From Wikipedia, the free encyclopedia
Գոլորշացում, հեղուկ կամ պինդ վիճակից ջրի անցումը գազային վիճակի՝ գոլորշու։ Բնական պայմաններում գոլորշացումը ցամաքի և ջրի մակերևույթից մթնոլորտին խոնավություն հաղորդելու միակ ձևն է և կազմում է ջրի շրջապտույտի հիմնական բաղադրիչը։ Պինդ մարմինների գոլորշացումը կոչվում է սուբլիմում։
Գոլորշացման սաստկության վրա ազդում են օդի ջերմաստիճանը, գոլորշունակ մակերևույթը, օդում ջրային գոլորշու պարունակությունը, քամու ուժգնությունը և այլն։ Հայաստանում տարեկան տեղումների 620 մմ-ից մոտ 410 մմ գոլորշանում է, 210 մմ մակերևութային հոսքն է։ Սևանա լճի մակերևույթից տարեկան գոլորշանում է միջին հաշվով 1000 մմ ջուր, իսկ լճամերձ հողատարածքից՝ մոտ 350 մմ։ Արարատյան դաշտում ջրից գոլորշացումը 1200-1400 մմ է, իսկ հողից՝ 400 մմ։ Ըստ բարձրության՝ գոլորշացման մեծությունը նվազում է, 3000 մ բարձրներում՝ մոտ 200 մմ գոլորշացման առավելագույն արժեքները դիտվում են ամռանը։
Մոլեկուլների ջերմային շարժման հետևանքով գոլորշացում տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում․ գոլորշացման արագությունը մեծանում է ջերմաստիճանի, այսինքն՝ մոլեկուլների ջերմային շարժման ինտենսիվության աճին զուգընթաց։ Մեկուսացված տարածության մեջ (փակ անոթում) տվյալ ջերմաստիճանում գոլորշացումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ հեղուկից (կամ պինդ մարմնից) ազատ ծավալը չի լցվել հագեցած գոլորշիով։ Հագեցած գոլորշու ճնշումը կախված է միայն ջերմաստիճանից և վերջինիս բարձրացման զուգընթաց մեծանում է։
Հագեցած գոլորշու ճնշման և ջերմաստիճանի կապը պատկերող կորը կոչվում է գոլորշացման հավասարակշռության կոր։ Եթե հեղուկի միկրոխոռոչներում պարունակվող հագեցած գոլորշու ճնշումը հավասարվում կամ գերազանցում է գազային փուլի ճնշումը, ապա գոլորշացումը անցնում է եռման։ Եռման առավելագույն ջերմաստիճանը տվյալ նյութի կրիտիկական ջերմաստիճանն Է։ Կրիտիկական ջերմաստիճանով և ճնշումով է որոշվում կրիտիկական կետը՝ գոլորշացման հավասարակշռության կորի վերջնական կետը։ Այդ կետից վեր երկու փուլերի՝ հեղուկի և գոլորշու հավասարակշռությունը անհնար է։ Գոլորշացման ժամանակ հեղուկից պոկվող մոլեկուլը պետք է հաղթահարի մյուս մոլեկուլների ձգողության ուժը։ Այդ ուժի, ինչպես նաև արտաքին ճնշման դեմ կատարած աշխատանքի (մոլեկուլների ջերմային շարժման կինետիկ էներգիայի հաշվին) հետևանքով հեղուկը սառչում է։ Ուստի, նյութը հաստատուն ջերմաստիճանում գոլորշացնելու համար նրա զանգվածի յուրաքանչյուր միավորին պետք է հաղորդել ջերմության որոշակի քանակություն, որը կոչվում է գոլորշիացման ջերմություն։ Տեղակի գոլորշացման գազային միջավայրում, օրինակ՝ օդում, ավելի դանդաղ է ընթանում, քան վակուումում, քանի որ գազի մոլեկուլների հետ բախման ևետևանքով գոլորշու մոլեկուլների մի մասը վերադառնում է հեղուկ (կոնդենսացում)։ գոլորշացումը ընկած է շոգեէներգետիկայի, սառնարանային և այլ սարքավորումների աշխատանքի և նյութերի չորացման բոլոր պրոցեսների հիմքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 149)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.