Ժաննա դ'Արկի տուն-թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ժաննա դ'Արկի տուն-թանգարան (ֆր.՝ Maison natale de Jeanne d'Arc, Ժաննա դ'Արկի հայրական տունը), տուն, որտեղ, ավանդության համաձայն, ծնվել և մինչև թագավորական պալատ մեկնելն ապրել է Ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկը։
Ժաննա դ'Արկի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | բնակելի տուն և հայրենի տուն |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Դորեմի լա Պյուսել[1] |
Մինչև 1440 թվականը պատկանել է Ժաննա դ՛Արկի ընտանիքին։ Ամուսնու մահից հետո Իզաբելա Ռոման վերջնականապես տեղափոխվել է ավագ որդու՝ Պիեռի մոտ՝ Օռլեան։ Այնտեղ նա մահացել է 1454 թվականին՝ աղջկա՝ Ժաննա դը Արկի արդարացումից երկու տարի անց։ Ավելի ուշ տունը պատկանել է Ժաննա դ՛Արկի ազգականներին։ 1580 թվականին փիլիսոփա Միշել Մոնտենը այցելել է այդ տունը։ Հետագայում նա գրում է. «Ամբողջ առջևի մասը, որտեղ ծնվել է Օռլեանի փառապանծ կույսը, ամբողջովին ծածկված է նկարներով՝ արված կույսի ձեռքով։ Սակայն ժամանակը իրենն արել է»։ Ցավոք, այդ նկարները մեզ չեն հասել։ Կլոդ դյու Լիսի մահից հետո՝ 1587 թվականին տունը վաճառվել է Լուիզա դե Շտեյնվիլին։ 1611 թվականին տանն ապրել է Ժերմեն Տուսսենը։ Երեսնամյա պատերազմի պատերազմի պատճառով ստեղծված խնդիրները թույլ չեն տվել իմանալ այն մարդկանց անունները, ովքեր հաջորդաբար եղել են տան սեփականատերեր[2]։
Մինչ XVIII դարի սկիզբը տան մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ավելի ուշ տունը հայտնվել է Ժերարդենի ընտանիքի տնօրինության տակ։ Այդ ընտանիքի անդամներից մեկի՝ նապոլեոնյան բանակի նախկին դրագունի անվան հետ կապված է մի զվարճալի պատմություն։ Ոմն անանուն պրուսական կոմս առաջարկել է նրան իրեն վաճառել տունը, սակայն մերժվել է։ Համառ ազնվականը տան համար առաջարկել է 6 հազար ֆրանկ և դարձյալ արժանացել է մերժման, սակայն երեք տարի անց՝ 1818 թվականի հունիսի 20-ին, Ժերարդենը տունը զիջել է ընդամենը 2 հազար 500 ֆրանկով, քանի որ այն դարձնելու էին թանգարան։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVIII-ը, գնահատելով նրա «համեստությունը», պարգևատրել է նրան Պատվո լեգեոնի շքանշանով։ Օռլեանի քաղաքային խորհուրդը իր հերթին նրան է հանձնել ոսկե մեդալ՝ հետևյալ մակագրությամբ. «Նիկոլայ Ժերարդենին դրվատելի անձնվիրության՝ Օռլեանի կույսի բնակարանը պահպանելու համար»։
Մուլեն փողոցում XVIII դարում այլևս չի մնացած եղել Հարյուրամյա պատերազմի ժամանակվա կառույց։ Վաճառելուց տարիներ առաջ Ժերարդենը չէր ապրել այդ տանը, բայց այն օգտագործել էր որպես պահեստ։ Նրա մահից անմիջապես հետո տեղական ինժեներ-շինարարի` Ժոլլայի ղեկավարությամբ տունն ամբողջովին ենթարկվել էր վերակառուցման և խնամքով նորացվել։ Ջանացել էին տանը տալ այնպիսի տեսք, որպիսին այն ունեցել էր Ժաննա դ'Արկի ընտանիքի սեփականությունը եղած ժամանակ։
1481 թվականին փայտյա դռան վերևի մասում փորագրված էր երեք գերբ[3], որից մեկն այն էր, որ Ժաննա դ'Արկը ստացել էր իր ազնվականական ազգանվան հետ։ Կար նաև կարգախոս. «Կեցցե՛ Լյուդովիկոս թագավորը»։ Վերականգնողական աշխատանքի ժամանակ կարգախոսը լրացվել էր. «Կեցցե՛ աշխատանքը» նախադասությամբ։ Տնակը վերանորոգված էր և ամրացված։ Տան այժմյան հասցեն է` փողոց Բազիլիկ 2, թանգարան այցելությունների համար։
Տունը բաղկացած է չորս սենյակից, որոնցից մեկը ինչ-որ ժամանակ պատկանել է դ'Արկ ամուսիններին, մյուսը եղել էր եղբայրների՝ Ժակլոյի, Պիեռի և Ժանի սենյակը, երրորդը պատկանում էր Ժաննա և Կատրին քույրերին, չորրորդը ծառայում էր և՛ որպես հյուրանոց, և՛ ճաշարան, և՛ խոհանոց։ Սենյակում կար բուխարի և կոպիտ պատրաստված սեղան, որի շուրջ ինչ-որ ժամանակ ամբողջ ընտանիքն էր ճաշել։ Աղջիկների սենյակն ուներ դեպի եկեղեցի նայող լուսամուտ։ Դուռը եղբայրների սենյակից տանում էր դեպի այգի, որտեղից հնարավոր էր հասնել եկեղեցու բակ։ Այժմ տունը թանգարան է, սենյակներում գյուղացիական կենցաղային իրերի ցուցահանդես կա, ինչպես նաև կան իրեր, որոնք մնացել են դ'Արկ ընտանիքից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.