From Wikipedia, the free encyclopedia
Հրադադար, ռազմագործողությունների ժամանակավոր ընդհատման կամ դադարեցման ձևերից մեկը որոշակի ժամանակաշրջանում։ Հակամարտող կողմերը համաձայնվում են ժամանակավորապես դադարեցնել ագրեսիվ գործողությունները։ Հրադադարը կիրառվում է մասնակի խնդիրների լուծման համար. վիրավորներին հավաքելու կամ փոխանակելու, բանագնացներ ուղարկելու և այլն։ Հրադադարի ընթացքում կարող են ընթանալ բանակցություններ՝ զինադադարի կնքման մասին։ Ըստ «Ժամանակակից անգլերենի Օքսֆորդի բառարանի»՝ հրադադարը թշնամիների միջև խաղաղության ժամանակավոր մի շրջան է, որի ընթացքում սովորաբար բանակցություններ են տեղի ունենում[1][2]։
Հրադադարը հայտարարվում է սովորաբար կարճ ժամանակահատվածի համար. օրինակ՝ եռօրյա հրադադար։ Հրադադարի պայմանների խախտումը համարվում է պատերազմի օրենքների և սովորույթների խախտում։ Հրադադարը կարող է հայտարարվել պաշտոնական պայմանագրի շրջանակներում, կարող է հայտարարվել որպես պաշտոնական պայմանագրի մի մասը, բայց նաև կարող է լինել հակամարտող կողմերի միջև ոչ պաշտոնական ըմբռնման մի մասը։ Հաջող հրադադարին կարող է հաջորդել զինադադարը, և, վերջիվերջո՝ հաշտության պայմանագիրը։
Հաճախ հրադադարը շփոթում են զինադադարի հետ, որը բավականին տարբերվող երևույթ է։ Հրադադարը սովորաբար գործում է որևէ կարճ ժամանակահատվածի համար, սովորաբար՝ մի քանի օր։ Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար։ Զինադադարը նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։
«Հրադադար» տերմինը կազմված է «հուր» և «դադար» բառերից։ «Հրադադարը» հաճախ շփոթում են «զինադադար» տերմինի հետ։
Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը հայերենի բոլոր բառարաններում, որոնցից լավագույններից մեկն է «Հայկազեան բառարանը» կամ ավելի ճիշտ անվամբ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», «հրադադար» բառը չի հանդիպում[3]։ Հայերենի լավագույն բացատրական բառարաններից մեկում՝ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանում», «հրադադար» բառն ընդհանրապես բացակայում է, ինչը կարող է վկայել 20-րդ դարի առաջին կեսին հայ ռազմագիտական և իրավագիտական տերմինաբանության թույլ զարգացածության մասին։ Պատճառը, հավանաբար, հայկական պետականության և կանոնավոր պետական զինված ուժերի մի քանի դար տևած բացակայությունն էր, որից բխում էր ռազմական գործի թերզարգացածությունը և ռազմական տերմինաբանության թույլ մշակվածությունը։ Ժամանակի համար ավելի զարգացած ռազմական տերմինաբանություն ունեցող անգլերենում «Truce», այսինքն «հրադադար» տեմինը գրականության մեջ ի հայտ է եկել առնվազն դեռևս 19-րդ դարի վերջին քառորդում[4]։ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանում» առկա է միայն «զինադադար» տերմինը, իր զուգահեռ «զինադուլ» ձևով և «զինադադարութիւն», «զինադադարումն» պակաս գործածելի տարբերակներով[5]։
20-րդ դարի երկրորդ կեսին այս առումով դրական փոփոխություններ են նկատվում։ Շնորհիվ հայ ռազմագիտական և իրավագիտական գրականության, ուստի և համապատասխան տերմինաբանության զարգացման պաշտոնական և գիտական գրականության մեջ, ինչպես նաև մամուլում լայնորեն շրջանառվում է «Հրադադար» տերմինը։
«Հրադադար» բառը «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» բացատրվում է հետևյալ կերպ. «կրակի ժամանակավոր պաշտոնական դադարեցում պատերազմի ժամանակ»[6]։
«Հրադադարը» Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» բացատրված է հետևյալ կերպ. պատերազմական հրաձգության ժամանակավոր դադարեցում (երկկողմանի համաձայնությամբ)[7]։
«Հրադադարը» «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում» տրվում է որպես «Կրակադադար» բառի հոմանիշ և բացատրվում է հետևյալ կերպ. «երկկողմանի համաձայնությամբ պատերազմական գործողությունների ժամանակավոր դադարեցում»[8]։
Հրադադարը Քաշմիրի կոնֆլիկտում[9]։
Իսրայելա-պաղեստինյան հրադադարը 2005 թվականի փետրվարի 8-ին"[10]:
Իռլանդական Հանրապետական Բանակի և Բրիտանական կառավարության հրադադարը[11]։
Իսպանական կառավարության և ԷՏԱ-ի հրադադարը[12]։ 2010 թվականի սեպտեմբերի 5-ին ԷՏԱ-ն հրադադար հայտարարեց[13]։
Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի հանրապետության զորքերի միջև հրադադարի հաստատումը 2016 թվականի ապրիլի 5-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.