Remove ads
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտոսի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1825 թվականին։ Առաջնորդանիստը՝ Կահիրեի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Ընդգրկում է Եգիպտոսի համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը։
Դեռևս 5–րդ դարի հայերը Եգիպտոսում ունեցել են եկեղեցի և ընդգրկված եղել եկեղեցական համայնքի մեջ։ Այդ է վկայում Կահիրեի հայկական եկեղեցում պահպանված խաչքարը (981)։ Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը 1074–1075 թվականներին այցելել է Եգիպտոս և եգիպտահայերի առաջնորդ («պատվիրակ») կարգել Գրիգորիս իշխանին։ 1085 թվականին եգիպտահայ գաղութն այնքան է մեծացել, որ բաժանվել է երկու ծխի, ընտրվել է ևս մեկ առաջնորդ։
11–12–րդ դարերում Եգիպտոսում եղել են երեսունից ավելի գործող հայկական եկեղեցիներ և մատուռներ։ Կահիրեում 11–րդ դարի վերջին կառուցվել է Սուրբ Գևորգ, իսկ 12–րդ դարի կեսին Զուեյլայում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Սոհակում՝ իր որմնանկարներով հայտնի Սպիտակ վանքը։ Դուրա քաղաքում գործել են Սուրբ Գևորգ, Սուրբ Հովհաննես, Սուրբ Գրիգոր եկեղեցիները, Շինարում՝ 7 հայկական եկեղեցի, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր եպիսկոպոսը։ Եկեղեցիներ են եղել նաև Ալեքսանդրիայում, Իֆտիխում, Գալուսանիայում, Ասյութում։ 1311 թվականից մինչև 1839 թվականը եգիպտահայ համայնքը գտնվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության ենթակայության ներքո։ Ամրապնդվել են կապերը եգիպտահայ համայնքի և Սսի (Կիլիկիայի) հայոց կաթողիկոսության միջև։
16–րդ դարում Կահիրեում կառուցվել են Սուրբ Մինաս, Սուրբ Մարտիրոս եկեղեցիները։ Հետագա դարերում եգիպտահայ համայնքը, չնայած քաղաքական իրադրության փոփոխություններին, իշխանությունների կողմից հալածանքների չի ենթարկվել։ Պատմիչ Սիմեոն Լեհացու վկայությամբ, 1615 թվականին Կահիրեում գործել են Սուրբ Սարգիս եկեղեցին և Սուրբ Մինաս մատուռը, եղել են հայ վանականների մի քանի մենաստաններ, որտեղ գրվել և արտագրվել են մի շարք ձեռագրեր։
1825 թվականին կազմավորված եգիպտահայոց թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Կիրակոս Երուսաղեմցի Մնացականյանը (1825–1832)։ Թեմի առաջնորդն ավագների խորհրդից ընտրված երեք անձանց հետ ներկայացրել է համայնքի գերագույն իշխանությունը։ Թեմի առաջնորդին նշանակել է (մինչև 1839 թվականը) Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, հաստատել՝ թուրքական սուլթանը։
1839 ին Եգիպտոսի թեմի առաջնորդ Գաբրիել եպիսկոպոս Մարաշցին հռչակել է թեմի անկախությունը Երուսաղեմի հայոց պատրիարքությունից և ձեռնամուխ եղել շինարարական աշխատանքների։ Նույն թվականին Կահիրեում կառուցվել է Սուրբ Աստվածածին, 1843 թվականին՝ Սուրբ Մինաս եկեղեցին և Կույս Մարիամ մատուռը։ 1867 թվականին Եգիպտոսի թեմն անցել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, 19–րդ դարի վերջից՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայությանը։
Ըստ հայ համայնքի վավերացված կանոնադրության, եգիպտահայերը ութ տարին մեկ ընտրում են 24 հոգուց բաղկացած թեմական ժողով, որը գաղութի բարձրագույն օրենսդիր մարմինն է։ Թեմական ժողովի անդամներից (կոչվում են երեսփոխաններ) ընտրվում է 7 հոգուց կազմված գործադիր մարմին (2 տարով), որն ի կատար է ածում թեմական ժողովի որոշումները և հաշվետու է նրան։ Ժողովը նախագահում է թեմի առաջնորդը։ Կահիրեում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կառուցվել է 1924–1828 թվականներին), Ամենայն Սրբոց (1953) և Սուրբ Մինաս (1843) եկեղեցիները։ Մինչև 1960–ական թվականները Կահիրեում կանգուն էր նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սուրբ Մինաս եկեղեցու գերեզմանատանն են թաղված մեծանուն հայեր Երվանդ Օտյանը, Սիրանույշը, Վահան Թեքեյանը։
Ալեքսանդրիայում գործում են Սուրբ ՊողոսՊետրոս եկեղեցին (կառուցվել է 1884 թվականին) և Ս. Գևորգ մատուռը (1927)։ 1828 թվականին Կահիրեում հիմնադրվել է Եգիպտոսի առաջին հայկական դպրոցը՝ Եղիազարյան դպրատունը (հիմնադիր բարերարի անունով), որը 1854 թվականից կոչվել է Խորենյան (Մովսես Խորենացու անունով) ազգային վարժարան, 1897 թվականից՝ Գալուստյան ազգային վարժարան։ Գոյատևում է բարերար Կարապետ Գալուստի կուտակած միջոցներով, ուսումն անվճար է, ունի մանկապարտեզ, տարրական և բարձրագույն նախակրթարանի բաժիններ։ Վարժարանը գտնվում է թեմի առաջնորդի և հոգաբարձուների հսկողության տակ։ Թեմի առաջնորդարանը հովանավորում է նաև 1924 թվականին Կահիրեում բացված Նուբարյան ազգային վարժարանը (կոչվել է ի պատիվ ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի)։ Վարժարանին կից գործում է գրադարան, մատենադարան, թանգարան։ 1840 թվականին Ալեքսանդրիայում բացվել է Պողոսյան ազգային վարժարանը, սկզբնական շրջանում կոչվել է Արամյան, 1867 թվականին՝ Պողոս–Բեյյան (պետական գործիչ Պողոս Յուսուֆյանի անունով), 1899 թվականին վերանվանվել է Պողոսյան վարժարան։ 1888 թվականից վարժարանը տեղափոխվել է առաջնորդարանի շենք։
Եգիպտոսի թեմի առաջնորդն է Տ.. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը (1977 թվականից)։ Եգիպտոսի թեմի մեջ են Եթովպիայի հոգևոր հովվությունը, Սուդանի հոգևոր հովվությունը և Հարավային Աֆրիկայի ծուխը։ Սուդանում կենտրոնը՝ Խարթումի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (կառուցվել է 1957 թվականին)։ Հոգևոր հովիվն էր Սարգիս քահանա Թաշճյանը։
Ներկայումս Սուդանում հայեր գրեթե չեն բնակվում, ուստի հովվությունը փաստորեն դադարել է գործել։ Հարավային Աֆրիկայի ծուխի կենտրոնը՝ Յոհաննեսբուրգն է։ Հայեր բնակվում են Յոհաննեսբուրգում, Պրետորիայում, Քեյփթաունում։ Մշտապես գործող հայկական եկեղեցի չունենալու պատճառով փոքրաթիվ համայնքը հովվում է այցելու հովիվը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.