Կենտրոնական պարկ (Նյու Յորք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական պարկ (անգլ.՝ Central Park), պարկ Նյու Յորքում, որը խոշորագույններից է ԱՄՆ-ում և ամենաճանաչելիներից մեկը աշխարհում։ Գտնվում է Մանհեթեն կղզում՝ 59-րդ ու 110-րդ փողոցների, Հինգերորդ և Ութերորդ պողոտաների միջև։ Ունի ուղղանկյան տեսք։ Պարկի երկարությունը մոտ 4 կմ է, լայնությունը՝ 800 մետր, ընդհանուր մակերեսը՝ 3.41 կմ²։ Տարեկան պարկ է այցելում մոտ 25 միլիոն մարդ. այցելությունների թվով այն առաջինն է ԱՄՆ-ում[2]։ Կենտրոնական պարկը, բազմիցս ցուցադրվելով ֆիլմերում և հեռուստաշոուներում, ամենահայտնիներից մեկն է դարձել ողջ աշխարհում։ Պարկը սպասարկում է Կենտրոնական պարկի պահպանության կոմիտեն (անգլ.՝ Central Park Conservancy) (այն մասնավոր ոչ կոմերցիոն կազմակերպություն է)՝ պարկերի բաժանմունքի հետ կնքած պայմանագրի համաձայն (անգլ.՝ Department of Parks and Recreation):
Կենտրոնական պարկ | |
---|---|
Տեսակ | քաղաքային զբոսայգի և տեսարժան վայր |
Ճարտարապետ | Ֆրեդերիկ Լո Օլմստեդ և Calvert Vaux? |
Ստեղծում | 1856 |
Երկիր | ԱՄՆ[1] |
Բնակավայր | Նյու Յորք շրջան[1] |
Գտնվելու վայր | Central Park Mall?, Strawberry Fields?, North Woods and North Meadow?, Cleopatra's Needle?, The Ramble and Lake?, Jacqueline Kennedy Onassis Reservoir?, Sheep Meadow?, Wollman Rink?, Central Park Carousel?, Central Park Zoo?, Bethesda Terrace and Fountain?, Delacorte Theater?, The Pond and Hallett Nature Sanctuary? և Harlem Meer? |
կայք | |
Central Park Վիքիպահեստում |
Պարկի նախագիծը կազմել են ճարտարապետ Ֆրեդերիկ Օլմստեդը և Կալվերտ Վոքսը։ Չնայած պարկը շատ բնական տեսք ունի, այնուամենայնիվ նրա բոլոր լանդշաֆտները ստեղծվել են մարդու ձեռքով։ Պարկում կան արհեստական մի քանի լճեր, մեծ թվով ծառուղիներ, երկու սահադաշտ, վայրի բնության անկյուններ, մարգագետիններ, որոնք օգտագործվում են մարզական տարբեր միջոցառումների համար, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ և կենդանաբանական այգի։ Պարկը շատ մեծ համբավ է վայելում թռչնասերների մոտ, քանի որ այստեղ են գալիս չվող թռչուններ։ Պարկը շրջապատող տասկիլոմետրանոց ճանապարհը հաճախ օգտագործվում է տարբեր մարզաձևերի (հեծանվավազք, վազք, նաև անվաչմուշկ) ներկայացուցիչների կողմից հատկապես հանգստյան օրերին՝ երեկոյան 15:00-ից հետո, երբ մեքենաների մուտքը արգելվում է։ Կենտրոնական պարկը հաճախ անվանում են Մանհեթենի «կանաչ թոքեր»։
1820-1850 թվականների ընթացքում Նյու Յորքի բնակչությունը աճել է գրեթե չորս անգամ[3]։ Դրանով հանդերձ՝ բնակիչները քաղաքային աղմուկից հանգիստն անցկացնելու համար ստիպված էին բավարարվել մի քանի բաց տարածքներով միայն՝ հիմնականում գերեզմանոցներ։ Հասարակական այգի ստեղծելու մասին արտահայտվել են Evening Post (այժմ՝ անգլ.՝ New York Post) թերթի հրատարակիչ Վիլյամ Բրայանթը և ԱՄՆ-ում լանդշաֆտների առաջին ճարտարապետ Էնդրյու Դաունինգը, ովքեր 1844 թվականին սկսեցին գովազդել քաղաքային կարիքների համար անհրաժեշտ քաղաքային պարկի կառուցումը[4][5]։ Շատ նյույորքցիներ հաճույքով ընդունեցին ոճային զբոսավայրը՝ նման փարիզյան Բուլոնյան անտառին և լոնդոնյան Հայդ պարկին։ 1853 թվականին Նյու Յորքի օրենսդիր մարմինը պարկի ստեղծման համար հատկացրել է 700 ակր հողատարածք (2.8 կմ²), որի վրա նախատեսվել էր ծախսել 5 միլիոն դոլար։ Պարկը նախագծվել է Commissioners' Plan of 1811 ծրագրի շրջանակներում[6]։
Նյու Յորք նահանգի կառավարությունը նշանակել է հատուկ հանձնաժողով պարկի կառուցմանը հետևելու համար։ 1857 թվականին հանձնաժողովը հայտարարել է մրցույթ լանդշաֆտի ձևավորման համար։ Ամերիկացի լրագրող և լանդշաֆտի ճարտարապետ Ֆրեդերիկ Օլմսթեդի և անգլիացի ճարտարապետ Կալվերտ Վոքսի կազմած նախագիծը հաղթել է մրցույթում։ Օլմսթեդի խոսքերով պարկը կարևորություն է ներկայացրել որպես այդ հարյուրամյակում ստեղծված իսկական պարկ՝ մեծագույն կարևորության դեմոկրատական շինարարություն[7]։ Օլմսթեդը 1850-ական թվականներին մի քանի անգամ եղել է Եվրոպայում՝ այցելելով տարբեր պարկեր։ Նրան հատկապես դուր է եկել Լիվերպուլի մերձակայքում գտնվող Բիրկինհեդ պարկը (Birkenhead Park). այն աշխարհում առաջին պարկն է, որ ստեղծվել է ժողավրդական դրամահավաքով։
Պարկի արտաքին տեսքի վրա ազդել են այլ պարկեր, մասնավորապես՝ Մոնտ Օբորնը և Գրին Վուդը։ Դիազայնի նորամուծություններից էր այն հանգամանքը, որ պարկը բաժանված էր հետիոտների, հեծյալների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մասերի։ Կոմերցիոն ուղիները ստորգետնյա էին, որոնց եզրերը պատել էին խիտ թփերով։ Նախնական ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվեր 36 կամուրջ։ Ըստ Վոքսի նախագծի՝ դրանք պետք է տարբերվեին տեսքով և պատրաստման նյութով։ Լայն, համաչափ ծառուղիները, որոնք եղևնիների ծառուղիների հետ ամենաբարձր կետին էին հասնում մատուռի մոտակայքում՝ հետնամասում լճի և անտառի համադրությամբ, մեծ դիզայնի գլուխգործոցն էին[8]։
Շինարարությունից առաջ հարկ է եղել վերաբնակեցնել տեղի բնակիչներին, որոնց մեծամասնությունը բավական աղքատ էր՝ լինելով աֆրոամերիկացի կամ իռլանդական ու գերմանական ծագումով ներգաղթյալ։ Նրանցից շատերն ապրում էին փոքր բնակավայրերում։ Մոտավորապես 1600 բնակիչ միաժամանակ վերաբնակեցվել են 1857 թվականին մի օրենքի հիման վրա, ըստ որի՝ պետությունը փոխհատուցել է մասնավոր սեփականության օտարման համար[9]։
1860 թվականին պարզ դարձավ, որ Օլմսթեդը, լինելով հանդերձ հրաշալի դիզայներ, այնքան էլ լավ կառավարիչ չէ։ Նա չէր կարողանում հսկել, թե ինչի վրա են ծախսվում գումարները. այդ պատճառով էլ շինարարությունը հաճախ ընդհատվում էր։ Այնուամենայնիվ, Օլմսթեդը հրաժարվում է կառավարչի պաշտոնը հոժարակամ լքելուց, ինչը դրդում է հանձնաժողովին բռնի ձևով նոր կառավարիչ նշանակելու։ Էնդրյու Գրինը (անգլ.՝ Andrew Haswell Green) գլխավորում է հանձնաժողովը։ Չնայած փորձառու չլինելուն՝ նա ղեկավարում է աշխատանքները՝ նպատակ ունենալով արագացնել պարկի կառուցումը, ինչպես նաև հյուսիսային մասում 65 ակր նոր հող ձեռք բերել[10]։
1860-1873 թվականների ընթացքում պարկի ստեղծման աշխատանքները ձգձգվում են. հարկ է լինում վերանայել պարկի հիմնական շատ գաղափարներ։ Այդ ընթացքում ավելի քան 14.000 մ³ բերրի հող տեղափոխվում է Նյու Ջերսի նահանգից, քանի որ տեղական հողը հարմար չէր սկզբնական ծրագրով նախատեսված շատ ծառերի ու թփերի համար։ Երբ 1873 թվականին պարկի կառուցումը պաշտոնապես ավարտվեց, մոտ 10 միլիոն անվասայլակ նյութ՝ հող, քար, փորվել ու դուրս է բերվել տարածքից։ Այգում տնկվել են 1400 տեսակի մոտ 4 միլիոն ծառ, թուփ ու բույս[11]։
Պարկի ստեղծման աշխատանքների ավարտից անմիջապես հետո այն փոքր-ինչ անկում է ապրում։ Պատճառը Թամանի հոլ (անգլ.՝ Tammany Hall) անվանումով ոստիկանական տխրահռչակ մեքենան էր։
Դարասկզբին պարկը մի շարք ձևափոխությունների է ենթարկվում։ Ի հայտ են գալիս մեքենաները։ Փոխվում է հասարակական մտածողությունը. պարկը դառնում է ոչ միայն հանգստի, այլև մարզական միջոցառումների, սպորտով զբաղվելու վայր։ 1895 թվականին՝ Վոքսի մահից հետո, պարկի խնամքը ակնհայտ վատացել էր. չէին հեռացվում չորացած ծառերը, թփերը։ Հետագա տասնամյակներին իշխանությունները գրեթե ոչինչ չէին ձեռնարկում դրությունը շտկելու, զբոսայգին վանդալիզմի դրսևորումներից պահպանելու համար։ 1910 թվականին Կենտրոնական պարկը դարձավ վերնախավի ներկայացուցիչ անհետ կորած Դորոթի Առնոլդի սպանության ենթադրյալ վայրը։ Ամեն ինչ փոխվեց 1934 թվականին, երբ Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվում Ֆիորելո լա Գուարդիան (անգլ.՝ Fiorello La Guardia)։ Նա միացրեց պարկի հետ կապված հինգ տարածքները՝ Ռոբերտ Մոզեսին նշանակելով պարկի պատասխանատու։ Մոզեսը շուտով դարձավ Նյու Յորքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Մեկ տարի անց նա ղեկավարում էր ոչ միայն Կենտրոնական, այլև այլ պարկերի բարեկարգման աշխատանքները։ Այդ ընթացքում տնկվում են շատ ծառեր, թփեր, վերակառուցվում են կամուրջներ, մաքրվում են տարածքներ։ Ձևավորվում են 19 խաղահրապարակ երեխաների համար, բասկետբոլի, հանդբոլի 12 խաղահրապարակ։
Երբ 1960 թվականին Ռոբերտ Մոզեսն աշխատանքից հեռացավ, երկար ժամանակ նրան արժանի փոխարինող չէին գտնում։ Պարկը որոշ չափով վնասվեց վանդալիզմից, աղտոտումից, գրաֆիտիից։ Պարկում կազմակերպվում էին ամենատարբեր միջոցառումներ. արդյունքում այն սկսեց վերստանալ Մոզեսի կառավարմանը նախորդած շրջանի տեսքը։ Ավելացավ պարկում կատարվող հանցագործությունների թիվը։ Պարկը անվերահսկելի տարածքի էր վերածվել, մինչև 1980 թվականին ստեղծվեց Կենտրոնական պարկի բնության պահպանության կոմիտեն։ Բոլոր բացթողումներով հանդերձ՝ քսանամյակի ընթացքում դրական տեղաշարժեր ևս նկատվել են։ 1962 թվականին ժողովրդական թատրոնը (անգլ.՝ Public Theater) պարկում կազմակերպում էր շեքսպիրյան փառատոներ, իսկ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Մետրոպոլիտեն օպերան մեծ մարգագետնի տարածքում կազմակերպում էին ամենամյա համերգներ։
Նորաստեղծ կոմիտեն, փորձելով խուսափել մեծ ծախսերից, որոշում է աշխատանքների համար ոչ թե վարձակալել աշխատողների, այլ ընդգրկել կամավորների։ Դա միաժամանակ կբարձրացներ քաղաքացիների հոգածությունը պարկի նկատմամբ։
1981 թվականին զբոսայգին վերականգնելու ու բարեկարգելու համար կոմիտեն հրապարակում է փաստաթուղթ՝ նախանշելով պարկի հետագա զարգացման և երբեմնի տեսքի վերականգնման սկզբունքները։ Փաստաթղթում հիմնական երեք խնդիր էր մատնանշվում։ Պետք է վերականգնվի ճարտարապետական ժառանգությունը՝ լանդշաֆտ, շրջակա միջավայր կամուրջներ, կառույցներ, որոնք վնասվել էին քսան տարիների ընթացքում։ Պետք է վերականգնվի խոտածածկույթը՝ մշտական հոգածության առարկա դարձնելով այն։ Պետք է ստեղծվի ծրագիր, որով ավելի ապահով կլինի պարկը հատկապես գիշերային ժամերին։
Տարիներ անց շատ կառույցներ վերականգնվեցին։ Միայն 2004 թվականին կամավորները ավելի քան 32.000 ժամ են ծախսել պարկի աշխատանքների վրա։ Կենտրոնական պարկը իր տարածքով լիովին համընկնում է ոստիկանական №6 տարածքի հետ. ներկայումս այդ տարածքը քաղաքի ամենաապահով վայրերից է[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.