From Wikipedia, the free encyclopedia
Մհեր Արամի Ջուլհաճյան, (նոյեմբերի 28, 1967 Բեյրութ, Լիբանան - օգոստոսի 23, 1993 Մարտունու շրջան, Արցախ), լիբանանահայ ազատամարտիկ։
Մհեր Արամի Ջուլհաճյան | |
---|---|
նոյեմբերի 28, 1967 - օգոստոսի 23, 1993 (25 տարեկան) | |
Ծննդավայր | Լիբանան, Բեյրութ |
Մահվան վայր | Արցախ, Մարտունու շրջան |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Լիբանան |
Ծառայության տարիներ | 1992-1993 |
Մարտեր/ պատերազմներ | Մարտունու շրջանի ինքնապաշտպանական մարտեր |
Պարգևներ | «Արիության համար» մեդալ |
Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի Թարգմանչաց վարժարանում։
1978 թվականին Մհեր Ջուլհաճյանը ծնողների հետ հաստատվել է Պուրճ Համուտում, որտեղ և անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը։ Միջնակարգ և երկրորդական ուսումը շարունակել է Խորեն Խանամիրյանի անվան քոլեջում։
1984 թվականին անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության (ԼԵՄ) «Րաֆֆի» մասնաճյուղին։ 1986 թվականի փետրվարին ընդունվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության բաժին։
1989 թվականի դեկտեմբերին ստացել է գիտության պսակավորի վկայական և նույն թվականին էլ նշանակվել ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ և իր պարտականությունները կատարել մինչև 1991 թվականի մարտ ամիսը։ 1990 թվականի հոկտեմբերին երդում է տվել և անցել ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը։
1990 թվականի սկզբից մինչև 1992 թվականի հունիս ամիսը բնագիտություն է դասավանդել Ազգ. Գևորգ Չաթալպաշյան և Գերմանական երկրորդական վարժարաններում։ Աշխատել է նաև Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության լաբորատորիայում։
1992 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Հայաստան։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, զուգահեռ մասնակցել Արցախի ազատագրական պայքարին։
Մհեր Ջուլհաճյանը զոհվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի մոտ, երբ իր չորս մարտական ընկերների հետ (Մերուժան Մոսիյան (ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ), Արտակ Մնացականյան, Լևոն Համբարձումյան և Ռուդիկ Ավագյան) ստուգում էին ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ուժերի դիրքերը։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։ Նկարահանվել է ֆիլմ՝ նվիրված Մհեր Ջուլհաճյանին և կրում է «Մհեր» վերնագիրը։
ԼՂՀ նախագահի 2003 թվականի մայիսի 8-ի ՆՀ37 հրամանով Մհեր Ջուլհաճյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Նրա անունով է կոչվել Արցախի պետական համալսարանի և ՀՀ ՊՆ համակարգչային կենտրոնները, ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միության գրադարանները, ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության «Րաֆֆի» մասնաճյուղի սրահը, ՀՅԴ Կանադայի պատանեկան միությունը։ 2007 թվականի նոյեմբերին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների և հանքավայրերի կաբինետը անվանակոչվել է Մհեր Ջուլհաճյանի անվամբ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.