Ձայնարկություն, խոսքի մասերից մեկը, որը ցույց է տալիս խոսողի զգայական, ոչ դատողական վերաբերմունքը։
Ձայնարկությունները կազմված են մեկ կամ մի քանի հնչյուններից՝ մեկ ձայնավորից, մեկ ձայնավորից և մեկ կամ երկու բաղաձայնից, ինչպես և երկու ձայնավորից ու մեկ բաղաձայնից։ Որպես ձայնարկություններ՝ կարող են ձևավորվել հայերենի բոլոր ձայնավորները։
- 2 հնչյունից՝ այ, էյ, տո, ծո, ֆի, ուֆ, ուխ։
- 3 հնչյունից՝ վայ, վույ, հեյ, ջան, թուհ։
- 4 հնչյունից՝ ուխայ։
- 5 հնչյունից՝ հարայ։
Սակավահնչյունությունը ձայնարկությունների ձևային հատկանիշներից մեկն է։
Ձայնարկությունները սովորաբար չեն բաղադրվում ձևույթներից, նրանց հատուկ չէ բառերի կազմության մեջ մտնելը։ Ձայնարկությունները անիսկական բարդությունների կազմության բաղադրիչ կարող են լինել (ախ քաշել, վայ տալ, ախ ու վախ անել, ջան ասել), սակայն սրանք փոխանունության յուրահատուկ դրսևորումներ են, բացառություն, և օրինաչափության արժեք չունեն։
Ձայնարկություններն ունեն նաև իմաստ՝ ավարտված, վերջավորված իմաստ, այսինքն՝ վա՜յ, ջա՜ն ձևերն անիմաստ կապակցություններ չեն։ Սակայն ձայնարկությունների իմաստը նյութական կամ քերականական չէ։ Դրանք արտահայտում են խոսողի զգայական, ոչ դատողական վերաբերմունքը։ Զգայական վերաբերմունքից բացի ձայնարկությունները արտահայտում են նաև կամային վերաբերմունք. դրանով խոսողը դիմում է մեկին՝ դեպի գործողության կատարում մղելու կամ այլ նպատակով։
Ձայնարկություններին են հարում նմանաձայնությամբ կազմված որոշ բառեր, որոնք նույնպես անվանումներ չեն հանդիսանում։ Այդպիսիք են կենդանիների արտաբերած ձայնի ու առարկաների տարբեր տեսակի շարժումներից առաջացած ձայների մոտավոր հնչյունական վերարտադրությունները։ Այս բառերը ձայնարկությունների նման են նախ և առաջ իրենց ձայնային հատկանիշով՝ այդ թվում հնչյունային և առոգանական, իսկ իմաստային տեսակետից ձայնարկություններին հարում են դատողական, մտածված հատկանիշի պակասով։ Այս կարգի բառերի մի զգալի մասը արտահայտվում է կրկնությամբ։ Օրինակ՝ տըզզ, վըզզ, հաֆ, իաֆ, թըռռ, ո՜ւ, չրախկ և այլն։ Ձայնարկությունների ձևավորման համար բացառիկ նշանակություն ունի առոգանությունը։
Ձայնարկությունների տեսակներն ու իմաստային նշանակությունները
Ըստ իրենց իմաստային բնույթի՝ ձայնարկությունները բաժանվում են 2 խմբի՝
- զգացմունք արտահայտող,
- կամային վերաբերմունք արտահայտող։
Զգայական ձայնարկություններ
Արտահայտում են՝
- ուրախություն, հաճելիություն՝ օխայ, ուխայ, վայ, ախ, օ՜, ույ, ջան,
- զարմանք՝ օհո՜, օ՜, օհ, բա, ա՜, պահ, պա, հո, վա, վայ և այլն,
- ցավ, վիշտ, վախ՝ վայ, վույ, վի՜, ը՜, ամա՜ն և այլն,
- զզվանք, տհաճություն՝ փահ, փու, ախ, օ, թյու, թուհ, թու, ուհ և այլն
- դժգոհություն՝ օ, օհ, էհ, օֆ, ախ, հը,
- հանդիմանություն, կշտամբանք՝ վույ-վույ, ախ, ահ, ուհ, էխ, օֆ,
- զղջում, ափսոսանք՝ ավաղ, օհ, վայ, վախ, էխ,
- անտարբերություն, համակերպում՝ է, էհ, ահ, ըհ (Է՜, թող աքսորվեմ),
- մի քանի ձայնարկություններ արտահայտում են խոսողի վերաբերմունքը գործողության ավարտի նկատմամբ և մի տեսակի նշում են այդ ավարտը, օր.` Ըհը՜, էս էլ յոթ։ Բա՜ս, Պետրոս ջան։
Ձայնարկությունների ըստ իմաստի խմբավորելը կապված է դժվարությունների հետ, քանի որ հաճախ միևնույն ձայնարկությունները տարբեր նախադասություններում արտահայտում են տարբեր իմաստներ։ Օրինակ` Վայ-ը կարող է արտահայտել և՛ վախ, և՛ ուրախություն, և՛ զզվանք, և՛ զարմանք, և՛ այլ զգացումներ։
Կամային ձայնարկություններ
Արտահայտում են խոսողի կամքը՝ ուղղված խոսակցին։ Այդպիսի ձայնարկությունները ուշադրություն գրավելու միջոց են՝ խոսակցին որևէ միտք հայտնելու, նրան որևէ գործողության մղելու նպատակով։
Կամային ձայնարկություններն են՝ ա, այ, հեյ, էյ, էհեյ, հույ, հարայ, տո, ծո, հե, օհ և այլն։ Կամային ձայնարկությունների շարքն են դասվում կենդանիներին կանչելու, քշելու, որևէ գործողության մղելու նպատակով նրանց կիրառությունները՝ քշու, քըս։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձայնարկություն (խոսքի մաս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 692)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.