From Wikipedia, the free encyclopedia
Ինտերսեկցիոնալություն, հաճախ նաև՝ ինտերսեկցիոնալ ֆեմինիզմ, ֆեմինիզմի ճյուղ, որը ցույց է տալիս, թե ինչպես են սոցիալական և քաղաքական խտրականության տարբեր կողմերը համընկնում գենդերի հետ[1]։ Այն ոչ էմպիրիկ որակական վերլուծության ձև է, որը նույնականացնում է, թե ինչպես է ուժի և իշխանության փոխկապակցված համակարգն ազդում հասարակության մեջ առավել մարգինալիզացված անձանց վրա[2]։
Տերմինն առաջադրել է սև ֆեմինիստ գիտնական Քիմբերլի Ուիլյամս Քրենշոուն 1989 թվականին[3][4][5]։ Ինտերսեկցիոնալ ֆեմինիզմի և դրա սոցիալ-մշակութային ազդեցության ուսումնասիրման կենտրոնում են սոցիալական շերտավորման տարբեր ձևերը՝ դասը, ռասան, սեռական կողմնորոշումը, տարիքը, կրոնը, դավանանքը, հաշմանդամությունը և գենդերը։
Ինտերսեկցիոնալության նպատակն է հաստատել, որ խտրականության այս ձևերը կապված են միմյանց հետ և հաշվի առնել այդ հարաբերությունները՝ սոցիալական և քաղաքական հավասարության խթանման ուղղությամբ աշխատելիս[1]։ Այս տեսությունն ի սկզբանե հասարակության մեջ մաշկի տարբեր երանգներ ունեցող կանանց ճնշումների ուսումնասիրություն էր, որը հետագայում ընդլայնվեց՝ ներառելով սոցիալական ինքնության տարբեր կողմերը նույնպես։
Ինտերսեկցիոնալությունը կարող է կապված լինել նաև «եռակի կեղեքում» տերմինի հետ, որը նույնպես վերաբերում է առնչվող թեմաներին։ Քննադատները նշում են, որ ինտերսեկցիոնալությունն ամբողջությամբ հենվում է ոչ օբյեկտիվ հասկացությունների վրա, ինչպիսիք են «իշխանական համակարգերը», որոնք նյութական արտահայտում չունեն և հետևաբար չեն կարող էմպիրիկ հիմք համարվել։ Ըստ քննադատների՝ սրանով ինտերսեկցիոնալությունը դառնում է գաղափարների հավաքածու և ոչ թե պատշաճ սոցիոլոգիական հայեցակարգ։
Ինտերսեկցիոնալության հայեցակարգը նպատակ ուներ վերհանել այն օրինաչափությունները, որոնք հաճախ անտեսվում էին ֆեմինիստական շարժումների և տեսության կողմից[6]։ Ինտերսեկցիոնալության առաջացման վերաբերյալ բելլ հուքսը ասել է, որ այն՝ «կասկածի տակ է դրել մոտեցումը, թե «գենդերը» կնոջ ճակատագիրը որոշող հիմնական գործոնն է»[7]։
ԱՄՆ-ում ֆեմինիստական շարժումից սևամորթ կանանց բացառումը բերեց նրան, որ 19-րդ և 20-րդ դարերում հայտնվեցին շատ սևամորթ ֆեմինիստներ, որոնցից էր Աննա Ջուլիա Կուպերը մարտահրավեր նետեցին սևամորթ կանանց բացառմանը։ Այս շարժումը վիճարկում էր հիմնականում սպիտակ միջին դասի կանանց կողմից առաջնորդվող ֆեմինիստական ավելի վաղ շարժումների գաղափարները, օրինակ այն, թե կանայք միատարր կատեգորիա են, որոնք կիսում էին նույն կյանքի փորձը[8]։ Ընդունելով, որ սպիտակ միջին դասի կանանց հանդեպ ճնշման ձևերը տարբերվում են սև, աղքատ կամ հաշմանդամություն ունեցող կանանց ճմշումներից, ֆեմինիստները սկսեցին ուսումնասիրել, թե ինչպես է սեռը, ռասան և դասը համատեղվում՝ «որոշելով կնոջ ճակատագիրը»[7]։
Ռասայական անհավասարությունն այն գործոններից մեկն էր, որը հիմնականում անտեսվում էր ֆեմինիզմի առաջին ալիքի կողմից, քանի որ վերջինս հիմնականում ուղղված էր տղամարդկանց և կանանց միջև քաղաքական հավասարություն ձեռք բերելուն։ Կանանց իրավունքների վաղ շարժումները հաճախ վերաբերում էին միայն սպիտակ կանանց մասնակցությանը, մտահոգություններին և պայքարին[9]։ Ֆեմինիզմի երկրորդ ալիքը, որը ծագում է Բեթի Ֆրիդանի «Կանացիության առեղծվածը» աշխատությունից, ցանկանում էր արմատախիլ անել կանանց տնային տնտեսության մեջ դիտարկող սեքսիզմը սեքսիզմը։ Թեև այս ընթացքում ֆեմինիստները հաջողության էին հասել հավասար վճարման և աբորտի ազատության ուղղություններով, նրանք շարժման հարթակներից հիմնականում արտամղել և օտարացրել էին սևամորթ կանանց[10]։ 1980-ականների վերջում՝ «ինտերսեկցիոնալություն» տերմինի ծագումից քիչ անց ձևավորված ֆեմինիզմի երրորդ ալիքը մատնանշում է ֆեմինիստական շարժումներում ռասայի, դասի, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ կենտրոնացվածության պակասը և փորձում է հնարավոր դարձնել քաղաքական և սոցիալական անհավասարություններին անդրադառնալը[11]։ Ինտերսեկցիոնալությունը ճանաչում է սոցիալական արդարության ձգտող վաղ շարժումների կողմից անտեսված այս խնդիրները։ Վերջին շրջանի շատ գիտնականներ, ինչպիսին օրինակ Լեսլի Մաքալն է, պնդում է, որ ինտերսեկցիոնալիության տեսության ներդրումը կենսական նշանակություն ուներ սոցիոլոգիայի համար, և որ տեսության զարգացումից առաջ եղել են շատ քիչ հետազոտություններ, որոնք մասնավորապես անդրադարձել են հասարակության մեջ բազմաթիվ ճնշումների ենթարկված մարդկանց փորձին[12]։
Սոցիալական անհավասարության տարբեր ձևերի փոխկապակցվածությունը Քոլինզն անվանել է «գերիշխանության մատրիցա», որը հայտնի է նաև որպես «կեղեքման և արտոնության վեկտորներ»[13] ։ Այս տերմինները ցույց են տալիս, թե ինչպես մարդկանց միջև առկա տարբերությունները (սեռական կողմնորոշումը, դասը, ռասան, տարիքը և այլն) կանանց նկատմամբ ծառայում են ճնշող միջոցներ ծառայում և փոփոխում հասարակության մեջ որպես կին ապրելու փորձառությունը։
Քոլինզը և Դորոթի Սմիթը առաջարկել են դիրքորոշման տեսության (standpoint theory) սոցիոլոգիական բնութագիրը։ Դիրքորոշումը կամ տեսակետը (standpoint) անհատի յուրօրինակ աշխարհայացքն է։ Այս մոտեցման տեսական հիմքը սոցիալական գիտելիքները դիտարկում են անհատին հատուկ աշխարհագրական միջավայրի համատեքստում։ Իր հերթին, գիտելիքը դառնում է անհատական և սուբյեկտիվ, այն տարբերվում է ՝ կախված ստեղծման սոցիալական պայմաններից[14] ։
«Ներսում օտար» (outsider within) լինելու գաղափարը վերաբերում է այն ինքնատիպ դիրքորոշմանը, որն ընդգրկում է ինքնը, ընտանիքը և հասարակությունը[15] ։ Սա վերաբերում է հիմնական մշակութային աշխարհից (այսինքն ՝ ընտանիքից) դեպի ժամանակակից հասարակություն տեղափոխվելիս մարդու ունեցած փորձառությանը[13] ։ Հետևաբար, չնայած կինը և հատկապես՝ սևամորթ կինը, կարող է ազդեցիկ դառնալ որոշակի ոլորտում, նա կարող է զգալ, որ այդտեղ չի պատկանում։ Նրանց անձնավորությունը, վարքը և մշակութային էությունը հասարակության մեջ ստվերում է նրանց արժեքը որպես անհատ, որի պատճառով նրանք դառնում են «ներսում օտար»[15] ։
Քոլինզը հիշեցնում է Բրիտանի և Մայնարդի խոսքերը, որ «գերիշխանությունը միշտ ենթադրում է դոմինանտման ենթարկվողի օբյեկտիվացում/առարկայացում. ճնշման բոլոր ձևերը ենթադրում են ճնշվածի արժեզրկում»[15] ։ Հետագայում նա նշում է, որ ինքնագնահատումը և ինքնասահմանումը ճնշումներին դիմադրելու երկու եղանակներն են։ Ինքնատեղեկացվածությունը կեղեքման ենթարկվող խմբին օգնում է պահպանել ինքնագնահատականը՝ թույլ տալով խուսափել ցանկացած անմարդկային ազդեցություններից։
Մարգինալացված խմբերը հաճախ «մյուս» կամ «օտար» լինելու կարգավիճակ են ստանում[15] ։ Ըստ էության, դու «այլ» կամ «օտար» ես, եթե տարբերվում ես նրանից, ինչ Օդրի Լորդն անվանում է «առասպելական նորմա»։ «Օտարները» գրեթե բոլորն են, որոնք դուրս են միջին վիճակագրական սպիտակ տղամարդու սոցիալական սխեմայից ։ Գլորիա Անզալդուան այս սոցիոլոգիական գործընթացն անվանում է «այլանալ» կամ «օտարանալ» (othering)[13] ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.