Նեոպլատոնականություն կամ նորպլատոնականություն, անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղություն, ստրկատիրության քայքայման և ֆեոդալիզմի սկզբնավորման դարաշրջանի (III—VI դարերի) իդեալիստական հոսանք։ Նեոպլատոնականություն պլատոնականությանը հաղորդել է միստիկական բնույթ՝ միախառնելով դրան Արիստոտելի, ստոիցիզմի, պյութագորասականության և Արևելքի խորհրդապաշտական ուսմունքների մի շարք գաղափարներ։ Նեոպլատոնականության հիմնադիրը Պլոտինն է, այն զարգացրել են Պորփյուրը, Ցամբլիքոսը, Պրոկլեսը, Բոեցիուսը։ Բաժանվել է հռոմեական-աթենական, սիրիական, պերգամական և ալեքսանդրյան դպրոցների։ Պարտություն է կրել միաստվածության դեմ պայքարում։ Նեոպլատոնականության մեջ հիմնականը Պլոտինի եռյակի՝ «միասնականի», «մտքի» և «հոգու» մասին ուսմունքի մշակումն է։ Կեցության աղբյուրը «միասնականն» է («առաջնամիակը»)՝ աստվածը։ Նրանից ներքև գտնվող «մտքի», «հոգու», «կոսմոսի» և «մատերիայի» կեցությունները «միասնականի» էմանացիայի տարբեր աստիճաններն են, նրա լույսի հետզհետե նվազող դրսևորումները։ Այդ արտազեղման ընթացքում տեղի է ունենում կեցության բազմապատկում, որը վերջին աստիճանում հանդես է գալիս որպես նյութական աշխարհ, բացարձակ հոգևոր կեցության այլակեցություն՝ «խավար»։ Մարդկային հոգիները, որոնք համաշխարհային անմահ հոգու մասնիկներն են, սկիզբ են տալիս մարդկանց մարմիններին։ Մահվանից հետո հոգիները վերաբնակվում են այլ մարմինների մեջ։ Նեոպլատոնականության իմացաբանությունը պարունակում է Պլատոնի և Արիստոտելի դիալեկտիկայի տարրեր և ունի ռացիոնալիստական բնույթ, թեև ընդունվում են էքստազը, «միասնականի» հետ վերամիավորելու հոգու գերբնական խոյանքը։ Իմաստությունը համարվել է ընդհանրացման արվեստ, էմանացիային հակադիր՝ բազմությունից դեպի միասնություն ընթացող պրոցես։ Նեոպլատոնականները զբաղվել են Պլատոնի և Արիստոտելի երկերի մեկնաբանություններով, բնափիլիսոփայության, մաթեմատիկայի, տրամաբանության հարցերով։ Նեոպլատոնականությունը նպաստել է քրիստոնեական, ինչպես նաև Միջնադարի առաջավոր փիլիսոփայության ձևավորմանը։ Նեոպլատոնականության դիալեկտիկան և մարդաբանությունը, որպես սխոլաստիկայի դեմ պայքարի զենք, օգտագործել են Վերածննդի մի շարք մտածողներ։ Հայ փիլիսոփայության մեջ նեոպլատոնականությունը խաղացել է կարևոր դեր, եղել անտիկ գիտության ավանդների կրողը։ Նեոպլատոնականության խոշոր ներկայացուցիչ է Դավիթ Անհաղթը։ Նեոպլատոնականության գաղափարների տարածմանը նպաստել են Նեմեսիոս Եմեսացու, Գրիգոր Նյուսացու և Դիոնիսիոս Արեոպագացուն վերագրված երկերի՝ Ստեփանոս Սյունեցու թարգմանությունները։ Նեոպլատոնականության գաղափարները արտահայտվել են նաև Գրիգոր Նարեկացու աշխարհայացքում։
Արտաքին հղումներ
- Neoplatonism - Stanford Encyclopedia of Philosophy
- International Society for Neoplatonic Studies Արխիվացված 2023-07-19 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 229)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.