Կոնդակ (հուն.՝ kontakion–կոնդակիոն՝ գլանաձև ձող, գավազան, գալարված մագաղաթ, փաթույթ, նաև համառոտ հոգևոր երգ, հորդորակ, մաղթանք), hայրապետական (երբեմն՝ նաև առաջնորդ-եպիսկոպոսի) պաշտոնական գրություն՝ հիշատակագիր, գիր կամ թուղթ, նամակ, ուղերձ, շրջաբերական, կտակ՝ երկար գալարաթղթի վրա։
Կոնդակի ճակատը սովորաբար զարդարվում է մանրանկարներով և պարտադիր հայրապետական խորհրդանշանով։ Կոնդակները պատմական, քաղաքական, մշակութային, կրթական, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելու, եկեղեցականներին բարձր պաշտոնների նշանակելու, նրանց գնահատելու, պատժելու և այլնի մասին են։ Կաթողիկոսական կոնդակները երբեմն կարևոր պատմական սկզբնաղբյուր են։
Պատմական կարևորության Կոնդակներ տպագրվել են՝
1623 թվականին Հռոմում՝ Ստեֆան Պաուլինիուսի տպարանում՝ Եվգինեոս Դ-ի «Միաբանութիւն հայոց ընդ հռօմէական սուրբ եկեղեցոն» (թարգմ.՝ Տեր Բարդուղիմեոս Աբգարի) թուղթը. Թեոդիկն այն հիշատակել է «Կոնդակ Եւգինեաց» վերնագրով։
1693 թվականին Նոր Ջուղայում՝ Ամենափրկիչ վանքի տպարանում, որը բողոք ու հանրաստորագրություն է կաթողիկոսական ընտրությունների դեմ (1 էջ, 80 x 28 սմ)։
1766 թվականի օգոստոսի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու՝ օգնության խնդրանքով կոնդակ՝ Ռուսաստանի Եկատերինա II կայսրուհուն։
1773 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակը՝ Մովսես Բաղրամյանին բանադրելու պահանջով՝ Շ. Շահամիրյանի տպագրած նրա «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» աշխատության համար, պահանջել է նաև, որ Շահամիրյանը գրքի ողջ տպաքանակը հավաքի ու այրի։ Ավելի ուշ, դարձյալ հատուկ կոնդակով, արդարացրել է Շ. Շահամիրյանին և հանել Մ. Բաղրամյանի բանադրանքը։
1796 թվականին Աստրախանում՝ Արղության տպարանում՝ Հովսեփ Արղությանի կոնդակը։ Տիտղոսաթերթին՝ «Կոնդակ օրհնութեան» (34 էջ, 17,5 x 11,5 սմ), տպակից է Պլատոն Զուբովի «Նամակ արքեպիսկոպոսին»։
Տպագրվել են նաև 1848, 1849, 1861 թվականներին՝ «Կոնդակ պատրիարքական եւ կանոնագիրք հարսանեաց, որ հաստատեցաւ յօգուտ ազգիս» (ԿՊ, Հովհաննես Մյուհենտիսյանի, «Արևելան համազգային» տպներ), 1863, 1868 թվականներին՝ Գևորգ Դ կաթողիկոսի կոնդակը՝ «Առ հոգևորականս, որ ի Ռուսաստան» (Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), 1835, 1843 թվականներին՝ «Կոնդակ հարսանեաց, սահմանեալ յօգուտ հասարակութեան թագաւորեալ մայրաքաղաքիս...» (ԿՊ, Պողոս Արապանի տպ.), 1895 թվականին (տպագրության վայրը և տպարանը նշված չեն) և այլն։
1945 թվականի նոյեմբ. 25-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի կոնդակը՝ ուղղված ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով, իսկ 1947 թվականի ապրիլի 20-ին կաթողիկոսը կոնդակ է հրապարակել «Հայկական հարցի լուծման մասին»։
2012 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրապետական կոնդակը՝ հայ գրատպության 500-ամյակի առթիվ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Remove ads
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.