From Wikipedia, the free encyclopedia
Ծակայր, քարայր, նախկին մատենադարան և գրքերի պատրաստման վայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի տարածքում[1][2]։
Հայ մատենագրության պատմության մեջ ունեցել է կարևոր դերակատարում[1][2]։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ՝ Կայան բերդի դիմաց գտնվող Ծակայրը որոշ ժամանակ ծառայել է որպես Հաղպատի մատենադարան։ Այստեղ են գործել միջնադարյան մի շարք կարևոր դեմքեր, ինչպիսին է Հովհաննես Իմաստասերը[1]։ Թշնամիներից պաշտպանելու համար ժամանակին այստեղ են տեղափոխվել Հաղպատի մատենադարանի ձեռագրերը[1][2]։
Հովհաննես Իմաստասերը Ծակայր քարայրում է գրել Հայոց փոքր տոմարը[1]։ Քարայր-մատենադարանի այցելուներից են եղել և այնտեղ գործել նաև միջնադարյան խոշոր իրավաբան, դատաստանագրքի հեղինակ Դավիթ Գանձակեցին, Թոքակերի որդի Գրիգորը[1]։
Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Ծակայրը սկզբնական շրջանում չի ծառայել որպես գրապահոց կամ ձեռագրերի ստեղծման վայր, այլ նախատեսված է եղել ավելի ցած գտնվող Զարնի և Պարնի քարայրերի պաշտպանության համար։ Պնդման համաձայն՝ այն եղել է անմատչելի պահակակետ, որտեղ գտնվող պահնորդները նետահարել են Զարնի և Պարնի քարայրերի տանիքներին պարաններով իջնող թշնամիներին[1]։
1770-ական թվականներին Հաղպատի վանքի վանահայր Աբրահամ վարդապետ Թեքիրդաղցին Պետրոս տիրացուի (սարկավագից ցածր պաշտոն) հետ Ծակայրում և հարակից քարայրերում գանձ որոնելու նպատակով իջեցրել է այնտեղ պահվող հազարավոր ձեռագրեր։ Գրքերի մեծ մասը աստիճանաբար գողացվել են, իսկ մնացած ձեռագրերից ու դրանց պատառիկներից վանականները մեծ խարույկ են վառել[3]։
1800-ական թվականներին և 1900-ական թվականների սկզբներին քարայրում ուսումնասիրություններ և ձեռագրերի որոնումներ են կատարել Հովսեփ Արղությանը, Սարգիս Ջալալյանը, Ալեքսանդր Երիցյանը, Գյուտ Աղայանցը[3]։
1959 թվականին Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը գիտաշխատող Ս․ Քոլանջյանի գլխավորությամբ և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ալպինիստների մասնակցությամբ կազմակերպել է գիտարշավ դեպի Հաղպատի քարայրեր[2]։ Արշավախումբը Ծակայրում հայտնաբերել է 9-ից 15-րդ դարերով թվագրվող ձեռագրերի շուրջ 40 պատառիկներ, կարասի բազմաթիվ կտորներ, գրքերի պատրաստման համար նախատեսված կաշվե կտորներ, դրանք կարելու համար թելեր և այլ իրեր[2]։ Հայտնաբերված պատառիկների վրա ընթեռնելի են մաշտոցյան գրեր, հայկական հնագույն երաժշտական նշաններ՝ խազեր[2]։ 1978 թվականին արշավախմբի ժայռամագլցող խմբի ղեկավար Սերգո Հարությունյանը հայտնել է, որ լիարժեք չեն կարողացել հետազոտել քարայրը, քանի որ ժայռերի վերևից պարանով ներքև իջնող ալպինիստը կարճ ժամանակ է մնացել այնտեղ[1]։
1978 թվականի նոյեմբերին Մատենադարանի ղեկավարության խնդրանքով նոր հետազոտական արշավախումբ մեկնեց Հաղպատ գյուղ այնտեղ գտնվող անմատչելի քարայրերում ձեռագրեր որոնելու նպատակով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.