From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաուս Լենաու (գերմ.՝ Nikolaus Lenau, իսկական անուն-ազգանունը՝ Նիկոլաուս Ֆրանց Նիմբշ, էդլեր ֆոն Շտրելենաու, օգոստոսի 13, 1802[1][2][3][…], Lenauheim, Հունգարիայի թագավորություն[4][1][5][…] - օգոստոսի 22, 1850[4][6][1][…], Oberdöbling, Դյոբլինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[1][5]), ավստրիացի ռոմանտիկ բանաստեղծ։ Համարվում է «համաշխարհային վշտի» գերմանալեզու խոշորագույն երգիչը և Ավստրիայի մեծագույն քնարերգուն[9][10][11]։
Նիկոլաուս Լենաու գերմ.՝ Nikolaus Franz Niembsch von Strehlenau | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1802[1][2][3][…] |
Ծննդավայր | Lenauheim, Հունգարիայի թագավորություն[4][1][5][…] |
Վախճանվել է | օգոստոսի 22, 1850[4][6][1][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Oberdöbling, Դյոբլինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[1][5] |
Գերեզման | Weidling Cemetery[7] |
Գրական անուն | Nikolaus Lenau[8] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և բանաստեղծ-փաստաբան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Անդամակցություն | Q21406862? |
Nikolaus Lenau Վիքիպահեստում |
Ծնվել ու մեծացել է աղքատացած ազնվականի ընտանիքում (հայրը տարվել էր մոլեխաղերով ու տանուլ տվել ունեցվածքը)։ Վիեննայում ու Հայդելբերգում ուսումնասիրել է իրավունք, փիլիսոփայություն, բժշկագիտություն, ուսանողության տարիներին մտերմացել Գուստավ Շվաբի և նրա բանաստեղծական դպրոցի այլ ներկայացուցիչների հետ։ 1831 թվականին բնակություն է հաստատել Շտուտգարտում, որտեղ աշխատակցել է Իոհան Ֆրիդրիխ Կոտտիի համբավավոր Morgenblatt für gebildete Stände ամսագրին։ Հաջորդ տարում լույս է ընծայել միանգամից երկու բանաստեղծական ժողովածու՝ Gedichte-ն և Schilflieder-ը (1832 թ.), որոնք արժանացել են ջերմագին ընդունելության և նրան բերել են «գերմանական Բայրոնի» համբավ։ Լենաուի բանաստեղծությունները սրտեր էին գրավում մելամաղձիկ տրտմությամբ, բնության գողտրիկ պատկերներով, ապշեցուցիչ երաժշտականությամբ[12]։ Գրականագետներն ու ընթերցողները առանձնապես բարձր են գնահատել նրա Savonarola (1837) և Neuere Gedichte (1938) ժողովածուներում ամփոփված ստեղծագործությունները։
Բանաստեղծի ներաշխարհի վրա հսկայական ու ճակատագրական ազդեցություն է գործել անպատասխան սերը, որ տածել է իր ընկերոջ կնոջ՝ Սոֆի ֆոն Լևենթալի (Sophie von Löwenthal; 1810-1889) նկատմամբ։ Այդ հողի վրա նա հիվանդացել է, 1844 թվականի հոկտեմբերին՝ վաղ առավոտյան դուրս է նետվել տան պատուհանից (հավանաբար ցանկացել է վերջ տալ կյանքին)։ Այդ դեպքից հետո վեց տարի պահվել է Վիեննայի մոտ գտնվող Օբերդյոբլինգի հոգեբուժարանում, որտեղ էլ 1850 թվականին՝ 48 տարեկան հասակում կնքել է իր մականացուն։ Թաղվել է Վայդլինգում՝ Կալենբերգ սարի լանջին[13]։
1854 թվականին հրատարակվել է Նիկոլաուս Լենաուի կյանքի պատմությանը նվիրված առաջին գիրքը, որի հեղինակը նրա ընկերն էր՝ Լյուդվիգ Ավգուստ Ֆրանկլը (Գերմաներեն): 1891-ին վերջինս լույս է ընծայել բանաստեղծի օրագրություններն ու նամակները։ Մինչ այդ՝ 1855 թվականին լույս էր տեսել Լենաուի ստեղծագործությունների քառահատոր ժողովածուն, որը կազմել էր Անաստազիուս Գրյունը։ Այդ նույն տարում Ֆերդինանդ Կյուռնբերգերը գրել է «Ամերիկայից հոգնածը» երգիծավեպը, որի գլխավոր հերոսի նախատիպ է հանդիսացել Լենաուն[14]։
Լենաուի ստեղծագործությունը ազդեցություն է գործել նշանավոր փիլիսոփաներ Կիերկեգորի ու Նիցշեի վրա. նրանք բարձր են գնահատել ավստրիացի բանաստեղծի պոեզիան։
Լենաուի պոեմների հիման վրա կինոռեժիսոր Մարսել Լ'Էրբիեն նկարահանել է «Դոն Ժուանն ու Ֆաուստը» գեղարվեստական կինոնկարը (1922)։ Բանաստեղծի կյանքի ուշագրավ դրվագներն արտացոլված են Պետեր Հերտլինգի «Նիմբշ» վեպում (1964)։
Լենաուի բանաստեղծությունների տեքստերի հիման վրա երգեր են գրել Ֆելիքս Մենդելսոնը, Ֆաննի Մենդելսոնը, Ռոբերտ Շումանը, Ֆերենց Լիստը, Հուգո Վոլֆը, Ռիխարդ Շտրաուսը, Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը, Անտոն Ռուբինշտեյնը, Նիկոլայ Մետները, Չարլզ Այվզը, Ռոբերտ Ֆրանցը և այլ կոմպոզիտորներ։
Նիկոլաուս Լենաուի անունով են կոչվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի մեկական փողոց ու զբոսայգի։ Տրանսիլվանյան այն գյուղը, որտեղ ծնվել է բանաստեղծը, 1926 թվականին վերանվանվել է՝ կոչվելով նրա պատվին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.