվինի և Անիի ամիրայություններ |
Ծագում | Մուհամմադ իբն Շադդադ |
Հիմնում | 961 |
Ավարտ | 1199 |
Ազգային պատկանելիություն | քուրդ |
Դավանանք | Իսլամ |
Շադդադյանների մասին սեղմ գրություններ կան վրացական «Քարթլիս ցխովրեբայում», և հայ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցու (10-11-րդ դարեր), Արիստակես Լաստիվերցու (11-րդ դար), Սամվել Անեցու (12-րդ դար) և Վարդան Արևելցու մոտ (13-րդ դար)[2]։
Իրանական ավանդույթներին զուգահեռ Շադդադյանների՝ որպես տոհմի ձևավորման վրա լուրջ ազդեցություն են թողել հայ ազնվական ընտանիքները, որոնց հետ նրանք բարեկամական կապեր են հաստատել։ Իրենց անվանումների մեջ հանդիպում են ինչպես տիպիկ իրանական անուններ, ինչպիսին է Լաշկարի, այնպես էլ հայկական անուններ՝ Աշոտ։ Դա հետևանքն ու արդյունքն է Շադդադյանների մանևրական քաղաքականության՝ մի կողմից Ատրպատականի ու Շիրվանի ամիրայությունների, մյուս կողմից՝ հայ և վրաց իշխանությունների ու թագավորությունների միջև։ Պարսիկ բանաստեղծ Կատրան Թավրիզին, ով ապրում էր Գանձակի Շադդադյանների պալատում, նույնիսկ ընդգծում էր նրանց կապը հայերի հետ՝ Փադլուն III -ին անվանելով «Բագրատունիների տան հպարտություն»[3]։
Շադդադյանները կարողացել են իշխանություններ հիմնել Ուտիքում (Տավուշ-Գարդման, Գանձակի ամիրայություն) և Այրարատում (Դվինի, ապա՝ Անիի ամիրայություններ)։
Շադդադյանների առաջին ներկայացուցիչը՝ Մուհամմադ իբն Շադդադը, 951 թվականին գրավել է Դվինը։ Սկզբում նա քաղաքից դուրս կառուցում է ամուր բերդ։ Աշոտ Ողորմած թագավորի զորքերը օգնության են հասնում Բագրատունիների վասալ արաբ Մուսաֆարիներին, և քաղաքը հետ է գրավվում։
954 թվականին Ատրպատականի տիրակալ Սալլար Մարզուբանն է տիրել քաղաքին, Շադդադյանները ապաստանել են Վասպուրականում, իսկ 971 թվականին՝ հաստատվել Գանձակում։
Մուհամմադ իբն Շադդադի որդի Փադլունը, ով ռազմական ծառայության մեջ էր Համդանիների մոտ, ստանում է նրանց թուլատվությունը և ուղևորվում Գանձակ՝ այն լեռնային ցեղերից պաշտպանելու նպատակով։ 969-970 թվականներին նրան է միանում նաև իր եղբայր Լաշկարին։ Տեղական բնակչության օգնությամբ վերջինս հաստավում է գահին ու դառնում է ամիրա։ 978 թվականին նրան հաջորդում է եղբայրը՝ Մարզուբանը։ Մի քանի տարուց նա գահընկեց է արվում Փադլունի կողմից (985-1031 թթ.)։
993 թվականին Փադլուն ամիրան գրավում է Պարտավը և Բայլականը։ Շադդադյանները հանդես են գալիս որպես իսլամի երդվյալ պաշտպաններ՝ մարտնչելով հայ ու վրացի իշխանների դեմ։ Շադդադյան հեգեմոնիայի հաստատումից հետո վրաց թագավոր Բագրատ Դ-ն պաշարում է Շամքիր քաղաքը։ 1027 կամ 1030 թվականին Փադլուն ամիրան պարտություն է կրում։ Նրան հաջորդում է որդին՝ Մուսան (1031-1034 թթ.)։
Մուսայի հաջորդը՝ Աբու ալ-Հասան Լաշկարին, շարունակում է պայքարել վրացիների ու հայերի դեմ՝ իր պապի համար վրեժ լուծելու նպատակով։ 1054 թվականին Շադդադյանները և Ռավվադիները ընդունում են Սելջուկյան սուլթան Տուղրիլի գերիշխանությունը։ Նոր իշխան Փադլուն II-ը մեծ հարկ էր վճարում սելջուկներին։ Վերջում սուլթան Մալիքշահը (1072-1092 թթ.) իր ստրուկ Սավ Տեգինին նվիրում է Գանձակի ամիրայության տարածքը։
Գանձակի ամիրայությունը, այսպիսով, գոյատևում է մինչև 11-րդ դարի վերջը։
Մուհամմադ իբն Շադդադը փախչում է Վասպուրականի թագավորություն և ապաստան խնդրում նրա թագավոր Աշոտ-Դերենիկից (943-958 թթ.)։ Մուհամմադի մահից հետո (955 թ.) նրա որդի Լաշկարին որոշ տարածքներ է ստանում Սյունիքից։ Շադդադյաններն իրենց իշխանությունը Դվինում վերականգնում են 10-րդ դարի վերջում՝ Մուհամմադ իբն Շադդադ Փադլունի օրոք։
1022 թվականից սկսած Դվինի ամիրայությունում իշխում է Աբու ալ-Ասվարը։ Նա 1040 թվականին փորձեց գրավել Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինից (990-1048 թթ.), սակայն ապարդյուն։ Գանձակում հաստատված Շադդադյանների աթաբեկության և Դվինի ամիրայության հարաբերությունները ու կապերը թուլացել էին։ Աբու ալ-Ասվարը օգտագործվում է որպես գործիք՝ Բյուզանդական կայսրության ձեռքում։ Անիի թագավորության անկումից հետո բյուզանդացիները չեն կատարում իրենց խոստումները։ Աբու ալ-Ասվարին մնում են միայն իր գրավված հայկական մի քանի բերդերը։ Ավելին, 1045 թվականին բյուզանդական զորքերը հարձակվում են Դվինի ամիրայության վրա։ Կայսերական զորքերը, սակայն, պարտություն են կրում։ Պատմիչ Հովհան Սկիլիցան Աբու ալ-Ասվարին անվանում է «Դվինի ու Պարսկահայքի արքոնտ»։
Շադդադյանները Դվինում իշխում են մինչև 1130 թվականը։
Շադդադյանների մի ճյուղը 1064 թվականին հաստատվել է Անիում և ընդմիջումներով իշխել մինչև 1199 թվականը։ Անիի Շադդադյանների ճյուղի հիմնադիր Մանուչեն մոր (Հայոց թագավոր Աշոտ Քաջի դուստրը) կողմից հայ էր։
Անիի Շադդադյանների իշխանության պայմաններում հայ իշխաններից իրենց հողատիրական իրավունքները պահպանել են Պահլավունիները և Ապիրատյանները։ Մանուչեի հաջորդները ուժեղացրել են բնակչության շահագործումը, որի հետևանքով Անիի հայ ազգաբնակչությունը 1161 թվականին ապստամբել է։ Հայ-վրացական զորքերը պարտության են մատնել Շադդադյաններին և գրավել քաղաքը։ Շուտով Շադդադյանները վերագրավել են Անին, սակայն 1199 թվականին հայկական զորքերը Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ ազատագրել են այն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.