Դիոնիսիոս Արիոպագոսցի (կամ Արիոպագացի, հունարեն՝ Διονύσιος ὁ Ἀρεοπαγίτης, 1-ին դար, Աթենք, Achaea, Հին Հռոմ - 1-ին դար, Աթենք, Achaea, Հին Հռոմ), «Գործք Առաքելոցի» (Գործք 17. 16-34) համաձայն՝ Աթենքի դատարանի (Արեոպագոս) դատավոր, որը Պողոս առաքյալի քաղաք այցելության ժամանակ, նրա քարոզն ունկնդրելուց հետո, դարձել է քրիստոնյա։ Ըստ Եվսեբիոս Կեսարացու կողմից վկայված աղբյուրի՝ հետագայում դարձել է Աթենքի երկրորդ եպիսկոպոսը։ 5-6 դդ. ի հայտ են եկել խորհրդապաշտական (միստիկ) բնույթի մի քանի քրիստոնյա աստվածաբանական աշխատություններ (չորս տրակտատ՝ «Յաղագս երկնային քահանայապետութեան»,«Յաղագս երկրային քահանայապետութեան», «Յաղագս աստուածային անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան», և տասը նամակ[1]), որոնց հեղինակությունը այդ ժամանակ վերագրվել է Դիոնիսիոս Արիոպագոսցուն։ Ներկայումս դրանց հեղինակին ընդունված է անվանել Դիոնիսիոս Կեղծ (Պսևդո)–Արիոպագոսցի։
Այդ երկերը ընդհանուր անունով կոչվում են «արեոպագիտիկաներ» («Կորպուս Արեոպագիտիկում»)։ Այդ գրվածքները կրում են նաև նորպլատոնական մտածողության ակներև ազդեցությունը։ Արեոպագիտիկաները երկակի ընդունելություն են գտել Հույն եկեղեցում։ Կ. Պոլսի 553-ի ժողովը մերժել է այդ գրվածքները՝ իբրև ապողինարիստական մեղանչումներ։ Սակայն VII դ. բյուզանդացի աստվածաբան Մաքսիմոս Խոստովանողն իր մեկնություններում բացահայտել է այդ երկերի ուղղափառ իմաստը, իսկ VIII դ. աստվածաբան Հովհան Դամասկացին արեոպագիտիկաները (հատկապես՝ աստվածայինը պատկերների միջոցով ընկալելու ուսմունքը) օգտագործել է պատկերամարտության դեմ մղած պայքարում։ Մաքսիմոս Խոստովանողի և Հովհան Դամասկացու շնորհիվ երկերը տարածվել և անվիճելի հեղինակություն են ձեռք բերել Արևելյան և Արևմտյան եկեղեցիների աստվածաբանական ավանդության մեջ։
Ազդեցությունը Հայոց եկեղեցու վրա
Դիոնիսիոս Արիոպագացուն վերագրված գործերի հայերեն առաջին թարգմանությունը կատարվել է VIII դ.` Ստեփանոս Սյունեցու և Դավիթ Հյուպատոսի ջանքերով։ Արեոպագիտիկաները նախ թարգմանվել են ասորերեն, ապա` հայերեն և հետո միայն լատիներեն, ընդ որում հայերեն թարգմանությունը զուգակցվում է Մաքսիմոս Խոստովանողի մեկնությունների թարգմանությամբ։ Երկերի երկրորդ հայ թարգմանիչը Ստեփանոս Լեհացին է, որը դրանք լատիներենից է թարգմանել։ Դիոնիսիոս Արիոպագացու երկերը մեծ ազդեցություն են թողել միջնադարի աստվածաբանական մտածողության վրա։ Այդ ազդեցությունից անմասն չի մնացել նաև հայ աստվածաբանական, դավանաբանական, փիլիսոփայական միտքը։ Արեոպագիտիկաների հետ ակնհայտ ընդհանրություններ կան Դավիթ Անհաղթի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու, Վանական Վարդապետի երկերում։
Դիոնիսիոս Արիոպագացու գործերից բազմաթիվ հատվածներ տեղ են գտել հայ դավանաբանական աշխատություններում և ժողովածուներում։ Միջնադարի վանական դպրոցներում և վարդապետարաններում կիրառվել են Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու, Եսայի Նչեցու, Վահրամ Րաբունու և այլոց գրած Դիոնիսիոս Արիոպագացու երկերի լուծմունքները և մեկնությունները։
Հայ եկեղեցին Դիոնիսիոս Արիոպագացու հիշատակը նշում է տարին երկու անգամ. Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող հինգշաբթի օրը՝ Պողոս առաքյալի աշակերտներ Տիմոթեոսի ու Տիտոսի հիշատակի հետ, և հոկտ. վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» տոնին։
Գրականություն
- Աստուածաբանականք. Յիշատակարան գրոց, հրտ. Կարապետ եպիսկոպոս, «Արարատ», 1913, էջ 600–604։
- Աթենացիների Դիոնիսիոս Արեոպագացի եպիսկոպոսի [թուղթը] եփեսացիների Տիմոթէոս եպիսկոպոսին Խորհրդական աստուածաբանութեան մասին, աշխարհաբարի վերածեց Վ. Ղազարյան, «Գանձասար», 2, 1992։
- The Armenian version of the works attributed to Dionysius the Areopagite, ed. by R.W. Thomson, Lovanii, 1987.
- Կնիք հաւատոյ..., Էջմիածին, 1914։
- Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան և Արմատհաւատոյ, աշխատասիր. Շահե քհն. Հայրապետյանի, Ե., 1998։
- Ավգերյան Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց..., հ. 7, Վնտ., 1813։
- Գրիգորյան Մ., Ստեփանոս Սյունեցի, Բեյրութ, 1958։
- Հատիտյան Ա., Սուրբ Ռեթեոս Աթենացի, սուրբ Դիոնիսիոս Արիսպագացի և սուրբ Սեղբեստրոս հայրապետ Հռոմի, «Էջմիածին», 1979, դ 5։
- Ղազարյան Վ., Արեոպագիտիկաները և նրանց նշանակությունը եկեղեցական վարդապետության մեջ, «Գանձասար», 2, 1992։
- Գալուստյ ան Շ., Համաքրիստոնեական սուրբեր, Ե., 1997։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.