Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
երկրագիտական թանգարան Եղեգնաձոր քաղաքում From Wikipedia, the free encyclopedia
երկրագիտական թանգարան Եղեգնաձոր քաղաքում From Wikipedia, the free encyclopedia
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, պաշտոնապես՝ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ, հիմնադրվել է 1968 թվականին։ Այն մարզկենտրոն Եղեգնաձորում առկա միակ թանգարանն է։ Թանգարանը հանդիսանում է ինչպես Եղեգնաձորի, այնպես էլ Վայոց ձորի մարզի կարևորագույն մշակութային ու գիտակրթական օջախներից մեկը, ինչպես նաև զբոսաշրջային ժամանցի վայր։ Թանգարանն իր գործունեությամբ նպաստում է ազգային մշակույթի և պատմական ժառանգության հանրայնացմանն ու տարածմանը։ Պարբերաբար անցկացվում են մշակույթին և պատմությանն առնչվող գիտական հետազոտություններ և բազմաթիվ մշակութային միջոցառումներ, կրթական ծրագրեր։ 2016-2021 թվականներին թանգարանն «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում համագործակցել է Սմիթսոնյան ինստիտուտի հետ։ Ընդգրկված է Եղեգնաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Թանգարանը հիմնադրվել է որպես գավառագիտական թանգարան։ 1981 թվականին թանգարանը տեղափոխվել է նոր մասնաշենք (ճարտարապետ՝ Թամարա Կաժոյան), որտեղ և գործում է մինչ օրս։ Մինչև 2017 թվականը թանգարանում կազմակերպվում էր ժամանակավոր ցուցադրություն։ 2017 թվականից ի վեր թանգարանում առկա է մշտական ցուցադրություն։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է մոտ 16000 ցուցանմուշ։ Ցուցանմուշները գտնվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության, անձնական ֆոնդերի, քանդակի, բնություն և այլ բաժիններում ու ենթաբաժիններում։ Թանգարանի տարեկան այցելուների թիվը կազմում է 3000 և ավել։ Թանգարանի հավաքածուն շարունակում է համալրվել ինչպես պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներով, այնպես էլ առանձին անհատների կատարած նվիրաբերումներով ու վաճառքով։
Թանգարանում ամփոփված են Վայոց ձոր մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, մի շարք եզակի նմուշներ։ Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Թանգարանային արժեք ներկայացնող ազգագրական հավաքածուի մեջ ընդգրկված են XVII-XX դարերի պատմության, կենցաղի, սովորությունների, հավատալիքների վերաբերյալ հարուստ նյութեր։ Մարզի արդի ժամանակաշրջանի պատմությունն ամփոփված է բազմաբնույթ փաստաթղթային-արխիվային արժեքավոր հավաքածուներում։ Թանգարանում պահպանվում են նախապատմական ժամանակաշրջանին վերաբերող բնության, կենդանական աշխարհի եզակի ցուցանմուշներ / քարացած բրածո ծովաստղեր, խխունջներ, շնաձկան ատամ, ոստրեներ և այլն/: Բազմաթիվ են հնագիտության բաժնին վերաբերող նյութերը, որոնք գտնվել են և պեղումների արդյունքում, և պատահականորեն։ Բացառիկ ուշադրության են արժանի քարեդարյան աշխատանքային օբսիդիանե գործիքները /միջուկներ, մանգաղի ներդիրներ, նետասլաքներ/, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին վերաբերող սև և կարմիր գունազարդ խեցեղենը՝ գտնված Մոզից և Ելփինից, ուրարտական բրոնզե ծիսական գոտիները, զարդերը, Արենիից գտնված արջակերպ ծիսանոթը, հունարեն արձանագրությամբ զոհասեղանը, պտղաբերությունը խորհրդանշող տառապանները և կանացի կուռքերը։ Թանգարանը հարուստ է նաև միջնադարյան ցուցանմուշներով։ Հատուկ ուշադրության է արժանի ճարտարապետ Մոմիկի 1300-1312 թվականների կերտած խաչքարը, 12-13-րդ դարերի Եղեգիս գյուղաքաղաքից գտնված ջնարակապատ խեցեղենի հավաքածուն, Ցախաց քարի պեղումներից հայտնաբերված ձեռաց խաչերը, Թանահատից /Գլաձորի համալսարան/ գտնված բուրվառն ու կանթեղը և այլն։ Հարուստ է նաև ազգագրության բաժինը. գորգ, կարպետ, արծաթե գոտիներ և զարդակոճակներ, աշխատանքային գործիքներ, կենցաղային իրեր / ճրագ, մանգաղ, արդուկ, ճախարակ, կարաս / և այլն։ Դրամագիտության բաժնում կան թղթադրամներ, պղնձե և արծաթե մետաղադրամներ, որոնք վերաբերում են մ.թ.ա. 1-ին հազարամյակին, կաուրիներ, կնիք մատանիներ, մեդալներ ու շքանշաններ։ Թանգարանը հարուստ է Վայոց ձորի մտավորականների անձնական ֆոնդերով։ Թանգարանում պահպանվում են նաև 1-ին Համաշխարհային, քաղաքացիական, 2-րդ համաշխարհային և Արցախյան պատերազմների վերաբերյալ փաստաթղթեր և լուսանկարներ։
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվում է Վայոց ձորի նյութական մշակույթի ամենամեծ հավաքածուն։
Թանգարանի մշտական ցուցադրության սրահներից է հնագիտութան սրահը։ Այստեղ ամփոփված են Վայոց ձորի երեք հնագիտական կենտրոններից՝ Մոզից, Ելփինից, Ճոչ Տարից և այլ հնավայրերից գտնված նյութեր։ 1973 թ.-ից սկսված և մինչ օրս շարունակվող հնագիտական պեղումների արդյունքում, ինչպես նաև պատահականորեն գտնված արժեքավոր ցուցանմուշները պատկերացում են տալիս Վայոց ձորի պատմական անցյալի և մշակույթի մասին՝ քարեդարյան ժամանաշրջանից մինչև միջնադար։
Թանգարանի եզակի ցուցանմուշներից է Ելփինից հայտնաբերված գունազարդ խեցեղենը։ Այս անոթների վրա արված նկարազարդումները, առասպելական թռչունների ու կենդանիների պատկերները հնարավորություն են տալիս մեզ պատկերացում կազմել միջինբրոնզեդարյան ժամանակաշրջանի որոշ հավատալիքների մասին։
Արջակերպ այս ծիսանոթը գտնվել է Վայոց ձորի Արենի գյուղից պատահականորեն՝ շինարական աշխատանքների ժամանակ։ Այսպիսի կենդանակերպ ծիսանոթները աղերսներ ունեն մեր նախնիների հավատալիքների, այս կամ այն կենդանու պաշտամունքի հետ։ Արջակերպ ծիսանոթը սնամեջ է, վզի և քթի վրա կան անցքեր, այն օգտագործվել է ծիսական արարողությունների ժամանակ։ Արջի հետ միասին գտնվել են նաև մի քանի կավե անոթներ։
Բաղկացած է 6 ամբողջական կտորից՝ զարդարված բուսական նախշերով, իսկ կենտրոնում՝ հավերժության սիմվոլն է։ Պայմանականորեն անվանում են "ազնվական սպասք"՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ճոխ սպասքից կարող էին օգտվել միայն իշխանները, ազնվականները, ունևոր խավը։
Թանգարանի մշտական ցուցադրության սրահներից է ազգագրության սրահը։ Այստեղ ներկայացված իրերը պատմում են ավանդական շրջանում վայոցձորցու կենցաղի և կենսակերպի մասին։ Վայոց ձորում մարդիկ զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ձկնորսությամբ և այլն։ Ներկայացված են բրդի վերամշակման գործիքներ՝ ճախարակ, սանդերք, իլիկ և արդեն պատրաստի գուլպաներ։ Առանձին անկյուն է հատկացված հացաթխման մշակույթին, ցուցադրված են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են մարանդին, մարանդու տախտակը, կամը, հոսելին և այլն։ Ցուցադրված են նաև կաթի վերամշակման համար օգտագործվող խնոցիներ և կաթնաման։ Վայոցձորյան ազգագրության մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում գորգերն ու կարպետները, որոնք զարդարված են կենաց ծառի մոտիվներով, վիշապանախշերով և թռչունների զուգավորման տեսարաններով։ Թանգարանի ֆոնդում պահպանվող գորգերից ցուցադրությունում ներկայացված են մի քանի տեսակի գորգեր՝ արծվագորգ, վիշապագորգ, օձագորգ և այլն։
Հայկական ավանդական կենցաղում իրենց ուրույն տեղն են ունեցել գոտիները։ Ցուցադրությունում ներկայացված արծաթյա գոտիները հանդիսանում են հայկական արծաթագործական արվեստի եզակի նմուշներ։ Սրահում տեղ են գտել նաև վայոցձորյան ծիսապաշտամունքային մշակույթին պատկանող առարկաներ՝ դաղդղաններ, խաչբուռ և այլն։ Սրահում առանձնանում է գինեգործությանը նվիրված անկյունը։ Այստեղ ներկայացված են Վայոց ձորում արտադրված գինու տեսակները, ինչպես նաև երեք տարբեր ժամանակաշրջանների պատկանող գինու կուժեր՝ անտիկ շրջանից մինչև 20-րդ դար։ Այցելուները ծանոթանում են հայոց գինեգործական մշակույթին, ինչպես նաև մարզում գործող գինեգործարանների գործունեությանը և արտադրանքին։
Արծվագորգի կենտրոնական մասը իրենից ներկայացնում է երեք խոշոր աստղանախշեր, կենտրոնում՝ խաչաձև, թևերի վրա և անկյուններում՝ ծաղկանախշեր։ Անկյուններում գործված են ծաղկանախշ մեդալիոններ և S-աձև զարդանախշեր։ Երեք խոշոր աստղանախշերը իրարից բաժանվում են երկու սլաքաձև նեղ զարդագոտիով։ Ընդհանուր ֆոնը կարմիր է։ Խաչանախշերից մեկը կանաչ է, մյուսները՝ մուգ և բաց կապույտ գույնի, ծաղիկներն արված են սպիտակ ֆոնի վրա։ Օգտագործված են նաև ծիրանագույն և մուգ դարչնագույն թելեր։ Նեղ շրջագոտիներից մեկը մեխականախշ է մյուսը՝ երկու տեսակ կեռանախշերով զարդարված։ Շրջագոտու վրա հակառակ երեսից հայելային արտացոլմամբ կարելի է կարդալ 191 / 6 / և նազ։
Խաչքարը քանդակված է երեք հարթությամբ, ուղղանկյունաձև, կենտրոնում օվալաձև խորշի մեջ նրբահյուս զարդաքանդակներով խաչ կա, նրանից ներքև՝ տիեզերքը կամ հավերժությունը խորհրդանշող գմբեթաձև զարդանախշեր են։ Խաչի երկու կողմերում վեցական շեղանկյունիների մեջ պատկերված են առաքյալների դիմապատկերները՝ մինչև գոտկատեղը, միևնույն հագուստով, բոլորի ձեռքին գիրք։ Ձախ կողմի՝ առաջին և երկրորդ առաքյալների գրքերի վրա կարդացվում է՝ Պետրոս, Անդրեաս։ Ինչպես Քրիստոսի, այնպես էլ բոլոր առաքյալների դեմքերը ջարդված են, համեմատաբար լավ է պահպանվել Պողոս առաքյալի դիմապատկերը։ Խաչքարի վերևի մասում հնգաթև կամարակապ խորշն է՝ «Քրիստոսը փառքի մեջ» պատկերաքանդակով։ Գահի վրա նստած Քրիստոսը աջ ձեռքով օրհնում է, իսկ ձախ ձեռքին՝ գիրք՝ երեսին ուռուցիկ տառերով գրված. «Ես եմ լույսն աշխարհի»։ Քրիստոսի երկու կողմերում պատկերված են ավետարանիչների խոհրդանշանները. մարդը՝ Մատթեոսի, արծիվը՝ Հովհաննեսի, առյուծը՝ Մարկոսի և ցուլը՝ Ղուկասի պատկերներով։ Խաչքարի քիվին բուսական զարդաքանդակների հետ միահյուսված կա մեկ տող արձանագրություն՝ «Օգնեա Քրիստոս Աստված պայծառագեղ իշխանացն Բուրթելին և Բուղտային»։ Խաչքարի ստորին հատվածում քառակուսի փոս է, միջին անցք, որի երկու կողմերում՝ Թամթա խաթունի պատվիրած հինգ տող արձանագրությունը, թարգմանաբար. «Այս նշան է մարդկության փրկության համար խաչված տեր Աստծո որդի Քրիստոսի՝ հույսով կանգնեցված քրիստոսասեր իշխանուհի Թամթա խաթունի կողմից ի հիշատակ մեծափառ իշխան Էլիկումի և իր որդիների՝ Բուրթելի և Բուղտայի երկարակեցության համար»։
Թանգարանում կազմակերպվում են միջոցառումներ, ժամանակավոր ցուցադրություններ, անցկացվում են թեմատիկ ցերեկույթներ, գիտաժողովներ[2], էքսկուրսիաներ դեպի մարզի պատմամշակութային հուշարձաններ[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.