Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հարանց վանք, կամ Բոյուկ Գարամուրադ Վենքի[1] (ադր։ Böyük Qaramurad Vəngi) հայկական վանական համալիր, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Մեծ Ղարամուրատ գյուղից մոտ 1 կմ դեպի հյուսիս-արևելք՝ երկու ձորակների միջև առանձնացած բլրի վրա[2]։
Հարանց վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | գ. Մեծ Ղարամուրատ, Գետաբեկի շրջան, Ադրբեջան |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Ներկա վիճակ | կիսավեր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Հիմնադրված | 12-րդ դար |
Böyük Qaramurad Vəngi Վիքիպահեստում |
1659 թվականին ստեղծված ավետարանի հիշատակարանում նշված է՝
...Աւարտեցաւ եռահրաշ... Ավետարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր լոկ անւամբ իրիցու, ի թւականութեանս Հայոց ՌՃ և Ը (1659), երորդի, ի մարտ ամսոյ ի (20)... Այսպիսի բիւր գանձուց... յոյզ և խնդիր էր զսրբասնեալ մահդասի միայնակացն Եղիա, որ ... գնացեալ ի մէնարանն Ղարամուրատու ի յանապատն սբ.: ԵՎ կեցեալ անդ ժամանակս ինչ և հրամանաւ սբ. հօրն իւրոյ տեառն տէր Տէրունի ...գացեալ ուխտ ի սբ. քաղաքն Երուսաղեմ...: Եվ անտի դարձեալ եկն առաջին ուխտն իւր՝ ի անապատն սբ. և ստացաւ բազում գրեանս, և շատ շինութիւնս աւելացոյց ի յանապատին։ ԵՎ յետ ժամանակաց ... հրամանաւ հօրն իւրոյ՝ սրբոյ տէր Տէրունին և կամակցութեամբ եղբարցն ամենեցուն, եկեալ առ մեզ. և խնդրեաց կատարել զցանկութիւնս սրտի իւրոյ։ ԵՎ իմ ձեռն եդեալ աւարտեցի Աւետարանս սբ., և ծաղկեցի երբներբն գունովք, և ոսկէզօծ որակօք, ի խնդրոյ նորին։ ...աղաչեմ ձեզ յիշել զտէր Տէրունն և միաբանսն սբ. ուխտին՝ Գրիգոր եպիսկոպոսն, և Կարապետ աբեղայն, և տէր Եղիայն և ամենայն միաբանսն սբ. ուխտին...[3]: |
1679 թվականին Ավետիս աբեղա Քամալեցու ընդօրինակած ավետարանի հիշատակարանում նշված է՝
Գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն ժամանակիս, ի լաւ ընտիր օրինակէ, ի յերկիր Վերին Զակամ ի Ղարամուրատի Հարանց անապատիս ձեռամբ մեղաւոր զառածեալ Աւետիս աբեղայի, որ եմ յերկրէն Տաւուշու ի գեղջէն Քամալու. հ. ի թուականիս Հայոց ՌՃԻը[4][5][6]։ |
1682 թվականի Հարանց վանքում ընդօրինակվել է «Մաշտոց Ձեռացը». գրիչ՝ Ղուկաս երեց[7]։
Եպիսկոպոս Մակար Բարխուտարյանցը վկայում է՝
Կառուցեալ է սրբատաշ քարով երկու սիւների վերայ սագաշէն, որ կանգուն է բոլորովին և որի երկարութիւնն 15 մետր 5 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 60 սանթիմ է։ ...Վանքս իւր հիւսիս-արևելեան անկիւնում ունի երյարկ զանգակատուն շինուած համակ սրբատաշ քարով։ Թափուած են ինչպէս վանքիս տանեաց նոյնպէս և զանգատանս սալկապներն։ Վերջնոյս գետնայարկում աստիճանաւոր պատուանդանի վերայ հաստատուած մարդաչափ բարձրութեամբ մի քարեայ խաչ՝ յար և նման Յիսուս Քրիստոսի խաչափայտին[8]։ |
Մ. Բարխուտարյանցը Հարանց վանքը նույնացրել է Զակամ գավառին հարևան Միափոր գավառում (ներկայիս Գետիկ գետի ավազանը) գտնվող Խամշի վանքին, սակայն ուրիշ հետազոտողներ կարծում են, որ պետք չէ նմանեցնել երկու տարբեր վանքերը[9]։
1890 թվականին Հարանց վանք այցելած Ս. Քամալյանը նշել է՝
...Դագիրման դաղի գոգում երևում էր սիրուն կաթողիկե-գմբեթ, սիպտակ մաքուր քարից շինած։ Այդ շենքին այրումներն իրանք վանք էին կոչում։ Ում ասեք, այդ վայրենի տեղում ավերակների մեջ թափառողին կգրավեր կաթողիկեի հրապուրիչ տեսքը։ Ձին քշեցի դեպի Դագիրմու դաղի կողմը, ճամբին հանդիպում էի շիրիմների ու փլված տնատեղերի, անշուշտ Շուլավեր գաղթած մարդկանց բնակատեղերը։ Այն տեղը, ուր ճամբին ձորից հոսող վճիտ առուի ձախ ափն է ընկնում, ծմակի բերանն է, այդ տեղից բարձրանալով ծմակն ավելի խտանում է, վայրի ծառերի տեղը բռնում են մրգատու ծառեր՝ նռնի, սերկևլի, տկողնի, տանձի, խնձորի, կակալի ևն։ Ձորի խորքում ծուխ էր մլում, մոտենալով մտանք խարխուլ պատերի մեջ, որոնք վաղեմի պարսպի մնացորդներ էին։ Լայնարձակ պարսպի աջ կողմում կար ճահճանման լիճ, դա հին ձիթահանքի տեղն է։ Եկեղեցին մեծ, ընդարձակ էր սրբատաշ քարից, ծածկն անվնաս, երկու դռներից մինը արևմուտքից էր, միւսը հիւսիսից։ Խաչքարեր շատ կան, բայց անգիր, գիր ունեցողը կարծես դիտմամբ վայրենու ձեռքով կոտրտած։ Եկեղեցու հիւսիսակողմը կանգնած է սրբատաշ հրաշակերտ զանգակատուն, ճերմակ ու կարմրերակ քարից, սրա գմբեթն էր հեռվից երևին տվողը։ Պատմում էին, որ մինչև մոտ ժամանակները, գլխի խաչը մնալիս է եղել, նույն վայրենի այրումները պոկել էին խաչը պատվանդանի հետ։ Կոնաձև պատվանդանը թավալ ընկած էր մի կողմ։ Զանգակատան բարձր խոյացող կատարը այժմ էլ բարեպաշտ սրտերը հրավիրում է դեպ ինքը, իսկ այդ զանգակատան ստորին հարկում 4 նրբակերտ սների մեջտեղ կանգնած մարդահասակից բարձր քարե խաչը ուղղակի հիացնում է տեսնողին։ Խաչը միապաղաղ, միակտուր ճերմակ քարից է, զարմանալի մաքուր հղկած, սազադրած է գետնից 2 ոտ բարձր, շուրջը պատվանդան, նուրբ կերպով, քանդակված, որի նման հոյակապ, գեղեցկատեսիլ խաչ չեմ տեսել իմ այցելած հայկական ոչ մի ուխտատեղում...: Այդ սքանչելի ստեղծագործության մոտեցողը ոտները պետք է թաթախի բարբարոս այրումների անասունների կեղտութրքի մեջ...[10] |
Վանքն ունեցել է բնակելի և օժանդակ շինություններ, որոնք հավելվել են 17-րդ դարի կեսին՝ վանահայր Եղիա միայնակյացի ջանքերով։ Վանքը ունեցել է շրջապարիսպ, որի ներսում եղել է խաչքարերով ընդարձակ գերեզմանոց։ Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (RAA) անդամների 1980 թվականի այցելության ժամանակ վանքը արդեն ավերված էր։ Վանքի տարածքը մի ղարամուրատցի թուրք հերկել էր ու այդ ընթացքում բոլոր խաչքարերն ու տապանաքարերը՝ որպես յուրացված խոպանի անպետք մաս, կոտրատել, տեղահանել, հավաքել ու շարել էր հողամասի նոր շրջապարսպին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.