գաթայի երեսը նախշելու գործիք From Wikipedia, the free encyclopedia
Գաթանախշիչ կամ գաթանախշիկ, գաթայի երեսը նախշելու գործիք։ Օգտագործվել է հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը։ Պատրաստվել է փայտից, թրծկավից կամ քարից։ Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները, այդ թվում` գաթայի պատրաստման ընթացքում կարևոր գործառույթ ունեցող գաթանախշիչն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։
Փայտարվեստի թանգարանի ֆոնդում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հին գաթանախշիչները։ Թանգարանի հին մշակույթի բաժնում ցուցադրված գաթանախշիչներից մեկն ունի խաչաձև նախշ, պատրաստվել է 18-րդ դարում և բերված է Վանից։ Նախշը ճարտարապետական սկզբունքներով է արված և արժեքավոր է նրանով, որ երկերես փորագրություն ունի։ Գաթանախշիչն ունի երկու պատճեն, որ կրկնօրինակել են թանգարանի վարպետներից Վանիկ Դադոյանը և Դ. Ցլիկյանը։ Պատճեններն արվել են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փայտն արագ է վնասվում եղանակային պայմաններից և բնական աղետներից։ Մեկ այլ գաթանախշիչ նվիրատվություն է Իսպենչյան գերդաստանի ժառանգորդուհուց։ Եղեռնից մազապուրծ եղած ընտանիքի անդամները, Կեսարիայից գաղթելով, հաստատվել են Կանադայում` իրենց հետ որպես մասունք տանելով նաև ընտանիքի գաթանախշիչը։ Տարիներ անց ընտանիքի ժառանգորդուհին, վերադառնալով Հայաստան, այցելել է Փայտարվեստի թանգարան և գերդաստանի գաթանախշիչը նվիրաբերել թանգարանին։
Թանգարանում իր ուրույն տեղն ունի նաև հին մշակույթի բաժնում ցուցադրված 19-րդ դարի կավե գաթանախշիչը։ Գաթանախշիչի կենտրոնում վեցաթերթ վարդյակ է, որը երիզված է խորը ակոսային նախշով։ Այն ունի գլանաձև բռնակ։
Ժամանակակից գաթանախշիչները ևս մշակութային մեծ արժեք են ներկայացնում և կարևոր տեղ զբաղեցնում հայկական կիրառական արվեստում։ Հայաստանի փայտարվեստի թանգարանը նպաստում է նրանց հանրահռչակմանը` ներկայացնելով տարբեր հայկական զարդանախշերով։ Դրանք ստեղծվել են բացառապես հայկական ավանդական նախշերով և ձևերով[2]։
Գաթանախշիչների հարուստ հավաքածու է պահվում Հայաստանի փայտարվեստի թանգարանում։ Գաթանախշիչները պատրաստվել են փայտի տարբեր տեսակներից, ինչպես նաև թրծկավից և քարից։ Ըստ ձևի նույնպես` նրանք բազմազան են. հանդիպում են սկավառակաձև, գրտնակաձև, սանրաձև և զուգահեռանիստ գաթանախշիչներ։ Գաթան տոնածիսական ուտեստ է, որի կլոր ձևն առնչվում է արևի պաշտամունքի հետ[1], ուստի պատահական չէ, որ թանգարանի գաթանախշիչների հավաքածուում ամենամեծ թիվը կազմում են սկավառակաձև գաթանախշիչները։
Գաթանախշիչների զարդաձևերը հիմնականում երկրաչափական ու բուսական են և կրկնում են հին օրինակները։ Ուշագրավ են թանգարանի սանրաձև գաթանախշիչները, հատկապես նրանք, որոնք ունեն երկհարթային փորագրություն և քանդակային են։ 19-20-րդ դարերում գաթանախշիչների վրա փորագրվում էին զիգզագաձև, շեղանկյունաձև, եռանկյունաձև, քառանկյունաձև նախշեր։ Նույնատիպ նախշերով էին զարդարվում նաև նույն ժամանակաշրջանի կիրառական արվեստի նմուշները՝ դաղդղաններ, սկուտեղներ, գուլպայի կաղապարներ, գդալնոցներ, աղամաններ, գրակալներ և այլ առարկաներ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.