Խորխորյան տարեգրություն, ուրարտական ամենախոշոր սեպաձև արձանագրությունը Վանի հարավ-արևմտյան կողմում, Խորխոր կամ Խոռխոռ կոչվող ժայռին։ Բովանդակում է Արգիշտի Ա թագավորի գահակալման տարիների (մ. թ. ա. շուրջ 786—764) ռազմաքաղաքական կարևոր իրադարձությունների հակիրճ պատմությունը։ Վերջանում է Արգիշտի Ա-ի գահակալման 14 կամ 15-րդ տարվա դեպքերի նկարագրությամբ։ Խորխորյան տարեգրության յոթ սյունակներից երեքը գտնվում են ժայռի գագաթից իջնող սանդուղքներին, չորսը՝ ժայռի մեջ փորված անձավի մուտքի կողքերին։ Քանի որ առաջին սյունակն իր բովանդակությամբ տարեգրության սկիզբը չէ, ուստի կարծում են, որ սկզբնամասը (հավանորեն Արգիշտի Ա-ի պատկերով հանդերձ) զետեղված է եղել սանդուղքի ձախակողմյան խորշում։ Ուսումնասիրողների կարծիքով տարեգրության կրկնօրինակն է Վանի Ս. Սահակ եկեղեցու շինաքարերին անգլիացի հնագետ Օ. Հ. Լայարդի հայտնաբերած (1850) Արգիշտի Ա-ի սեպաձև արձանագրությունը։ Խորխորյան տարեգրությունը 1828 թ.-ին ընդօրինակել է ֆրանսիացի արևելագետ Մ. Շուլցը։ Նրա ընդօրինակությունը վերծանել և հրատարակել են Ա. Ն. Սեյսը (1882), Բելքը (1901), Ն. Վ. Հարությունյանը (1951), Գ. Ա. Մելիքիշվիլին (1960) և ուրիշներ։ Գ. Մելիքիշվիլին կրկնօրինակի համեմատությամբ փորձել է վերականգնել խորխորյան տարեգրության ամբողջական կառուցվածքը և տեղեկությունների հաջորդական ժամանակագրությունը։ Նա ենթադրում է, որ Խորխորյան տարեգրությունն ունեցել է նաև Արգիշտի Ա-ի գահակալման մնացած 8 տարվա իրադարձությունների շարադրանքը։
Գրականություն
- Apyтюнян Н. B., Xopxopcкая летопись Аргишти I, «Эпиграфика Востока», 1953, cб. 7
- Пиотровский Б. Б. Ванское царство (Урарту), M., 1959, c. 66—68
- Mеликишвали Г. А., Урартские клиноабразные надписи, М., 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 89)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.