Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թյուրքացում (թուրքերեն՝ Türkleştirme), թյուրքական հասարակության մեջ ոչ թյուրքական ծագում ունեցող ազգերի լեզվական ասիմիլյացիայի գործընթաց, որի ընթացքում տեղի է ունեցել էթնիկ խմբի կամ ամբողջ էթնոսի լեզվի կորուստ և դրա փոխարինում թյուրքական որևէ մի լեզվով[1]։ Թյուրքացման գործընթացը հիմնականում տեղի է ունեցել XI-XV դարերի թյուրքական միգրացիայի ժամանակ։ Որոշ դեպքերում, օրինակ Օսմանյան կայսրությունում, թյուրքացումը քրիստոնեական ազգերի իսլամացման հետևանք էր, չնայած այն հանգամանքին, որ որոշ թյուրքալեզու ազգեր քրիստոնեության հետևորդներ են (գագաուզներ, չուվաշներ, յակուտներ) կամ էլ բուդդիստներ (տուվացիներ)։
Թյուրքացումը կարող էր տեղի ունենալ ինչպես բնական ճանապարհով՝ մշակութային կապեր, միջազգային ամուսնություններ և այլն, այնպես էլ ստիպողական (բռնի) բնույթ՝ նվաճում, բնակչության բնաջնջում և հարկադիր տեղահանություն։ Ոչ թյուրքական ազգերի թյուրքացման գործընթացը մեծապես տեղի է ունեցել Միջին Ասիայում, որտեղ թյուրքացման են ենթարկվել իրանական ծագում ունեցող քոչվոր և հողագործ էթնիկ խմբերը։ Եվրասիական տափաստաններում տեղի է ունեցել նաև մոնղոլական և թյուրքական էթնիկ խմբերի ձուլում՝ վերջիններիս թվաքանակային դոմինանտության պատճառով։
Որոշ դեպքերում, թյուրքացման են ենթարկվել նաև ուգրո-ֆիննական բնակչությունը։ Թյուրքացման վայրերից մի օրինակ է հանդիսանում Հյուսիսային մոնղոլիան, որտեղ ձևավորվել են թաթարները։ Ամենուշը և ամենաբարդը հանդիսանում է Անատոլիայի թյուրքացումը, որը տեղի է ունեցել դեպի Փոքր Ասիա թյուրքական միգրացիայի արդյունքում[2]։
«Ղրղզները հանդիսանում են այն ազգերից մեկը, որոնք ամենայն հավանականությամբ ունեցել են ոչ թյուրքական ծագումնաբանություն և բռնի կերպով թյուրքացվել են։ Թյուրքացվել են նաև սամոդիական ազգությունների այն հատվածը, որոնք բնակվում էին սամոդիական ազգությունների տարածման տեղանքի հարավային հատվածում։ Այդ գործընթացը չի ավարտվել մինչ օրս», — գրում է թյուրքագետ Վասիլի Վլադիմիրովիչ Բարտոլդը[3]։
Ոսկե հորդայում՝ հատկապես Ուզբեկ խանի կառավարման ժամանակ ակտիվորեն տեղի է ունեցել մոնղոլների թյուրքացման գործընթացը։ Եգիպտոսի սուլթանի քարտուղար Իբն Ֆադլուլլահ ալ Օմարին գրել է Ոսկե հորդայում թյուրքացման գործընթացի մասին․ «Հնում այդ պետությունը՝ Ոսկե հորդան եղել է ղփչաղների երկիրը, սակայն երբ թաթարները գրավեցին այն, ղփչաղները դարձան նրանց ենթակաները։ Այնուհետև (ժամանակի ընթացքում), թաթարները խառնվեցին ղփչաղների հետ և հզորացան։ Ղփչաղները ձեռք բերեցին թաթարների բնավորության գծերը և ռասայական հատկանիշները։ Այդ ազգերը նմանվեցին իրար, կարծես նրանք միևնույն ծագումն ունեին։ Արդյունքում, մոնղոլները զբաղեցրեցին ղփչաղների տարածքները[4][5] և շարունակեցին ապրել միմյանց հետ։ Այդպիսով, երկար ժամանակ միևնույն վայրում բնակվելը ստիպում է մարդուն հարմարվել տեղանքին և փոխել իր բնավորության գծերը՝ նմանեցնելով այդ երկրում ընդունված արժեքներին, ինչպես մենք վերևում նշել ենք։ Միայն, երբեմն, նկատվում են մաշկի գույնի տարբերություններ, որոնք որոշակիորեն կապված են նաև տեղանքի հետ»[4][5]։
Այդպիսի կարծիք է հայտնել նաև Ֆիշերը 18-րդ դարում։ Խոսելով թաթարների մասին՝ որպես «թուրքական ազգերից ամենամեծաքանակի մասին», նա նշում է, որ «ժամանակի ընթացքում թաթար անվանումը խառնվել է մոնղոլների հետ և գերակա դիրք գրավել։ Պատճառը կարող էր լինել նրանում, որ Չինգիզ խանի զորքերը, նրա հաջորդները ավելի մեծ թիվ են կազմել, քան մոնղոլները ամբողջությամբ[5][6]։
Հայտնի մոնղոլագետ, խորհրդային գիտնական, ակադեմիկոս Բորիս Վլադիմիրովիչ Վլադիմիրցովը նույնպես նշում է, որ «արևմուտք տեղափոխված մոնղոլները անմիջապես ենթարկվեցին թյուրքացման։ Կարծում եմ, որ պատճառը թյուրքերի և մոնղոլների միջև առկա նմանություններն էին»։ Եվ միայն Միջին Ասիայի համար է նա անում բացառություն` նշելով, որ «մոնղոլների կողմից իսլամական մշակույթի ընդունումը ավելի դանդաղ է տեղի ունեցել, քան Պարսկաստանում, քանի որ Միջին Ասիայում մոնղոլները հայտնվել են իրենց ազգակից թյուրքացված քոչվորների հետ միասին»[5][7]։
Անատոլիայի թյուրքացումը սկսվել է XI դարի երկրորդ կեսին։ Թյուրքական առաջին արշավանքը դեպի Փոքր Ասիա տեղի է ունեցել 1064 թվականին։ 1071 թվականին թյուրքերը գրավել էին ողջ Կենտրոնական Անատոլիան։ 1097 թվականին թուրքերը հասել են Էգեյան ծովի ափը։ Հայերի, հույների և խաչակիրների միասնական ջանքերով, թուրքերը հետ են շպրտվել, սակայն Կենտրոնական Անատոլիայից նրանց արտաքսել հնարավոր չի եղել։ Սկզբնական շրջանում թյուրք-անասնապահները կազմել են տարածաշրջանի բնակչության միայն մի փոքր մասը։ Բնակչության մեծ մասը կազմել են հայերը, հույները, քրդերը, հրեաները և արաբները[8]։ Սակայն ռազմական հզոր ներուժը թյուրքերին տալիս էր ոչ միայն ռազմական, այլև դեմոգրաֆիական առավելություն՝ տարածաշրջանի մյուս ազգերի նկատմամբ։
Երբ անկման փուլում գտնվող Բյուզանդական կայսրությունը կորցնում էր իր քաղաքները, Անատոլիայի հունական քաղաքների անվանումները սկսեցին թյուրքականացվել (այսպես, Պրուսսան դարձավ Բուրսա, Նիկեան վերանվանվեց Իզնիքի, Նիկոմեդիան՝ Իզմիթի), կամ էլ ստացան նոր անվանումներ։
Սուլթանները իրենց հարեմներում ունեին այլազգի բազմաթիվ հարճեր, որոնց երեխաները պարտադրված պետք է խոսեին թուրքերեն, ինչն էլ նշանակում էր, որ նրանք դաստիարակվում էին որպես թյուրքեր։ Նույնը վերաբերում էր նաև դևշիրմեի տղաներին։
Այսպես, պալատի «բանտարկյալներից» մեկը (այսինքն ստրուկներից մեկը) գրել է․ «Պալատում կան միայն մի քանի մարդիկ, ովքեր ի ծնե խոսում են թյուրքերեն, քանի որ սուլթանը կարծում է, որ իրեն հավատարմորեն ծառայում են կրոնափոխ քրիստոնյաները, ովքեր չունեն ոչ բարեկամներ, ոչ տուն, ոչ ծնողներ, ոչ ընկերներ»։ Օսմանյան բյուրոկրատիայի մեջ տարածված «Կառավարում կամ կանոններ կառավարիչների համար» գրքում նշված է, որ եթե սուլթանը ծառայության վերցնի այլ ազգությունների ներկայացուցիչներին, ապա «ապա բոլոր ազգերը կձգտեն գերազանցել միմյանց… Եթե բանակը բաղկացած է միայն մեկ ազգից, վտանգ կարող է առաջանալ։ Զինվորները չունեն նախանձախնդրություն և նրանք հակված են անկանոն վիճակի պահպանմանը»[9]։
Ուշ ժամանակաշրջանի Օսմանյան կայսրությունում, երբ թյուրքականությանը, այլ ոչ թե մուսուլման լինելուն, տրվեց պետական առաջնահերթություն, գործի դրվեցին բռնի մեթոդները (տարհանում, զանգվածային ջարդեր և այլն)։ Այդ բախտին են արժանացել նաև այն թյուրքերը, ովքեր բնակվում էին կայսրության սահմաններից դուրս։
Թյուրքացումը ոչ միայն ուղեկցվել (արտաքինի) ֆիզիկական բնույթի փոփոխություններով, ինչը մշակութային կապերի ազդեցություն է, այլ ոչ թե ամուսնական հարաբերությունների։ Տեղական լեզուների թյուրքացումը տեղի է ունեցել ժամանակի ընթացքում։ Սկզբում ասիմիլացված ազգերը խոսել են երկու լեզուներով էլ, այնուհետև ամբողջությամբ դարձել թյուրքալեզու։ Ոչ միշտ է թյուրքացման գործընթացը հաջողությամբ ավարտվել։ Հաճախ գործընթացի ավարտմանը խանգարել են արտաքին տարբեր գործոններ։ Այսպես, իրենց պատմության սկզբնական շրջանում հունգարական ցեղերը ինտենսիվորեն հարաբերվել են թյուրքերի հետ, սակայն X դարում հունգարացիների միգրացիան դեպի Եվրոպա, խզեց այդ հարաբերությունները։ Դոբրուդջայի բուլղարացման և ռումինացման արդյունքում ասիմիլյացիայի են ենթարկվել նաև այդտեղի թյուրքախոս բնակչությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.