Կոմանչներ (անգլ.՝ Comanche), ԱՄՆ-ում բնակվող հնդկացիական ժողովուրդ։ Խոսում են կոմանչե լեզվով, որը պատկանում է ուտո-ացտեկյան լեզվաընտանիքին և մոտ է շոշոնների լեզվին։ Ներկայումս մեծամասնությունը խոսում է անգլերեն։

Կոմանչները ապրում են Օկլահոմա նահանգի ռեզերվացիայում։ 17-18-րդ դարերում բնակվում էին Ժայռոտ լեռների արևելյան ստորոտներին, Նորտ-Պլատ գետի ափերին։ Նախկինում զբաղեցնում էին հսկայական տարածքներ։ 19-րդ դարի սկզբին կոմանչների թիվը հասնում էր 10-12 հազար մարդու։

18-19-րդ դարերում կոմանչները բաժանվում էին երեք էթնիկ խմբերի՝ կուչանեկ (բիզոնակերներ), յամպարկի (շնակերներ), յուպի (անտառի ժողովուրդ), իսկ հետագայում արդեն բաժանվում էին յոթ խմբի։ Նրանց հիմնական զբաղմունքը բիզոնների որսն էր, որը ձիերի ի հայտ գալուց հետո ավելի արդյունավետ էր։ Ձիերի քանակով կոմանչները գերազանցում էին մյուս հնդկացիական ցեղերին։ Ներկայումս զբաղվում են անասնապահությամբ, վարձավճարով տրամադրում են իրենց հողերը և վարձավճարով աշխատում։

Անցյալում կոմանչների իշխանության գլուխ կանգնած էր համայնքների առաջնորդների ժողովը և զինվորական վերնախավը։ Գոյություն ուներ զինվորական հիերարխիա։ Ցեղական խորհուրդները սկսվում էին ծխամորճ ծխելու ծեսով։ Նախկինում նրանք հավատում էին Ամենաբարձրյալ Արարիչին, հոգիներին և անդրշիրիմյան կյանքին։ Մահացածներին թաղում էին անմիջապես մահվանից հետո՝ նեղ գերեզմանափոսերում, հիմնականում բլուրների գագաթին։ Գերեզմանափոսը ծածկում էին քարերով և մեռյալին զոհաբերում ձի։ Այնուհետև հաջորդում էր սգո շրջանը, որի ընթացքում հանգուցյալի ազգակցուհիներից պահանջվում էր բարձրաձայն արտահայտել իրենց վիշտը։

19-րդ դարի վերջում կոմանչների մեջ տարածում գտավ պեյոտիզմը, իսկ հետո քրիստոնեությունը։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.