Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մետրոպոլիտ, միտրոպոլիտ (հուն․— մայրաքաղաքացի), հոգևոր բարձր պաշտոնյա քրիստոնեական եկեղեցիներում։ Սկզբնապես եղել է տվյալ նահանգի գլխավոր քաղաքի (մետրոպոլիայի, որից և անվանումը) եպիսկոպոսը Հռոմեական կայսրությունում։ Մետրոպոլիտի իրավասության շրջանակները վերջնականապես որոշվել են Նիկիայի 1-ին տիեզերաժողովում (325 թ), ապա Անտիոքի եկեղեցաժողովում (341 թ)։ Մետրոպոլիտները իրավունք ունեին գումարել նահանգի եկեղեցական ժողովները, հսկել իրենց հոգևոր իշխանությանը ենթակա գավառների եկեղեցական գործերը։ Մետրոպոլիտներին ընտրում էին եպիսկոպոսները։ Արևմտյան Եվրոպայում 5-րդ դարից հետո մետրոպոլիտների իրավասության շրջանակները նեղացել են, հետզհետե նրանք հավասարվել են եպիսկոպոսներին (բացառությամբ Անգլիայի, ուր ցարդ պահպանվել է մետրոպոլիտի հոգևոր իրավազորությունը)։ 11-րդ դարից մետրոպոլիտները զրկվել են նույնիսկ գավառներում եկեղեցական ժոդովներ հրավիրելու իրավունքից։ XIX դ․ կաթոլիկ եկեղեցիներում Մետրոպոլի պաշտոնը անվանական էր, հիշվում էր սոսկ որպես տիտղոս։ Բողոքական եկեղեցիներում Մետրոպոլիտների իրավունքները որոշ չափով պահպանվեցին։ Ռուսաստանը մինչև 1589 թվականը (պատրիարքության հաստատվելը) դիտվել է որպես մեկ մետրոպոլիտություն՝ մետրոպոլիտի գլխավորությամբ, որը մինչև 13-րդ դ․ նստում էր Կիևում, ապա՝ Վլադիմիրում, իսկ 14-րդ դարից՝ Մոսկվայում։ Հայաստանյայց եկեղեցում, ըստ Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչի, Մետրոպոլիտ պաշտոնը եղել է տակավին 4-րդ դարից և պահպանվել նաև հետագայում (13-րդ դարի Սյունյաց մետրոպոլիտ էր պատմագիր Ստեփանոս Օրբելյանը և այլն)։ Հայ եկեղեցական նվիրապետության մեջ Մետրոպոլիտը դասվել է ընդհանրական և տեղական կաթողիկոսներից հետո։ Երբեմն էջմիածնի Մայր աթոռը մետրոպոլիտի տիտղոսը շնորհել է եպիսկոպոսներին, սոսկ որպես պատիվ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 488)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.