Մատթեոս Ուռհայեցի (ոչ վաղ քան 1050, Ուռհա, Բյուզանդական կայսրություն[1] - մոտ 1144[1], Ուռհա, Զանգիների ամիրայություն[1]), հայ ժամանակագիր։
Մատթեոս Ուռհայեցի | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1050 Ուռհա, Բյուզանդական կայսրություն[1] |
Մահացել է | մոտ 1144[1] Ուռհա, Զանգիների ամիրայություն[1] բռնի մահ[1] |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | ժամանակագիր |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն և Հայ պատմիչներ |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Կենսագրություն
Ծնվել և ապրել է Եդեսիա քաղաքում, եղել վանական։ Հավանաբար զոհվել է Եդեսիա քաղաքի վրա Հալեպի Զանգի ամիրայի զորքերի գրոհի ժամանակ՝ 1144 թվականին։
12-րդ դարում հայ պատմագրության մեջ հանդես է գալիս ժամանակագրությունը, որն այն ժամանակ տարածված էր նաև Եվրոպայում։ Մատթեոս Ուռահայեցու պատմողական ոճն առանձնանում է մեծ բծախնդրությամբ և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։ Ուռահայեցու գրվածքները Մատթեոսի ժամանակակից դարաշրջանում իր հայրենի շրջանի եկեղեցական և աշխարհիկ իրադարձությունների մասին տեղեկատվության միակ պահպանված աղբյուրն է։ Ուռհայեցին իր ստեղծագործություններում գովերգում էր հերոսությունը և սգում իր ժողովրդի ծանր վիճակը։Նրա շնորհիվ մինչ օրս պահպանվել են այն ժամանակվա երկու կարևոր փաստաթուղթ՝ Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկի նամակը հայոց թագավոր Աշոտ III-ին և ձայնագրությունը Բագրատունյաց տոհմից վտարված հայոց արքա Գագիկ Բ-ի կողմից։ Մատթեոս Ուռհայեցու գրվածքներից կարելի է նաև շատ տեղեկություններ քաղել առաջին խաչակրաց արշավանքների իրադարձությունների և արաբների հետ Բյուզանդիայի պայքարի մասին Հյուսիսային Սիրիայի և Փոքր Ասիայի արևելյան տարածքների սեփականության իրավունքի համար [2] ։
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
Ժամանակագրությունը առանձին գրական պատրաստություն չէր պահանջում։ Պատմիչները գրի էին առնում պատմական դեպքերը ժամանակագրական կարգով, առանց լուրջ ուշադրություն դարձնելու նրանց ներքին կապակցության վրա։ Եթե ժամանակագրությունները կամ տարեգրությունները ունեին այն առավելությունը, որ այստեղ հատուկ ուշադրություն էր դարձվում տարեթվերի վրա, այսինքն՝ դեպքերի կատարման ժամանակը մատնանշելը դառնում էր պարտադիր կանոն, սակայն մյուս կողմից այս սկզբնաղբյուրները ունեին նաև լուրջ թերություններ, որովհետև չէր տրվում իրադարձությունների ընդարձակ շարադրանք և շատ հաճախ հեղինակները երկրորդական դեպքերը հիշատակելով, աչքաթող էին անում կարևոր իրադարձությունները։
Մատթեոս Ուռհայեցին հանդես է եկել մի շրջանում, երբ արաբական երկարամյա լուծը թոթափած և քաղաքական անկախություն նվաճած հայ ժողովուրդը ապրում էր որոշակի առաջընթաց տնտեսական և մշակույթային ոլորտում, որը շուտով խանգարվեց Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության, նաև սելջուկ-թուրքերի արշավանքների պատճառով։ Պատմիչը նկատի ունենալով Հայաստանում Բյուզանդիայի վարած նենգամիտ քաղաքականությունը ասում է, որ սելջուկ-թուրքերը անպաշտպան երկիրը նվաճելով հասան մինչև Կոստանդուպոլիս։ Ուռհայեցին ականտես լինելով սելջուկ-թուրքերի արշավանքներին, հենց սկզբից ատելությամբ է լցվում այս նվաճողների նկատմամբ։ Ուռհայեցին Հայաստանի և հայ ժողովրդի ողբերգության հարցում միայն արտաքին թշնամիներին չի մեղադրում, այլ նաև անդրադառնում է իր հայրենիքի ներքին կյանքին, խորը կսկիծով է խոսում շահագործող դասակարգի ներկայացուցիչների անօրինականությունների, չարաշահումների, կաշառակերության մասին։ Ուռհայեցին ֆեոդալիզմի դարաշրջանում նկատում ու գիտակցում էր սոցիալական անհավասարությունն ու դասակարգային շահագործումը, պատմիչին կարելի է համարել իր ժամանակի առաջատար մտածողներից մեկը, ով անկեղծորեն ցավում էր իր հայրենիքի դառը ճակատագրի համար։
«Ժամանակագրություն»
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
Ժամանակագրության առաջին կիրառողներից մեկն էլ հայ պատմագրության մեջ հանդիսացավ Մատթեոս Ուռհայեցին։ Ենթադրվում է, որ «Ժամանակագրություն»-ը գրել սկսել է 1113 թվականին և շարունակել մինչև կյանքի վերջին օրերը։ Այն բաղկացած է 3 մասից։ Առաջինը (ընդգրկում է 952-1051 թվականների իրադարձությունները) շարադրված է գրավոր աղբյուրների, հիմնականում՝ Հակոբ Սանահնեցու «Ժամանակագրության» հիման վրա։ Երկրորդ մասի (1052-1101 թվականների իրադարձությունները) համար Մատթեոս Ուռհայեցին որպես աղբյուր օգտագործել է նաև ականատեսների պատմածները (մասամբ ինքն է ականատես)։ Այն ավարտել է 1128 թվականին։ Երրորդ մասը (1102-1137 թվականների իրադարձությունները), որը շարադրել է տասնամյա ընդմիջումից հետո, ամենաարժեքավորն է, որովհետև Մատթեոս Ուռհայեցին նկարագրել է իր ժամանակները։ «Ժամանակագրություն»-ում պատմվում է Բագրատունիների թագավորության, նրա կործանման, սելջուկների արշավանքների և նվաճումների, հայերի արտագաղթի, երկրից դուրս հայկական իշխանությունների հիմնադրման և օտարերկրյա նվաճողների դեմ նրանց պայքարի մասին։
Եթե առաջին և երկրորդ մասերը գրելիս Ուռհայեցին օգտվել է իր նախորդների աշխատանքներից ու տվյալ դեպքերի ականատեսների պատմածներից, ապա աշխատության երրորդ մասը նա գրել է իր իսկ տեսածի հիման վրա։ Այս աշխատության երրորդ հատվածի գիտական արժեքը, որպես սկզբնաղբյուր, շատ ավելի մեծ է քան մյուս մասերինը։ Մատթեոս Ուռհայեցու աշխատությունը գրեթե նույն ոճով շարունակել է Գրիգոր Երեցը՝ հասցնելով մինչև 1162-1163 թվականները։ Հայ մատենագրերից ամենից շատ «Ժամանակագրությունից» օգտվել է Սմբատ Սպարապետը իր «Տարեգիրք» աշխատության մեջ։
Ուռհայեցին կարևոր տեղեկություններ է տալիս նաև իր ժամանակ տեղի ունեցած երկնային լուսատուների խավարումների, սովի, համաճարակների, և այլ արհավիրքների և բնական աղետների մասին։ Պատմիչի լեզուն պարզ ու անզարդ է, և ժամանակի խոսակցականը երբեմն համեմված է ազդեցիկ ու գունեղ պատկերներով։ Ուռահայեցու ամբողջական աշխատությունը կարևոր տեղեկություններ է պարունակում նաև Հայաստանի հարակից երկրների և ժողովուրդների պատմության վերաբերյալ։ Այս տեղեկությունները վկայում են Մատթեոս Ուռհայեցու բազմակողմանի գիտելիքների մասին և պայմանավորում այն հետաքրքրությունը, որն առաջացել է հայ և օտար հեղինակների մոտ նրա աշխատության նկատմամբ սկսած դեռևս 19-րդ դարի սկզբներից։ Մատթեոս Ուռհայեցու աշխատությունը առաջին անգամ հրատարակվել է 1869 թվականին Երուսաղեմում, իսկ հետո 1898 թվականին՝ Վաղարշապատում։ Կան նաև այս աշխատության ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն և այլ լեզուներով հատվածական թարգմանություններ։ Այս աշխատության վերաբերյալ գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ հայ և օտար հեղինակների կողմից։
1973 թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Ուռհայեցու աշխատության աշխարհաբար թարգմանությունը՝ Հ․Բաթիկյանի աշխատասիրությամբ։
Աշխատություններ
- Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898։
- Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, արևելահայերեն թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Հ. Բարթիկյանի, Երևան, 1973։
- Անգլերեն թարգմանությունը տե՛ս Matthew of Edessa. The Chronicle. Transl. Ara Edmond Dostourian and Krikor H. Maksoudian, University Press of America, 1993. ISBN-10։ 0819189537
Գրականություն
- Մատթեոս Ուռհայեցի և պարոն Դյուլյորիե։ «Եւրոպա», 1851, № 6։
- Պերպերեան Հ., Բնագրական քանի մը սրբագրութիւններ Մատթէոս Ուռհայեցիի Ժամանակագրութեան մէջ և Չմշկիկի կողմէ Աշոտ Ողորմածի ուղղուած նամակին վերջաբանը, - «Սիոն», 1950, էջ 54-57։
- Բարթիկյան Հ. Մ., Ուռհայեցու երկում հանդիպող «Մարցէ» անվան մասին.- «Պատմա-բանասիրական հանդես», 1973, № 2, էջ 163-168։
- Մաթևոսյան Ռ. Ի., Մատթեոս Ուռհայեցու «Պատմութեան» տարընթերցումները Բագրատունիների վերաբերյալ.- «Պատմա-բանասիրական հանդես», 1987, № 2, էջ 120-125։
- Christopher MacEvitt, The Chronicle of Matthew of Edessa: Apocalypse, the First Crusade, and the Armenian Diaspora,- Dumbarton Oaks Papers, Vol. 61, (2007), pp. 157-181
- Tara L. Andrews, Prolegomena to a critical edition of the Chronicle of Matthew of Edessa, with a discussion of computer-aided methods used to edit the text. DPhil. University of Oxford. 2009
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.