Կաստաներ (պորտ.՝ casta - տոհմ, սերունդ, լատին․՝ castus - մաքուր, սանսկրիտ համարժեքը՝ ջատի), իրար հետ սահմանափակ հաղորդակցմամբ, անփոփոխ մասնագիտությամբ և ընդհանուր առասպելական նախահայր ունեցող մարդկանց ներամուսնական խմբեր։ Կաստաների համակարգի ձևավորման վրա մեծապես ազդել է աշխատանքի հասարակական բաժանումը։ Կաստայական բաժանման առանձին նշաններ եղել են Հին Եգիպտոսում, Իրանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր։ Այնուամենայնվ, կաստաների համակարգը առավելապես զարգացել և պահպանվել է Հնդկաստանում։ Կաստաներ գոյություն են ունեցել դեռևս Հին Հնդկաստանում և օրինականացվել են կրոնի կողմից։ Միջնադարյան Հնդկաստանում կաստաները դարձել են ֆեոդալական հասարակության հիերարխիական կառուցվածքի հիմքը՝ փոխարինելով վարնաներին։ Կաստայական հիերարխիայի վերին աստիճանին գտնվել են հոգևոր և աշխարհիկ ֆեոդալների կաստաներ, նրանցից ցած՝ համայնքների լիիրավ անդամների ռազմա-երկրագործական կաստաներ և քաղաքային առևտրա-վաշխառուական կաստաներ, ավելի ցած՝ արհեստավորների և համայնքների ոչ լիիրավ անդամների կաստաներ, ամենացածում՝ կիսաստրուկ-կիսաճորտերի կաստաներ, որոնք, բացի երկրագործությունից, զբաղվել են «անմաքուր» մասնագիտություններով (ավլողներ, կաշեգործներ, կոշկակարներ և այլն) և կոչվել են «անձեռնմխելիներ»։ Կաստաների գլուխ կանգնած էին կաստայական խորհուրդները, որոնք վերահսկել են կաստաների անդամների տնտեսական և հասարակական գործունեությունը, հետևել կաստայական օրենքների կատարմանը և իրագործել արդարադատությունը։ Անգլիական գաղութարարները ձգտել են պահպանել կաստայական կարգը Հնդկաստանում՝ աշխատավորների շահագործումն ուժեղացնելու և ազգային-ազատագրական շարժումը պառակտելու համար։ Սակայն կապիտալիստական հարաբերությունների զարգացումը երկրում խախտել է կաստաների հասարակական-տնտեսական հիմքը։ Հնդկական հանրապետության սահմանադրությունը (1950) ճանաչել է կաստաների իրավահավասարությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 277)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.