From Wikipedia, the free encyclopedia
Կիֆոզ (հունարեն՝ κυφός՝ կուզ, սապատ), ողնաշարի չափազանց ուռուցիկ անոմալ կիֆոտիկ թեքություն (կորություն), որը կարող է առաջանալ կրծքային, կրծքագոտկային և գոտկային հատվածներում[1][2]։ Այն կարող է լինել այնպիսի դեգեներատիվ խնդիրների հետևանք, ինչպիսիք են՝ հոդաբորբ, զարգացման խնդիրներ, հիմնականում՝ Շոյերմանի հիվանդություն, օստեոպորոզ՝ ողի սեղմված կոտրվածքով, միելոմա կամ վնասվածք։ Ողնաշարի կրծքային հատվածը նորմալ վիճակում տարածվում է 1-ինից 12-րդ ողերի երկայնքով և պետք է ունենա թեթևակի կիֆոտիկ (թեք) անկյուն՝ 20°-45°: Երբ թեքությունը գերազանցում է 45°-ը, այդ երևույթն անվանում են «կիֆոզ» կամ «հիպերկիֆոզ»։ Շոյերմանի հիվանդությունը հիպերկիֆոզի ամենադասական օրինակն է և հանդիսանում է պատանեկության տարիներին զարգացող սեղմված ողի հետևանք։ Պատճառը դեռևս անհայտ է. այս երևույթը համարվում է բազմագործոն, առավել հաճախ դիտվում է տղամարդկանց մոտ, քան կանանց[3]։
Կիֆոզ | |
---|---|
Շոյերմանի հիվանդությամբ (հիպերկիֆոզի տեսակ) տառապող 22-ամյա տղամարդու մինչվիրահատական նկար | |
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | ռեմատոլոգիա |
ՀՄԴ-9 | 732.0, 737.0, 737.1 և 756.19 |
ՀՄԴ-10 | M40.0, M40.2, M42.0, E64.3, Q76.4, M84.0, M96.2 և M96.3 |
Kyphosis Վիքիպահեստում |
Դեֆորմացիայի տեսանկյունից կիֆոզը հանդիսանում է ողնաշարի պաթոլոգիական ծռում, երբ ողնասյան հատվածները կորցնում են գոտկային ուրվագիծը լիովին կամ մասնակիորեն։ Սա առաջացնում է մեջքի խոնարհում, որը դիտվում է որպես կոր կեցվածք։
Թեև կիֆոզի դեպքերի մեծ մասը մեղմ է ընթանում և պարզապես պահանջում է հսկողության սահմանում, կարող են հանդիպել նաև ծանր դեպքեր, որոնք չափազանց հյուծիչ են։ Կիֆոզի բարձր աստիճանները կարող են պատճառել սուր ցավ և անհարմարություն, շնչելու և մարսողության բարդություններ, սիրտանոթային խանգարումներ, նյարդաբանական դեֆիցիտ և, ավելի սուր դեպքերում, կյանքի զգալիորեն կրճատվող տևողություն։ Ծռումների նման տեսակները սովորաբար լավ չեն ենթարկվում կոնսերվատիվ բուժման, և գրեթե միշտ առաջանում է ողնաշարի վիրահատության անհրաժեշտություն, որը կարող է վերականգնել ծռվածության բնականոն աստիճանը։
Գոյություն ունի կիֆոզի մի քանի տեսակ (ՀՄԴ-10 դասակարգմամբ).
Կիֆոզը կարող է աստիճանակարգվել ըստ ծանրության՝ ելնելով Քոբի անկյունից։ Դա այն անկյունն է, որը ձևավորվում է կորությունից վեր գտնվող ողներից մեկի վերին եզրի նկատմամբ զուգահեռ տարված գծի և կորությունից մեկ մակարդակ ներքև գտնվող ողի ստորին եզրի նկատմամբ զուգահեռ տարված գծի միջև[14][15]։ Կարող է չափվել նաև սագիտալ հաշվեկշիռը, որը կողմնային ռենտգենոգրաֆիայով դիտելիս C7 ողի կենտրոնի և S1 ողի վերին-հետին եզրի միջև հորիզոնական հեռավորությունն է[13]։
Կիֆոզի ախտորոշումը հիմնականում իրականացվում է զննման և չափման միջոցով։ Ինքնածին (իդիոպաթիկ) պատճառները, ինչպիսիք են սեպաձև ողերը կամ այլ անոմալիաները, կարող են հաստատվել ռենտգենոգրաֆիայի միջոցով։ Օստեոպորոզը, որը կիֆոզի պոտենցիալ պատճառ է, կարող է հաստատվել ոսկրի խտության սկանավորման (դենսիտոմետրիայի) միջոցով։ Դիրքային կրծքային կիֆոզը կարող է բուժվել կենտրոնացումն ամրապնդող վարժություններով։ Անկյունաձև կրծքային կիֆոզը սեպաձև ողների, կոտրվածքների կամ ողնային այլ անոմալիաների պատճառով ավելի դժվար է կարգավորել, քանի որ ճիշտ կեցվածքի վերականգնումը կարող է անհնար լինել ողում կառուցվածքային փոփոխություն կատարելու միջոցով։ Երեխաները, ում զարգացումը դեռևս չի ավարտվել, կարող են անցնել կազդուրման երկարատև փուլեր։ Կարող են ցուցվել վարժություններ, որոնք միտված են մեջքի մկանների գերլարումից առաջացած անհարմարությունները մեղմացնելուն։ Անկյունաձև կիֆոզի սուր դեպքերի ժամանակ կարող է ցուցվել վիրահատական միջամտություն։
Օրթոպեդիկ կորսետներն իրենց արդյունավետությունը ցույց են տվել պատահական վերահսկվող հետազոտությունների ժամանակ[17]։ Վերջինս հիմնականում բժշկական գիտափորձ է, որի ժամանակ մասնակիցները բաժանվում են երկու խմբերի, որոնցից մեկում կատարվում է փորձարկում, իսկ մյուսում կիրառվում է բուժման ստանդարտ մեթոդ կամ պլացեբո[18]։ Գիտափորձի արդյունքում էլ պարզվում է բժշկական միջամտության տարբեր ձևերի արդյունավետությունը[19]։
Ժամանակակից CAD/CAM կորսետներն օգտագործվում են կիֆոզի տարբեր տեսակները բուժելու համար։ Այլ կորսետների համեմատությամբ դրանք շատ ավելի հեշտ է կրել, իսկ ուղղման հնարավորություններն ավելի մեծ են։ Քանի որ ծռումները հանդիպում են երեք հիմնական հատվածներում՝ կրծքային, կրծքագոտկային և գոտկային, ուստի կիրառվում են կորսետների տարբեր տեսակներ, որոնք ունեն իրենց յուրահատուկ առավելություններ և թերություններ[16]։
Գերմանիայում ինչպես Շոյերմանի հիվանդության, այնպես էլ գոտկային կիֆոզի բուժման համար կիրառվող հիմնական մեթոդը Շրոթի մեթոդն է՝ ֆիզիոթերապիա սկոլիոզի և դրա հետ կապված ողնաշարային ծռումների համար[20]։ Այն կատարվում է մեջքի վրա պառկած դիրքում սրբանային հատվածում բարձ դնելով, որից հետո ողնաշարի պարանոցային հատվածում դեպի հետ ձգումներ են կատարվում։
Շատ ծանր դեպքերում կարող է կիրառվել վիրահատական բուժում։ Ողների զարգացող կիֆոտիկ դեֆորմացիայով տառապող հիվանդների մոտ կիֆոպլաստիկան կարող է դադարեցնել դեֆորմացիայի զարգացումը և մեղմացնել ցավը։ Կիֆոպլաստիկան նվազագույն ինվազիվ մեթոդ է[21], որի դեպքում պահանջվում է մաշկի վրա անել փոքր բացվածք։ Հիմնական նպատակը վնասված ողն իր մարմնի նախնական բարձրությանը հնարավորինս մոտեցնելն է[22]։
Կիֆոզի դեպքում ողնաշարի վիրահատության հետ կապված լուրջ բարդությունների ռիսկը մոտ 5% է, ինչպես և սկոլիոզի վիրահատության դեպքում։ Հնարավոր բարդություների թվին են դասվում փափուկ հյուսվածքի բորբոքումը կամ խորը բորբոքային երևույթները, շնչառական խանգարումները, արյունահոսությունը, նյարդի վնասումը։ Վերջին տվյալները վկայում են, որ իրական բարդությունները կարող են էականորեն ավելի բարձր լինել։ Անգամ այն հիվանդների շրջանում, ովքեր չեն ունենում լուրջ բարդություններ, նրանցից մոտ 5%-ը ունենում է հինգ տարի անց վիրահատական միջամտությունը կրկնելու կարիք, և ընդհանուր առմամբ անհայտ է, թե ինչ կարելի է սպասել վիրահատությունից երկարաժամկետ հեռանկարում[23][24]։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողնաշարի ծռումների նշաններն ու ախտանիշերը չեն կարող փոխվել վիրահատական միջամտության օգնությամբ՝ վիրահատությունը մնում է զուտ կոսմետիկ ցուցում[23][25]։ Դժբախտաբար, վիրահատության կոսմետիկ արդյունքները ոչ միշտ են կայուն լինում[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.