From Wikipedia, the free encyclopedia
«Երկիր Նաիրի», հայ գրող Եղիշե Չարենցի վեպը։ Չարենցը վեպը գրել է 1921-1924 թվականներին։ Վեպը հանդիսանում է Հայաստանում տիրող պատմաքաղաքական իրավիճակի նկարագրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Չարենցը վեպում կենտրոնանում է Կարս քաղաքի վրա, պատմում այնտեղ ապրող նաիրցիների ազատատենչության և հետագա ծանր պարտության մասին[1]։
Երկիր Նաիրի Երկիր Նայիրի | |
---|---|
Հեղինակ | Եղիշե Չարենց |
Տեսակ | Քարոզչական գրականություն |
Ժանր | Վեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1924 |
Հրատարակման տարեթիվ | 1924 |
Վիքիդարան | Երկիր Նաիրի |
Վեպի առաջաբանում Չարենցն իր մտահոգությունն է հայտնում մի երևույթի մասին, որը նրա աչքերի առաջ է հայտնվում տարբեր կերպարանքներով և խուսափում գրողից։ Հետագայում Չարենցը նշում է, որ իրեն հանգիստ չի տալիս երկիր Նաիրին, որի գոյությունն անգամ հարցականի տակ է։
Վեպի առաջին հատվածը նվիրված է վեպում տեղ գտած քաղաքին (ամենայն հավանականությամբ՝ Կարսին), քաղաքի բնակիչներին և նրանց առօրյային։ Այստեղ Չարենցը ներկայացնում է պահպանողական և ազատական կարգերի բախումը միևնույն քաղաքի բնակիչների միջև՝ հիմնվելով այդ հատվածների բնակիչների կացարանների տեսքի, նրանց կատարած աշխատանքի, քաղաքի առավել հայտնի կառույցների և այլնի վրա։
Առաջին մասը սկսվում է քաղաքի արևմտյան ծայրամասում գտնվող վիթխարի Բերդի նկարագրությամբ, որտեղ բերդը նշվում է որպես քաղաքի միակ պահապան՝ պատերազմի դեպքում։ Այնուհետև Չարենցը նկարագրում է բերդից սկիզբ առնող կիսավեր պարիսպները, որոնց մի մասն անցնում է գետի վրայով և կոչվում է Վարդանի կամուրջ։ Որպես քաղաքի նաիրյան ինքնության արտացոլում է ներկայացվում նաև Առաքելոց վանքը։ Չարենցը մեջբերում է մի դեպք, ըստ որի՝ վանքից ոչ հեռու գտնվող տնակի բնակիչը և նրա ընկերը գինովցած վիճակում ձայներ են լսում տան նկուղից և Բերդը, Վարդանի կամուրջը, Առաքելոց վանքն ու այս տնակը կապող ստորգետնյա ճանապարհ են հայտնաբերում։
Քաղաքի պատմությունը ներկայացնող այս կառույցների հակակշիռ են հանդիսանում ավելի ժամանակակից կառույցները։ Դրանցից առաջինը Երկաթուղին է, որին քաղաքի բնակիչները ժամանակին դիմավորել են խանդավառությամբ, սակայն մինչև հիմա էլ նրանց մի մասը շոգեքարշը համարում է հրաշք։ Այնուհետև Չարենցը նկարագրում է քաղաքի միակ հինգհարկանի շինությունը՝ անվանելով այն քաղաքի աներկբա կենտրոն։ Այս կենտրոնում, բացի այլ հաստատություններից, գտնվում է նաև "Մութ տեղը", որտեղ հայտնվելն ամենասարսափելի երևույթն է բոլոր բնակիչների համար։ "Մութ տեղի" նկարագրությանը հետևում է խորհրդավոր տնակում տեղի ունեցած պայթյունի պատմությունը։ Հինգհարկանի շինության ներկայացմանը զուգահեռ Չարենցը հիշատակում է "Ընկերության" մասին՝ կազմակերպություն, որը պետք է քաղաքին հետ բերեր նրա նաիրյան երբեմնի փառքը։ Կարճ հիշատակում է լինում նաև քաղաքի այլ կառույցների՝ հիվանդանոցի, գիմնազիաների, ծխական դպրոցների և այլնի մասին։
Պահպանողական և ժամանակակից արժեհամակարգերի բախման նկարագրությունից հետո Չարենցն անդրադառնում է քաղաքի հայտնի կառույցների և նրանց տերերի ու տնօրենների նկարագրությանը։ Սկզբում խոսվում է քաղաքի հիվանդանոցի և նրա բժիշկ պ․ Սերգեյ Կասպարիչի մասին, ով կնոջ մահից հետո ընկնում է հոգեբանական ճգնաժամի մեջ և իր պարտականությունների մի մասը փոխանցում է ծառայից ֆելդշեր դարձած Բիթլիսցի Արշակին։ Բժիշկ Սերգեյ Կասպարիչի վաղեմի բարեկամն է պ․ Օսեփ Նարիմանովը, ով հանդիսանում է քաղաքի հաշտարար դատավորը և սիրված է բոլորի կողմից իր աշխատասիրության ու բարության համար։ Հաշտարար դատավորի ատյանին կից գտնվում են Ռեալական դպրոցը և Օրիորդաց գիմնազիան, որոնց սեփականատերը գեներալ Ալոշն է՝ քաղաքի ամենահարուստ մարդը։
Այնուհետև Չարենցը գրում է քաղաքի "անպաշտոն" կենտրոնների մասին, որոնք են եկեղեցական մոմավաճառքի խանութը, "Լույս" նավթարդյունաբերական ընկերության՝ Մազութ Համոյի կողմից ղեկավարվող տեղական գրասենյակը և այլն։ Նշվում է, որ Մազութ Համոն "Կոմիտեի" տեղական նախագահն է, գավառապետի ամենամոտիկ ընկերը և Մառանկոզ Նշանի հետ սեփական աշխատավայրը "նաիրյան գործերի կենտրոն" դարձնելու մրցավազքի սպասված հաղթողը։
Անցնելով քաղաքի առօրյա կենցաղին՝ Չարենցն սկսում է թվարկել Լորիս-Մելիքյան փողոցի վրա գտնվող խանութները, դրանց տերերին և վերջիններիս ամենօրյա միապաղաղ աշխատանքը։ Անդրադարձ է կատարվում քաղաքում գործող երկու բաղնիքներին, այդ կառույցների այցելության կարգին, ծխական դպրոցներից մեկի առօրյային և այնտեղ աշխատող ուսուցիչներին։ Վերջում Չարենցը նշում է այն հերթականությունը, որով ամեն երեկոյան փակվում են Լորիս-Մելիքյան փողոցի վրա գտնվող խանութները։
Վեպի երկրորդ մասի սկզբում Չարենցը նկարագրում է մարդկանց կենցաղը «խաղաղ ժամանակ»՝ փորձելով հնարավորինս ներկայացնել քաղաքն ու բնակիչներին։ Սակայն քաղաքի հետագա օրերի ու դեպքերի նկարագրությանն անցնելիս, ինչպես հեղինակն է ասում, իր սրտին «մորմոք է թանձրանում», նա նմանեցնում է իր այդ բեռը մի անգամ իրեն պատահած գավառացի վարժապետի գլխի վրա դրված դագաղին, որի ծանրության տակ նա չարչարվում էր։ Բայց ինչպես Չարենցն է ասում՝ «թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ որ նրանք սիրելի և հարազատ լինեն»։ Այնուհետև հեղինակը բացատրում է, որ իր վեպում չկա և չի լինելու ոչ մի հերոս, քանզի չկային հերոսներ այդ աննշան քաղաքի աննշան բնակիչների մեջ։ Եվ այդ պատճառով նա պատմում է քաղաքի դեպքերի և իրադարձությունների մասին։
Վեպում տեղ գտած պատմական մեծ իրադարձություն է հանդիսանում 1914 թվականի հուլիսի 28-ի առավոտյան սկսված Առաջին համաշխարհային պատերազմը։ Այդ օրը շնչասպառ Ակումբ են մտնում Ակումբի երևելի դեմքերը՝ Գեներալ Ալոշը և Մազութի Համոն, և հավաքվածներին հայտնում Գերմանական կայսրության և Ռուսաստանի միջև ծագած պատերազմի լուրը։ Մազութի Համոն, ով հայտնի էր իր ճարտար լեզվով և ամեն հասարակական երևույթի մասին առաջինն էր հայտարարում, կանգնում է ակումբի կանաչ սեղանին և ճառ ասում՝ նկարագրելով «գերմանական ստոր կայսր Վիլհելմին» որպես ոխերիմ թշնամի, և կոչ անում չխնայել, անձնական փոքրիկ զոհաբերությունները, և օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին։
Սկզբում քաղաքացիները պատերազմի մասին խոսում են ինչպես իրենց չվերաբերվող մի երևույթի մասին, սակայն շուտով նույնիսկ պ․ Մարուքեն է դրսևորում «քաղաքական հեռատեսություն» և հասկանում, որ Մազութի Համոյի արած հայտարարությունից հետո աշխարհն այլևս ուրիշ է լինելու։ Պատերազմը քաղաքի կյանքում բերում է որոշակի փոփոխություններ՝ աճում է կարագի գինը, խանութներում սկում են պակասել օգնող ձեռքերը, պատերին հրամաններ են փակցվում, որոնք մարդկանց էին հավաքագրում Հինգհարկանի շենքում։ Զինվորները, որոնց Չարենցը նկարագրում է «տրեխավոր մարդիկ» արտահայտությամբ, օրըստօրե լցվում են կարմիր, ապրանքատար գնացքը և մեկնում պատերազմ։ Կայարանում անհայտ հեռուներից գնացքներ են ժամանում, քաղաքը լցվում է զինվորներով, և նախկին ամայի տարածքը դառնում է շուկա, եռում է առևտուրը։ Կայարանում գործի են անցնում նույնիսկ Քոռ Արութը, ով թեյ էր վաճառում, ու Մեռելի Ենոքը, ով «լիկվիդացիայի էր ենթարկել դագաղագործութունը» և զբաղվում էր ձեռքի առևտրով՝ երշիկի վաճառքով։
Այս իրադարձություններին հետևում է Մազութի Համոյի՝ ամառային ակումբի դահլիճում կազմակերպած «Հասարակական ժողովը», որի ժամանակ քննարկվում է տիրող իրավիճակը։ Իր հերոսների ճառերի միջոցով Չարենցը փոխանցում է հայ ազգի ազատատենչ ոգու կանչը․ ընկ․ Վառոդյանն ասում է, որ մեծ օրեր են եկել նաիրյան ժողովրդի համար, իսկ Մազութի Համոն խոսում է հայրեինքի և լեզվի մասին՝ նշելով, որ մայրենի լեզուն է, որ պաշտպանում է նաիրցիներին ձուլման վտանգից։ Ճառի տեսական հատվածից հետո, որը գրեթե աննկատ էր մնացել հանդիսականների կողմից, Մազութի Համոն հայտնվում է, որ նաիրյան ազգի համար մարմնանալու հեռանկարներ են բացվել, քանզի կայսրի կողմից ստորագրված գրություն է տարածվել, որում ասվում է, որ նաիրցիներին թույլատրվում է կամավորական բանակներ կազմել՝ ունենալ սեփական զորքը հին հայրենիքի գրավված տարածքները պաշտպանելու համար։ Չարենցն այս գրությունը նկարագրում է որպես կայուն, իրական հող՝ Հայկական Հարցի համար, որով զբաղվում էր «Ընկերությունը», քանզի իրական խոստումներ կային տրված «ամենաբարձր ինստանցիաներից»։ Մազութի Համոն, ով «Ընկերության» տեղական կոմիտեի նախագահն էր, շեշտում է, որ պետք է առիթից օգտվել և կամավորագրվելով օգնության գնալ հայրենիքի ազատագրման նվիրական գործին։ Համընդհանուր ոգևորությունը խախտելով՝ Արամ Անտոնիչի՝ Մոսկվայից նոր ժամանած սանիկը՝ Կարո Դարայանը կասկածի տակ է դնում գրության իսկությունը, որի պատճառով էլ հեռացվում է դահլիճից՝ համապատասխան քվեարկության արդյունքում։
Եվս մեկ նշանակալից ճառ է նկարագրում Չարենցը, այս անգամ տեր Հուսիկ քահանայի — Խաչագողի միջոցով։ Այս հայրենաշունչ կոչի ընթացքում նա փառաբանում է նաիրցի արքաներին, որոնք իրենց կառավարման ընթացում կարողացել են համատեղել սուրը և խաչը, կրոնն ու ռազմական կորովը։ Միևնույն ժամանակ նա շեշտում է, որ նաիրյան ժողովրդին կործանողը եղել է ստոր, նենգ, եսական դավաճանությունը։ Ըստ տեր Հուսիկ քահանաի ժողովուրդը, սակայն, պետք է հիշի Մամիկոնյանի և Սահակ Պարթևի պայծառ անունները, քանի որ իրենց հայրենիքը կանչում է իր զավակներին դեպի նոր Ավարայր, նոր Վարդանանց պատերազմ։ Հետագայում նման բովանդակությամբ ճառերի կարելի է հանդիպել բազմիցս, հատկապես այն դրվագում, երբ ամբողջ քաղաքը գնում է կայարան՝ դիմավորելու փափախավորներին, ինչպես տեղացիներն էին անվանում զինվորականներին։ Ի պատասխան Մազութի Համոի կայարանում հնչեցրած սրտաշունչ և Երկիր Նաիրին ազատագրելու վստահությամբ լի մտքերին, զինվորականների խմբապետը, որին Չարենցը անդրադառնում է "Հայտնի Անուն" անվամբ, խիստ տոնով և շատ հակիրճ շեշտում է, որ նա Համազասպի (Մազութի Համոի) պես լի կլիներ վստահությամբ, եթե այդ ամբողջ ժողովրդի հարգանքի գոնե մեկ հարյուրերորդը նրանք արտահայտեին գործով։ Այնուհետև Հայտնի Խմբապետի օգնականի հրամանատարությամբ քաղաք է մտնում կամավորական խումբ, որը արժանանում է ոչ պակաս բուռն և ոգևորությամբ լի ընդունելության։ Երկրորդ մասը ավարտվում է այդ խմբի կամավորներին դեպի ճակատ ճանապարհելու դրվագով։ Չարենցը այդ ամբողջ տոնախմբության մեջ առանձնացնում է Մազութի Համոյի աչքերը, ասելով, որ նրանց մեջ "արցունք կար և, արցունքի միջից, սպասումի ժպիտ"։ Այդ աչքերը նայում էին դեպի գնացքը, որը գնում էր դեպի Մազութի Համոյի երազած միացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին։
Վեպի երրորդ մասը սկսվում է Մազութի Համոյի ապրումների նկարագրությամբ, երբ նա կայարանից վերադառնում է իր բնակարան։ Չարենցը փորձում է այդ ապրումների միջոցով նկարագրել քաղաքի գարշությունը, մարդկանց՝ միմյանց նկատմամբ անտարբերությունն ու ագահությունը։
Հետաքրքիր է հեղինակի կարծիքը քաղաքի մասին, երբ նա կասկածի է առնում վերջինիս գոյությունը, բայց կրկին շեշտելով հատուկ տեղանքների անուններ՝ հաստատում, որ խոսքը Կարսի մասին է։ Հեղինակի մեկ այլ նկարագրությանից ակնհայտ է դառնում, որ Կարսում բանաստեղծներին հասարակությունը և հատկապես տեղական կոմիտեի անդամները անբան են համարում։ Ինչպես նշում է հեղինակը.
«Քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր Վասիլը, եթե այս գրությունս կարդար։
Դեպքերը զարգանում են, և լուրեր են տարածվում պատերազմ սկսվելու հավանականության մասին։ Տեղական Կոմիտեն հավաքվում է Հաջիի սենյակում և առանց վերջինիս ներկայությամբ սկսում քննարկել Կոմիտեի դիրքորոշումը։ Ինչպես նշում է հեղինակը, քաղաքի և ժողովրդի մասնակցությունը տեղի ունեցող իրադարձություններին երևում է այն հանգամանքից, որ իրենք այդ նույն պահին արդեն սկսել էին արտահայտել իրենց դիրքորոշումը ռուսատառ և նաիրատառ հայտարարություններ փակցնելու միջոցով։ Այս հետաքրքիր իրավիճակը փաստում է այն մասին, որ Կոմիտեի և ժողովրդի միջև կապը այդքան էլ զարգացած չէր, և հիերարխիա կոչված քաղաքականության դրսևորումներ էին նկատվում։ Շարունակելով միտքը՝ հեղինակը գրում է.
Եվ, կարևորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ ստորագրությանց, կային և երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլև շատ ավելի պատկառելի մարդկանց։
Այս մտքից բացահայտ երևում է, որ մարդիկ բաժանված էին տարբեր խավերի` «նիսիա» ժողովրդի և պատկառելի մարդկանց։ Ապա հեղինակը հայտնում է Կարո Դարայանի կորած դիակի մասին և կապում նրա մահը պ․ Մարուքեի անհետանալու հետ` առանց որևէ փաստի։
Այնուհետև Չարենցը նկարագրում է օր․ Սաթոյի և պ․ Մարուքեյի տարբերությունները։ Դրանցից ամենաէականը, ինչպես պարզվում է, օր․ Սաթոյի՝ կին և պ․ Մարուքեյի՝ տղամարդ լինելն է։ Նման հիշատակումը խոսում է այն մասին, որ Չարենցը չի անտեսում ժամանակի հայկական հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերերի խիստ տարբերությունը և արական սեռի ներկայացուցիչների դոմինանտությունը առօրյայում։
Վեպի երրորդ մասն ավարտվում է, երբ Մազութի Համոն մեկնում է գրավված տարածքներ, և իր բացակայության ժամանակ քաղաքում քաոս է սկսվում։ Լուրեր են տարածվում, իբրև թշնամին մոտենում է, և նկարագրվում են տեսարաններ, երբ ղեկավարի բացակայության դեպքում ժողովրդի գոյատևությունը դառնում է կասկածելի։ Իրարանցման մեջ բացահայտվում են դավաճաններն ու վախկոտները, մարդկանց մեջ ապատեղեկատվություն տարածողները։ Այս իրականության մեջ թուրքերի համար հեշտանում է գրավել այդ նաիրյան տարածքները։ Մազութի Համոն և նրա հետ եղած մի քանի հավատարիմ մարդիկ գերի են ընկնում։ Մինչ Մազութի Համոն ողբում էր պարտության ամոթից, թշնամին նրան կախաղան է հանում եւ գլխավերեւում ցուցանակ փակցնում՝ «Մ. Հ. Ա. Ն.», որ նշանակում է՝ «Մազութի Համո Արքա Նաիրի»։
Վեպի այս հատվածում հեղինակը սկսում է խրատական խոսք ինքն իր իսկ նկատմամբ՝ ասելով, որ եթե իր գրածը տեսներ անգլիախոս Հաջին, ապա մեծ քննադատության կարժանացներ։ Վեպն անվանում է «այլակերպ», քանի որ այն չի համապասխանում մի շարք վիպական կանոններին։
Ահա և բոլորը։
միտքն է ավարտում վեպը։
Ցանկերում հերոսները դասավորված են անվան (բացակայության դեպքում՝ ազգանվան կամ կեղծանվան) առաջին տառի այբբենական կարգով։
Ամբողջ վեպում և մասնավորապես առաջին հատվածում Չարենցը քաղաքը ներկայացնում է որպես արևելյան և արևմտյան, պահպանողական և ազատական գաղափարների բախումների դաշտ։
Վեպի առաջին մասն անդրադառնում է քաղաքում գտնվող տարբեր կառույցների ճարտարապետական նկարագրությանը։ Նշվում է, որ բնակելի տների մեծ մասը միհարկանի են և ունեն ավանդական կտուրներ, այնինչ ավելի ուշ և ավելի հարուստ մարդկանց կողմից կառուցված տներն ու շինություններն ունեն մինչև 5 հարկ և թիթեղե կտուրներ։
Վեպում Չարենցը նշում է, որ վաղ առավոտից քաղաքն ընկղմվում է քաղաքի և հարակից գյուղացերի բնակիչների աշխատանքային եռուզեռի մեջ, սակայն երեկոյան կյանքը հանդարտվում է, և բնակիչների մի մասը տուն վերադառնալու փոխարեն այցելում է ժամանցի վայրեր։ Վերջիններից ամենահայտնին Տելեֆոն Սեթոյի սրճարանն է, որի հիմնական հաճախորդները հասարակ բնակիչներ են և այցելում են սրճարան նարդիով կամ այլ խաղերով զբաղվելու։ Հիմնական խաղերից էին դոմինոն և թղթախաղը, խաղում էին «պրեֆարանս», «մակաո», «բակարա»։ Հաճախ թղթախաղը տևում էր մինչև ուշ գիշեր՝ ժամը երեքը-չորսը։
Դրան հակառակ, վերին խավի ներկայացուցիչներն այցելում են Մազութի Համոյի գրասենյակ, որը, ինչպես նկարագրում է Չարենցը, "քաղաքական ակումբ է, կատարյալ ակումբ"։
Կիրակի օրերին քաղաքը հիմնականում վայելում էր ծույլ, խաղաղ հանգիստը՝ քաղաքացիների մեծ մասը ժամանակն անցկացնում էր այգում, կամ էլ առօրյա զրույցով էին զբաղում խանութների առաջ։ Քաղաքի վերին խավի ներկայացուցիչները, որոնցից էր, օրինակ՝ Մազութի Համոյի դուստր Սևաչյա Պրիմադոննան, շրջում էին ամենանշանավոր խանութներով, ինչպիսիք էին Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու խանութները։
Վեպում մի քանի անգամ հիշատակվում է «Բոժե, ցարյա խրանի» ("Боже, Царя храни!") կայսերական հիմնի կատարումը զինվորական երաժշտախմբի կողմից, ինչպես նաև «Մեր Հայրենիք»-ը։ Այդ ժամանակ բավականին հայտնի էր նաև «Ախ զաչեմ էթա նոչ» ("Ах, зачем эта ночь так была хороша") երգը։
Ըստ վեպի՝ քաղաքն ունի մեկ հիվանդանոց, որի հիմնական բժիշկը Սերգեյ Կասպարիչն է, իսկ նրա օգնականը՝ Բիթլիսցի Արշակը։ Եթե պ․ Կասպարիչն ավելի արևմտյան ոճի բժիշկ է, ով պարզապես բուժում է իրեն այցելած հիվանդներին, Բիթլիսցի Արշակն ավելի սիրված է հասարակ բնակիչների և հատկապես գյուղացիների կողմից, քանի որ նա հաճախ է այցելում այդ մարդկանց և բուժօգնություն ցույց տալիս, որի դիմաց որպես վարձավճար ստանում է ապրանքներ (գյուղմթերք, կենդանիներ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.