Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գույն, մարմնի՝ տեսողական որոշակի զգացողություն առաջացնող հատկություն, որ պայմանավորված է առաքվող կամ անդրադարձվող ճառագայթների սպեկտրային կազմությամբ։ Սպեկտրային տարբեր բաղադրության ճառագայթումների՝ միևնույն տեսողական ընկալումն առաջացնելու հատկությունը պայմանավորված է աչքի յուրահատուկ կառուցվածքով։ Աչքն օժտված է լույսի երեք տեսակի ընդունիչներով, որոնցից յուրաքանչյուրն արձագանքում է ալիքի երկարության որոշ տիրույթի։ Ընդունիչներից մեկը զգայուն է տեսանելի տիրույթի միջին մասի նկատմամբ (դեղնականաչավուն ճառագայթում), մյուս երկուսը՝ այդ տիրույթի տարբեր եզրամասերի նկատմամբ, ընդ որում զգայնության տիրույթներն իրար ծածկում են, այսինքն՝ ընդունիչներից յուրաքանչյուրն առավել զգայուն լինելով նշված երեք տիրույթներից մեկի նկատմամբ, զգայուն է նաև մյուս տիրույթների նկատմամբ, բայց ավելի քիչ։ Գունային ընկալումն այդ երեք տեսակի ընդունիչների համաժամանակյա գործողության արդյունքն է։ Գույնը նկարագրող հատկություններն են՝ լուսեղությունը, գունային տոնը, գույնի հագեցածությունը։ Ամենապարզ գույնը սպիտակն է թվում։ Սպիտակ գույնի լուսեղությունը նվազեցնելով, կարելի է ստանալ այս կամ այն չափով մութ, երանգազուրկ բոլոր գորշ գույները։ Երանգավոր գույները երանգազուրկներից տարբերվում են այս կամ այն գունային տոնով, որքան հստակ է արտահայտված գունային տոնը, այնքան գույնը հագեցած է համարվում։ Օրինակ, ճամփեզրի փոշոտ կանաչ խոտի գույնը ավելի քիչ է հագեցած, քան գետափի մաքուր և, մանավանդ, փոքր-ինչ խոնավինը։ Գույնի մասին ստացվող տպավորությունը կազմվում է շրջապատի հետ համեմատելու միջոցով։ Մարմնի գույնը բացատրվում է ընտրողական կլանումով (կլանման գործակցի կախումն ալիքի երկարությունից)։ Ընտրողական կլանման շնորհիվ մարմնից անդրադարձած լույսը չի ունենում նրա վրա ընկած լույսի սպեկտրային բաղադրությունը, ուստի, օրինակ, սպիտակ լույսով լուսավորված մարմինների գույնը ունենում է այս կամ այն գունային տոնը։ Մարմնին ցանկացած գույնը տալու համար այն ծածկում են ընտրողական կլանմամբ օժտված ներկանյութերի շերտով։ Գույնի առաջացման պատճառ կարող է լինել նաև ընտրողական ցրումը (ցրման կախումն ալիքի երկարությունից), որով բացատրվում է, օրինակ, երկնքի կապույտ գույնը։ Մետաղների գունավորման համար էական է ընտրողական անդրադարձումը՝ անդրադարձման գործակցի կախումն ալիքի երկարությունից, իսկ մետաղների բնորոշ փայլը պայմանավորված է ցրման ուղղությամբ։
№ | Գույն | Կարգ | Նրբերանգ, 0-239 | Երանգ, 0-360 (HSV) | Տասնվեցային կոդ |
---|---|---|---|---|---|
1 | Կարմիր | I | 0 | 0/360 | FF0000 |
2 | Նարնջագույն | III | 20 | 30 | FF8000 |
3 | Դեղին | II | 40 | 60 | FFFF00 |
4 | Դեղնականաչ | III | 60 | 90 | 80FF00 |
5 | Կանաչ | I | 80 | 120 | 00FF00 |
6 | Զմրուխտ | III | 100 | 150 | 00FF80 |
7 | Կապտականաչ | II | 120 | 180 | 00FFFF |
8 | Երկնագույն | III | 140 | 210 | 0080FF |
9 | Կապույտ | I | 160 | 240 | 0000FF |
10 | Մանուշակագույն | III | 180 | 270 | 8000FF |
11 | Բաց վարդագույն | II | 200 | 300 | FF00FF |
12 | Վարդագույն | III | 220 | 330 | FF0080 |
Գույնը արվեստում, պատկերման միջոցներից մեկը կերպարվեստում։ Գեղանկարչության ու գրաֆիկայի մեջ Գույնի օգնությամբ վերարտադրվում է պատկերվող օբյեկտի նյութեղենությունն ու ձեր, տարածական հարաբերությունը, լուսավորությունը, օդային միջավայրը ևն։
Գույնը օժանդակում է արձանների ու հարթաքանդակների արտահայտչականությանն ու նրանց ընկալմանը։ Գույնը հաճախ կատարում է զարդարանքի Էական դեր, հատկապես՝ դեկորատիվ֊կիրառական արվեստում։ ճարտարապետության բնագավառում Գույնով գործնական, տեխնիկական և գեղարվեստական խնդիրներ են լուծվում։ Գույնը գեղանկարչական երկի գաղափարական բովանդակության բացահայտման, հուզական արտահայտչականության հասնելու կարևոր միջոց է (տես Կոչորիտ)։ Կերպարվեստում տարբեր Գույներերը ստացվում են ներկերի կամ զանազան գունավոր նյութերի (օրինակ՝ խճանկարում) օգնությամբ, միագույն քանդակագործության մեջ՝ նյութի Գույնով, ճարտարապետության ասպարեզում՝ ներկերով և նյութերի Գույներով։ Գույնի մեկնաբանման բնույթը (Գույների ինտենսիվությունն ու քանակը, նրանց հակադրամիասնությունը ևն) պայմանավորված է պատկերվող օբյեկտի գունային հատկանիշներով և արվեստագետի գեղարվեստական կոնկրետ մտահղացումով, նրա ստեղծագործական մեթոդով և այլ գործոններով։ Գույնի զարգացումը կերպարվեստում եղել է աստիճանական՝ 2—3 լոկալ Գույների (հին քարի դար) կիրառումը հետզհետե հասցվել է բնության Գույների ու նրանց երանգների ողջ բազմազանության օգտագործման։ Տես նաև Գունաթափանցում։
Գույներին վերաբերող նշանակություններն ու ասոցիացիաները կարող են մեծ դեր խաղալ արվեստի ստեղծագործություններում, այդ թվում ` գրականության մեջ։[1][2][3]
Առանձին գույները առաջացնում են բազմաթիվ մշակութային ասոցիացիաներ, ինչպիսիք են ազգային գույները (ընդհանուր առմամբ նկարագրված են առանձին գույների և գունային սիմվոլների վերաբերյալ հոդվածներում)։ Գույնի հոգեբանության ոլորտը փորձում է որոշել գույնի ազդեցությունը մարդու հույզերի և գործունեության վրա։[4][5] Քրոմոթերապիան՝ դա այլընտրանքային բժշկության ձև է, որը վերագրվում է տարբեր արևելյան ավանդույթներին։[6][7][8] Գույները տարբեր երկրներում և մշակույթներում առաջացնում են տարբեր ասոցիացիաներ։
Չինական մշակույթում սև գույնը խորհրդանշում է ջուրը։ Հնագույն չինացիները սև գույնը համարում էին գլխավոր։[9] Այսօր չինական մշակույթում այն ասոցացվում է չարության և թախծության հետ։
Ապացուցված է, որ տարբեր գույները ազդում են ճանաչողական կարողությունների վրա։ Օրինակ՝ Ավստրիայի Լինցի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ կարմիր գույնը զգալիորեն նվազեցնում է ճանաչողական կարողություններն արական սեռի ներկայացուցիչների մոտ։ Կարմիրի և դեղինի համադրությունը կարող է առաջացնել սովի զգացողություն, ինչը շահագործում են մի շարք ցանցային ռեստորանների տերերը۔
Գույնը նաև դեր է խաղում հիշողության զարգացման մեջ։ Սև ու սպիտակ լուսանկարը մի փոքր պակաս հիշվող է, քան գունավոր լուսանկարը։ Հետազոտություններն ապացուցում են նաև, որ վառ գույներ կրելը ձեզ դարձնում է ավելի հիշվող այն մարդկանց համար, որոնց հետ հանդիպում եք։[10][11]
Գույները տարբերվում են մի քանի եղանակներով, այդ թվում՝ գունատոնով (կարմիրի, նարնջագույնի, դեղինի, կանաչի, կապույտի, մանուշակագույնի և այլն), հագեցվածությամբ, պայծառությամբ։ Որոշ գույների բառերը գալիս են այդ գույնի առարկայի անունից, ինչպես, օրինակ, «նարնջագույն» կամ «սաղմոն», իսկ մյուսները աբստրակտ են, օրինակ՝ «կարմիր»։
1969թ-ի «Հիմնական գույների անվանումներ. նրանց համընդհանուրությունն ու էվոլյուցիան» ուսումնասիրությունում Բրենտ Բեռլինն ու Փոլ Քեյը նկարագրում են «հիմնական» գույների անվանման օրինաչափությունը (օրինակ՝ «կարմիր», բայց ոչ «կարմրավուն-նարնջագույն», «մուգ կարմիր» կամ «արյունային կարմիր», որոնք «գունատոներ» են կարմիրի)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.