From Wikipedia, the free encyclopedia
Մսագործը մարդ է, ով կարող է զբաղվել կենդանիների սպանդով, մսեղիքի տեսակավորումով, մսի վաճառքով, կամ` համատեղել դրանցից յուրաքանչյուրը։ Մսագործը կարող է պատրաստել անասունի կամ ընտանի թռչունի մսեղիքը շուկայում մեծածախ կամ մանրածախ վաճառքի հանելու համար։ Մսագործը կարող է վարձու աշխատանք կատարել հանրախանութներում, նպարավաճառանոցներում, մսավաճառանոցներում, ձկնաշուկաներում, սպանդանոցներում, կամ` լինել ինքնազբաղված[1]։ Աշխարհի տարբեր մասերում մսագործներն իրականացնում են նաև ծիսական մորթ («շխիթա», «զաբիհա» ևն) և կենդանիների զոհաբերություն։
ամերիկացի մսագործն աշխատելիս | |
Մասնագիտություն | |
---|---|
Հոմանիշներ | Ղասաբ |
Գործունեության ոլորտ | Սննդի արդյունաբերություն |
Նկարագրություն | |
Ունակություն | Աշխատանք մսի հետ |
Աշխատանքային դաշտ | Վաճառք |
Կապված մասնագիտություններ | Անասնաբուծություն |
Մարդը միսը սկսել է կտրատել քարե գործիքներով ավելի քան 3 միլիոն տարի առաջ, սակայն մսագործությունը, որպես առանձին մասնագիտություն, հիշատակվում է միայն միջնադարում։ Այդ ժամանակաշրջանում մսագործները միանում էին գիլդիաների մեջ[2]։ Ժամանակակից մսագործներից պահանջվում է հատուկ հավաստագիր, տարբեր երկներում` նաև մի քանի տարվա աշակերտություն[3][4]։
Մոտ 2000 տարի առաջ գալլերը մսամթերքից պատրաստում էին երշիկ[5]։ Մեր թվարկության երկրորդ դարի մի հռոմեական որմնանակարի վրա պատկերված է մսավաճառանոց, որը մսագործի աշխատանքի հայտնի ամենահին պատկերն է[6]։ Սակայն, որոշ գիտնականների համոզմամբ, մարդկային հասարակության մեջ մասնագիտացած մսագործներ եղել են արդեն 12.000 տարի առաջ[7]։ Մսագործների մասին տեղեկություններ կան 10-12-րդ դարերի Անգլիայում։ 1272 թվականին Յորքում ստեղծվել է մսագործների գիլդիա[2]։ 1369 թվականին Էդուարդ III-ը Լոնդոնում արգելել է զբաղվել մսագործությամբ` քաղաքում տարածվող արյան և փորոտիքի հոտի և Թեմզա նետվող փտած մսի պատճառով[8]։ Միջնադարի ֆրանսական մսագործներն ունեին մեծ ազդեցություն և հեղինակություն[9]։
14-րդ դարում ժանտախտի համաճարակի պատճառով ցանքատարածությունների նվազման հետևանքը եղել է նաև Մերձավոր Արևելքում արոտավայրերի քանակության աճը, ինչն էլ իր հերթին նպաստել է անասունների գլխաքանակի ավելացմանը և մսի սպառման ծավալների ավելանալուն[10]։ Դրա հետևանքով Մերձավոր Արևելքի մսագործների հասարակական կարևորությունը բարձրացել է։
Հայերենում և արևելյան շատ լեզուներում (պարսկերեն, թուրքերեն, հինդի ևն) մսագործներին անվանելու համար միջնադարում լայն տարածում է ստացել արաբերեն خصب (խասաբ) բառը, որը ժամանակակից արաբերենում ունի «բարեկեցիկ» իմաստը։ Պորտուգալերեն açougue (մսագործ) բառը ևս ունի արաբական ծագում (سوق - վաճառական)։ Եվրոպական մի քանի լեզուներում (անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն ևն) մասնագիտության անվանումն ունի լատինական ծագում և նշանակում է այծ մորթող[11]։
1556 թվականին Անգլիայում 24 տարին սահմանվել է մսագործությամբ զբաղվելու նվազագույն տարիք, իսկ աշակերտության նվազագույն ժամկետը` 7 տարի[12]։ Ներկայում Կանադայում, գերմանալեզու և մի քանի այլ երկրներում նվազագույն աշակերտության ժամկետը սահմանվել է 3 տարի[13]։
Մսի արտադրության ավտոմատացումը բերել է մսագործների թվի նվազման, սակայն ներկայում մսագործները գործարաններում զբաղվում են մսի տեսակավորմամբ, ոսկրատմամբ ևն։ Սակայն զարգացող երկրներում մսագործները շարունակում են կարևոր դեր և հեղինակություն ունենալ հասարակության մեջ։ Թեև 20-րդ դարի երկրորդ կեսին մսի վերամշակումը բազմաճյուղ է դարձել, այդուամենայնիվ «մսագործ» հավաքական անվանումը շարունակում է օգտագործվել մինչ այժմ։
20-րդ դարում շատ պետություններում սահմանվել են մսի փաթեթավորման և պահպանության կանոններ[14]։
Մսագործներից շատերն իրենց ապրանքը վաճառում են մասնագիտացված խանութներում` մսավաճառանոցներում։ Մսագործները մսավաճառանոցում ավանդաբար չեն անում մորթ և մսեղիքի առաջնային կտրատում, այլ` կտրատում են մսեղիքի կտորները և տեսակավորում դրանք։ Մսավաճառանոցներում կարող են մսից բացի վաճառվել նաև սեփական արտադրության մսամթերք (երշիկեղեն, կիսաֆաբրիկատներ ևն), միս պատրաստելու հարմարանքներ, հացամթերք և նպարեղեն։ Մսավաճառանոցում կարող են վաճառվել տարբեր անասունների, տեսակների և որակների մսեր։ Բացի այդ` մսավաճառանոցները կարող են ունենալ մշակութային, ազգային կամ այլ ուղղվածություն։ Որոշ մսավաճառանոցներ կարող են մասնագիտանալ մսային նրբախորտիկների վաճառքում[15]։
Զարգացած շատ երկրներում մսավաճառանոցների քանակը և դերը նվազել են հանրախանութների թվի աճին զուգահեռ։ Դրանցից շատերում գործում են երկրորդական մսավաճառանոցներ, որոնց մսավաճառները հիմնականում վաճառում են ոչ թե միս, այլ մսի կիսաֆաբրիկատներ։
Շատ երկրներում մսի արտադրամասերում աշխատող մսագործների համար սահմանվում են աշխատանքային հանդերձավորման չափանիշներ, որոնք իրարից գրեթե չեն տարբերվում և հիմնականում հետևյալն են.
Մսեղիքի տեսակավորումը անասունի մսեղիքի կտորների առաջնային տեսակավորումն է։ Տարբեր մշակույթներում և ժողովուրդների մոտ մսեղիքի տեսակավորման տարբեր ձևեր կան։ Տեսակավորումը նաև կախված է մսեղիքի տեսակից։ Օրինակ` եվրոպական խոհանոցներում խոզի մեջքաճարպը խոզի մսեղիքի կարևոր կտոր է, սակայն Հյուսիսային Ամերիկայում այն չի առանձնացվում մնացյալ խոզաճարպից։ Մսեղիքի կտորները կարող են վաճառվել ամբողջական կամ ավելի մանր կտորների տեսքով։
Հայաստանում մսեղիքի տեսակավորումը սահմանված չէ և գրեթե չի իրականացվում։
Պատմության տարբեր հատվածներում շատ ժողովուրդների մոտ մսագործ բառն օգտագործվել է այլ մարդկանց սպանող կամ դաժան վերաբերմունք ցուցաբերող մարդկանց բնորոշելու համար։ Օրինակ՝ հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսին անվանում էին «պատանի մսագործ» (լատին․՝ adulescentulus carnifex), քանի որ նա, իր քաղաքական գործունեության վաղ շրջանում, դաժանաբար ոչնչացնում էր իր գաղափարական հակառակորդներին։
Գեղարվեստական մշակույթում մսագործները հիմնականում ներկայացվում են բացասական երանգներով` անխնա, դաժան, մարդատյաց։ Մսագործների կերպարն (արյունոտ գոգնոց, մսագործի դանակ) օգտագործվում է սարսափ ֆիլմերում` վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Սակայն կան ֆիլմեր, որտեղ մսագործները պատկերված են դրական երանգներով, հիմնականում` հասարակության կողմից բավականաչափ ուշադրության չարժանացող մարդկանց կերպարներով։
Գերմանացի մարդակեր Արմին Մայվեսին նվիրված Rammstein խմբի Mein Teil տեսահոլովակում նա ներկայացվել է որպես «ավագ մսագործ» (գերմ.՝ Der Metzgermeister) և նրան պատկերելու համար օգտագործվել է չար մսագործի ավանդական կերպարը։
Կերպարվեստում մսագործները հիմնականում ներկայացվում են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.