From Wikipedia, the free encyclopedia
Հայաքվե, ՀՀ-ում առաջին քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքը Հայաստանի քաղաքացիների շրջանում, որը նախաձեռնել են մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով[1]։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են լրացում կատարել Քրեական օրենսգրքում և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։
Ստորագրահավաքն իրականացվում էր Հայաստանի խոշոր բնակավայրերի վարչական շենքերում, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում[2]։ Ստորագրահավաքի արդյունքներով հավաքվեց ավելի քան 58,000 ձայն[3], որը 2023 թվականի սեպտեմբերի 29-ին հաստատվեց ԿԸՀ-ի կողմից [4]: Չնայած անհրաժեշտ թվով հավաքված ձայներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը մերժեց նախագիծն օրակարգ ընդունելը[5]։
Նախաձեռնության հեղինակները հիմք են ընդունել ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը[6]։ Ստորագրահավաք-նախաձեռնության համակարգողը «Արար» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն է։
Եթե ստորագրահավաքին մասնակցի 50 հազար քաղաքացիներ, ապա, ըստ Սահմանադրության, հարցը պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ։ Իսկ եթե խորհրդարանն այն չհաստատի՝ անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար[7]։
Նախագիծն առաջարկում է լրացում կատարել Հայաստանի Քրեական Օրենսգրքում՝ ավելացնելով հետևյալ բովանդակությամբ 420.1 և 420.2 հոդվածներով.
«Հոդված 420.1. Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը
1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով։
Հոդված 420.2. Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը
1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.